Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Գրիգորյան, ակնհայտ է, որ դուք այս գործով անկողմնակալ դատավոր չեք» Անդրիաս Ղուկասյանի գործով դատավորին

Նոյեմբեր 21,2017 15:06

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ Անդրիաս Ղուկասյանի դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Ըստ մեղադրանքի, նա փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած «Սասնա ծռերին»:

Դատարանում պետք է հարցաքննվեին վկաները, սակայն մինչ հարցաքննությունը Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտարարություն արեց դատավոր Վարդան Գրիգորյանի մասին: Նա ասաց, որ Անդրիաս Ղուկասյանի պաշտպանության իրավունքները խախտվել են: Նա հայտարարության մեջ հիշեցրեց, որ դատավորին հորդորել են ինքնաբացարկ հայտնել ժամանակին, ներկայացրել իրենց դժգոհությունները:

Ըստ Մեժլումյանի, մեղադրանքի հետ համատեղ դատավորի գործողությունները հաշվեհարդարի տպավորություն են թողնում, ոչ թե արդար դատաքննության. «Դատավորի եւ մեղադրողի դերերի խառնում է եղել…Պարոն Գրիգորյան ջան, սույն գործով դուք դատավոր եք, Արտակ Մկրտչյանի հարցաքննությունը առաջինը սկսեցիք դուք, այն էլ հուշող հարցեր տվեցիք, ասացիք ոնց պատասխանի: Պարոն Գրիգորյան, ակնհայտ է, որ դուք այս գործով անկողմնակալ դատավոր չեք, չեք կարողանում անկողմնակալ դիտորդի համար տեսանելի արդարադատություն իրականացնել, պարբերաբար հուշում եք վկաներին, արգելում եք հրապարակել վկաների դատաքննական ցուցմունքներին հակասող նախաքննական ցուցմունքները, մեր նկատմամբ թույլ եք տալիս էթիկայի կանոնների խախտումներ: Հորդորում ենք ձեզ ինքնաբացարկ հայտնել»:

Մեղադրող դատախազն ասաց, որ յուրովի մեկնաբանություններ են ներկայացվում եւ սուբյեկտիվ:

Իսկ դատավոր Վարդան Գրիգորյանն արձագանքեց. «Դատավորը դատական նիստը կոորդինացնող անձն է եւ ցանկացած պահին ցանկացած միջամտություն կարող է անել, եթե դուք տեղյակ չեք, պարոն Մեժլումյան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930