Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի 3 հիմնական նպատակները Կովկասյան ուղղությամբ. «Վզգլյադ»

Նոյեմբեր 21,2017 21:45

Ռուսաստանի արտաքին քաղաքականության կենտրոնական թեմաներից մեկն այս շաբաթ դարձավ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը: Նոյեմբերի 14-ին Մոսկվա այցելեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Բառացիորեն հաջորդ օրը բանակցություններ տեղի ունեցան Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև, ռուսական «Վզգլյադ» թերթում գրում է «Ռազմավարական հաղորդակցություններ» բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ Եվսեյ Վասիլևը:

Իսկ նոյեմբերի 16-ին պաշտոնական այցով Մոսկվա ժամանեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Բացի այդ, այս շաբաթ նախատեսվում է Ռուսաստանի արտգործնախարարի այցը Բաքու և Երևան (հոդվածը հրապարակվել է նոյեմբերի 20-ին-խմբ.), իսկ դեկտեմբերի սկզբին Վիեննայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Հանդիպումների աշխարհագրությունը վկայում է այն մասին, որ բանակցությունների գլխավոր թեման կլինի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը:

Ռուսաստանի համար Անդրկովկասը միշտ էլ եղել է ռազմավարական շահերի գոտի, այդ թվում որպես աշխարհաքաղաքական միջանցք Մերձավոր Արևելքում, որտեղ Մոսկվան շարունակում է ամրապնդել իր դիրքերը և զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի առանցքային երկրների հետ, գրում է վերլուծաբանը: Այդ մասին, մասնավորապես, վկայում է Ռուսաստանի նախագահի՝ վերջերս կատարած այցը Թեհրան և բանակցություններն Ադրբեջանի և Իրանի առաջնորդների հետ: Սակայն կովկասյան և մերձավորարևելյան ուղղություններում Ռուսաստանի արտաքին քաղաքական ռազմավարության ձևավորման հարցում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդիրը շրջանցել գործնականում հնարավոր չէ:

Դրա ապացույցը կարել է համարել 2016թ. ապրիլի 2-5-ը հակամարտության հանկարծակի բռնկումը, որի զոհ դարձան 100-ավոր մարդիկ երկու կողմերից: Առավել մեծ ծավալի ողբերգությունից հնարավոր եղավ խուսափել Մոսկվայում բանակցությունների համար հարթակի օպերատիվ կազմակերպման շնորհիվ: «Քառօրյա պատերազմը», թվում էր, անսպասելի էր բոլորի համար, բացի հակամարտության մասնակիցներից, որոնք հիանալի կերպով հասկանում են, որ չնայած միջազգային միջնորդների խաղաղապահական ջանքերին, շփման գծում ամեն վայրկյան կարող են վերսկսվել ակտիվ ռազմական գործողությունները:

Լարվածության սրումը հարցականի տակ դրեց տարածաշրջանի երկրների հետ համագործակցության հետագա զարգացումը, քանի որ Մոսկվայի ցանկացած շփում կողմերից մեկի կամ մյուսի հետ գնահատվում էր որպես աջակցություն հակառակորդին:

Այս ընթացքում, մեծ հաշվով, շատ բան չի փոխվել: Երևանը նախկինի պես ցավագին է արձագանքում ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությանը: Այսպես, բաց տվյալների համաձայն, միայն 2010թ-ից Մոսկվայի և Բաքվի միջև հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրեր են ստորագրվել Մի-35Մ ուղղաթիռների, Տ-90Ս տանկերի, ԲՄՊ-3 զրահամեքենաների, ինչպես նաև հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, այդ թվում ԲՄ-24 «Գրադ»-ի, ծանր հրանետային համակարգերի, մեծ թվով վերանորոգման և ինժեներական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ: Գաղտնիք չէ, որ ռուսական ռազմական նշանակության տեխնիկան ակտիվորեն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում:

Նույն՝ ռուսական արտադրության սպառազինությունն ու ռազմական տեխնիկան՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, զենիթահրթիռային համալիրներ, նռնականետեր և զրահատեխնիկա, միայն առավել փոքր ծավալով, կիրառում է նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Տարբերությունն այն է, որ էներգառեսուրսներով հարուստ Ադրբեջանը, որի ռազմական բյուջեն շուրջ 2 մլրդ դոլար է, Ռուսաստանից զենք է գնում ուղղակիորեն, իսկ մատակարարումները Հայաստանը, որը պաշտպանության վրա ծախսում է 4-5 անգամ ավելի քիչ, իրականացվում է վարկով կամ ՀԱՊԿ գծով:

Ռուսաստանը, հանդես գալով որպես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման երաշխավոր, երկակի դիրքորոշում է զբաղեցնում՝ փորձելով պահպանել ուժերի հավասարակշռությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության շրջանակում: Ընդ որում, Մոսկվան հաշվի է առնում, որ Բաքվի հետ ռազմական պայմանագրերից հրաժարվելու դեպքում ռուսական արտահանմանն արագորեն փոխարինելու կգա ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և ԱՄՆ մերձավորարևելյան դաշնակից Իսրայելը, ինչն արդեն հակասում է Ռուսաստանի պետական շահերին:

Լեռնային Ղարաբաղի խնդրի համատեղ փոխզիջումային լուծման մշակման հեռանկարների բացակայության պայմաններում ռուսական դիվանագիտության ջանքերն ուղղված են ստատուս քվոյի պահպանմանը, որն այսօր ավելի դժվար է, քան կարող է թվալ: Ավելին, չափազանցված չի լինի ասել, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանի աջակցությունը վայելող ԼՂՀ-ն չեն դադարել պատրաստվել պատերազմին, որը կարող է ավելի մեծ թվով զոհերի հանգեցնել:

Իրավիճակի մեղմացմանը որևէ կերպ չեն նպաստում Ադրբեջանի ղեկավարության բազմակի հայտարարություններն այն մասին, որ իր կարծիքով օկուպացված տարածքները կվերադարձնի ուժով, շարունակում է վերլուծաբանը: Իլհամ Ալիևի կարծիքով՝ «ո՛չ ադրբեջանցի ժողովուրդը, ո՛չ ադրբեջանական պետությունը չեն համաձայնի որևէ այլ տարբերակի հետ»:

Ադրբեջանի իշխանությունների ռազմական հռետորաբանությունը մասամբ կարելի է բացատրել նրանով, որ ԼՂ հիմնահարցը 90-ականներին ադրբեջանցիների համար դարձավ ազգային մասշտաբի ողբերգություն՝ զգալիորեն ազդելով ադրբեջանական նոր ինքնության ձևավորման վրա: Հետևաբար, այդ հարցով ցանկացած փոխզիջում ադրբեջանցի քաղաքական գործիչների կողմից լուրջ հետևանքներ կունենա հանրապետությունում նրանց հեղինակության վրա:

Իր հերթին Հայաստանը, որը ֆորմալ առումով հակամարտության մասնակից չէ, լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում նույնպես չի մնա կողքից նայողի դերում, ԼՂՀ-ին օգնության կհասնեն հազարավոր հայ կամավորներ, այդ թվում և այլ երկրներից:

Բացի այդ, Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միությունում եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակից, վերջին շրջանում մի շարք քայլեր է ձեռնարկել Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ մերձենալու ուղղությամբ՝ դա բացատրելով նրանով, որ փորձում է ապահովել «տարածաշրջանային անվտանգություն»: Այդպիսով, Երևանն ազդանշան է տալիս Մոսկվային, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը, որը ներառում է ռազմատեխնիկական համագործակցության զարգացում, դիտում է որպես սպառնալիք սեփական անվտանգությանը:

Հաշվի առնելով Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայությունը և ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի առաջ Ռուսաստանի միութենական պարտավորությունները, ինչպես նաև սերտ կապերը Բաքվի և Անկարայի միջև, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի ռազմական հակամարտությունն ունի բոլոր շանսերը՝ դառնալու նոր միջազգային սպառնալիք և հանգեցնելու աղետալի հետևանքների ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար:

Դրա հետ մեկտեղ, չնայած երկու կողմերից էլ հնչող բարձրագոչ հայտարարություններին, հակամարտող կողմերը հիանալի կերպով հասկանում են, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չի կարող ունենալ: Այդ թեժ կետի հանկարծակի «ապասառեցումը» կդիտվի որպես ագրեսիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այդպիսով, ղարաբաղյան հակամարտության սրումը կդառնա ոչ միայն տարածաշրջանի զարգացմանը խոչընդոտող գործոն, այլև կհանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայմանը, որը կդատապարտի իր սահմանների հարաբերական հարևանությամբ ագրեսիայի ցանկացած դրսևորում:

2016թ. ապրիլի փորձը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեսանելի առաջընթացի բացակայությունը ցույց են տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի  ձևաչափը ակնհայտորեն չի արդարացրել ակնկալիքները և չի կարող այլևս դիտարկվել որպես բանակցությունների համար արդյունավետ միջազգային հարթակ, կարծում է Վասիլևը: Այդ առումով Ռուսաստանի կողմից վերջին շրջանում ձեռնարկվող դիվանագիտական ջանքերը կովկասյան ուղղությամբ ունեն 3 հիմնական նպատակ:

Առաջինը, տարածաշրջանի ռազմականացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակասությունների նկատելի աճի ֆոնին թույլ չտալ այնտեղ ռազմական գործողությունների վերսկսում:

Երկրորդ, վերանայել միջազգային դիտորդների դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում և այլ ֆորմատներով՝ հետագայում բանակցային գործընթացի կենտրոնը Մոսկվա տեղափոխելու հեռանկարով:

Եվ, վերջապես երրորդ, փորձել շոշափել ընդհանուր մոտեցումներ նոր ճանապարհային քարտեզի համար, որը, եթե անգամ չի լուծի այդ բարդ և ձգձգված հակամարտությունը, գոնե կկանխի նոր արյունահեղությունը առաջիկա տարիներին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930