Լրահոս
Օրվա լրահոսը

Այս բույսի պատրաստուկները ձեզ պետք կգան տարբեր խնդիրների ժամանակ

Նոյեմբեր 22,2017 12:30

Էլեուտերոկոկը, կամ ինչպես ժողովրդական անվանումով է հայտնի՝ ազատասերմիկը, օժտված է տոնուսավորող, խթանող, հարմարողական հատկություններով: Խթանում է կենտրոնական նյարդային համակարգը, բարձրացնում օրգանիզմի շարժողական ակտիվությունը, լավացնում սեռական գեղձերի գործունեությունը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը միջավայրի անբարենպաստ ազդեցությունների նկատմամբ, լավացնում քնի որակը, վերացնում հոգնածությունը: Այն կիրառվում է որպես հակասթրեսային միջոց, ցածր ճնշման, ինչպես նաեւ վիրուսային վարակների կանխարգելման համար:

Մասնագետները նշում են, որ էլեուտերոկոկի հանուկի 20-30 կաթիլի ընդունումը ուտելուց 30 րոպե առաջ նշանակալիորեն մեծացնում է ֆիզիկական եւ մտավոր աշխատունակությունը, ավելացնում ֆիզիկական ուժը, նպաստում քաշի ավելացմանը, արյան մեջ հեմոգլոբինի բարձրացմանը, տեսողության եւ լսողության սրությանը: Պատրաստուկները խորհուրդ են տրվում նեւրոզների, նեւրասթենիայի, աթերոսկլերոզի, ախորժակի բացակայության, ծանր վիրահատություններից հետո, սեռական անտարբերության, անպտղության, ախտաբանական կլիմաքսի ժամանակ:

Դեղատոմսեր եւ պատրաստուկներ

Մրսածություն, հարբուխ

1 թեյի գդալ մանրացված կոճղարմատին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թրմել փակ տարայի մեջ 10 րոպե: Ընդունել թեյի ձեւով:

Մտավոր եւ ֆիզիկական աշխատունակության բարձրացում

200 գրամ չոր մանրացված արմատներին ավելացնել 1 լիտր 40 տոկոսանոց օղի, թրմել չոր, սառը, մութ տեղում 14 օր՝ պարբերաբար խառնելով: Ընդունել 20-30 կաթիլից օրը 2-3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Արտաքին կիրառում՝ մազաթափության ժամանակ

10 գրամ մանրացված արմատներին ավելացնել 1 լիտր եռացրած ջուր, մարմանդ կրակի վրա հասցնել եռման, ավելացնել 10 գրամ գայլուկի պտղաբույլեր՝ կոներ, թրմել մինչեւ լրիվ սառելը, քամել: Ողողել լվացած մազերը, որից հետո թողնել չորանա:

Հակացուցումներ

Հղիություն, մինչեւ 18 տարեկան, արյան բարձր ճնշում, ճարպակալում, մաստոպատիա, տենդային վիճակներ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

21.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930