Լրահոս
Օրվա լրահոսը

Անբուժելի հիվանդությամբ տառապող կալանավորը դիմել է «Առավոտին»

Նոյեմբեր 22,2017 15:00

«Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Արմեն Մուրադյանին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վեց տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել՝ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ իր ծանոթին՝ Աիդա անունով տուժողին դանակով հարվածելու, նրան թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու համար:

Ամբաստանյալի համար դատախազը միջնորդել էր ութ տարվա ազատազրկում:
Ամբաստանյալը ցուցմունք էր տվել, որ դանակով հարվածել է տուժողին նրա համար, որ նա հայհոյել է իրեն, իսկ նոպայի ժամանակ էլ «տուժողն ինքն է խնդրել, որպեսզի ձեռքը սկոչով կապի»: Սա այն բացառիկ դեպքերից է, որտեղ ավազակային հարձակման վերաբերյալ որեւէ տեղեկություն չի ստացվել, դեպքին ականատես վկաներ եւ անձինք չեն հայտնաբերվել, այն դեպքում, երբ հանձնարարականներ են տրվել ոստիկանության Մալաթիայի եւ Վաղարշապատի բաժիններին, ստացվել պատասխաններ:

Ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ՝ նոյեմբերի 3-ի հրապարակման մեջ, ՌԴ-ից վերադառնալուց հետո Արմենն այցելել է Աիդային, իր հետ տարել մի շիշ օղի, խմել է այն, ապա հեռացել, խոստանալով իր մոտ եղած հարյուր դոլար գումարը մանրել, բերել, որպեսզի «նախկինում վերցրած քսան հազար դրամի պարտքը» տա: Ըստ մեղադրական եզրակացության. «Տուժողի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու նպատակով նախապես իր հետ վերցնելով կպչուն ժապավեն ու դանակ, սրճելու պատրվակով ընկերոջ հետ ուղեւորվում են տուժողի բնակարան:

Աիդան հյուրընկալում է երկուսին, նրանք նստում են հյուրասենյակում, որտեղ Արմենը խմում է իր վերցրած օղին: Արմենը հարցնում է Աիդային ոսկի եւ գումար ունենալու մասին, ինչը ժխտում է Աիդան: Ստանալով ժխտողական պատասխան՝ իր հագին եղած վերնաշապիկի ծոցագրպանից հանում է կպչուն ժապավենը, հեգնանքով դիմելով տուժողին ասում է՝ այն նվեր է բերել նրան: Նա սպառնում է Աիդային, թե կմորթի, կսպանի, եթե ոսկի ու գումար չբերի: Դանակն ուղղում է տուժողի վրա, նրան տանելով ննջասենյակ, ասում է՝ «Աիդա ջան, կներես, դու պիտի մեռնես, որ չես օգնում ինձ»: Կպչուն ժապավենով Արմենը կապում է Աիդայի ձեռքերն ու ոտքերը, իր ձեռքում պահած դանակով հարվածում տուժողին, ազդրերին, նրան պատճառելով ձախ ազդրի, աջ ծնկահոդի, աջ ազդրի քերծվածքների ձեւով առողջությանը թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայմամբ: Արմենի հետ տուժողի բնակարան գնացածը լսելով նրա օգնության կանչերը, գնացել է ննջասենյակ, ազատել ձեռքերն ու ոտքերը»: Տուժողը ցույց է տալիս զգեստապահարանը, որից քսանհինգ հազար դրամ է գտել, երկու հազար դրամի մետաղադրամներ, ինչից հետո ամբաստանյալը տաքսի կանչելով՝ Աիդային տարել է Արմավիրի մարզում գտնվող իր մոր տունը: Ամբաստանյալի մայրը՝ Քնարիկը, Աիդայի պատմելուց տեղեկանում է կատարվածի մասին: Տուժողը հանցագործությունից տասն օր հետո դիմում է իրավապահներին:

«Մեղադրանքը սուտ է»,-գրել է «Առավոտին» ուղղված նամակում «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող կալանավորը:

«Ինչի մեջ ինձ մեղադրում են, շինծու է: Նախ ասեմ, որ տուժողը հայերեն գրել -կարդալ չգիտի: Քննիչը գրել է, թե իբր ես ավազակային հարձակում եմ կատարել Աիդայի նկատմամբ «խաբեությամբ», ինչի տակ ստորագրել է Աիդան:

Քննիչը չի բացատրել, թե ինչի տակ է ստորագրում տուժողը, ինչի մասին նամակով տուժողը գրել է ինձ: Նամակը գտնվում է ինձ մոտ: Քանի որ Աիդան տառապում է հոգեկան հիվանդությամբ, նա դատարան չէր ներկայանում, երկու անգամ էլ գրել է դատավորին այն մասին, որ ավազակային հարձակում չի կատարվել իր նկատմամբ, միայն վիճաբանության ժամանակ Արմենը, այսինքն՝ ես, դանակով խփել եմ իրեն»,-գրել է կալանավորը:
Ըստ կալանավորի. «Տուժողի նամակի մասին ես հայտնել եմ վերաքննիչ դատարանում: Սակայն վերաքննիչն առանց իմ մասնակցության ասաց՝ տղա, դու հանգիստ նստի, մենք թարգմանչուհի չունենք, գործն առանց վերանայելու դատավճիռն անփոփոխ թողեցին, դատելով ինձ: Շեշտում եմ՝ դատավճիռը կարդացին՝ առանց ինձ դատարան տանելու»,-գրել է Արմեն Մուրադյանը:

Ըստ կալանավորի, մեղադրական եզրակացության մեջ կան բաներ, որը ճիշտ չէ. «Ես ուզում էի տեսնել դատախազին, հարցնել՝ ինչի համար եք սուտ մեղադրանք ներկայացրել, շատ հարցեր մինչ օրս մնացել են անպատասխան»:

Ամբաստանյալը գրում է, որ ինքը տուժողի հետ ապրել է չորս տարի, իր մոտ է գտնվել նրա տան բանալիները, իմացել է նաեւ, որ Աիդան ոչինչ էլ չի ունեցել, եւ որ օգնել է հոգեկան խնդիրներ ունեցող կնոջը, որպեսզի նա «գոյատեւի»:
Ամբաստանյալի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Է. Բեգլարյանն իր վերաքննիչ բողոքում խնդրել էր դատարանից. «Քանի որ տուժողին հնարավոր չի եղել հարցաքննել, միջնորդում եմ գործը քննել վերաքննության կանոններով եւ տուժողին հարցաքննել»:

«Ինչպես կարող է ամիսը 90 հատ ռենալյում ստացող տուժողը ճանաչվի մեղսունակ»,-հարցնում է կալանավորը: Ըստ կալանավորի, ինքը սկոչ եւ դանակ նախապես իր հետ չի վերցրել, դրանք եղել են Աիդայի տանը, երբեւիցե չի վարձակալել տուժողի բնակարանը, պարտք չի եղել, ինչպես շարադրված է մեղադրական եզրակացության մեջ, եւ ինչը «հաստատվել է» դատավճռով, քանի որ նշված ժամանակ ինքը գտնվել է Բաշկիրիայում:
Ամբաստանյալի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Է.Բեգլարյանը անդրադարձել է իր պաշտպանյալի՝ նշած տուժողից ստացված նամակին եւ դատարան ուղարկված դիմումին. «Դատաքննության ընթացքում դատարանում մուտք է եղել տուժող Աիդայի դիմումը, որով վերջինս հերքում է իր նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքները՝ հայտնելով, թե իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել, եւ չնայած դատարանը բավարարել է միջնորդությունս՝ տուժողին դատարան կանչել ու հարցաքննելու, սակայն տուժողը չի ներկայացել դատարան, չնայած որ նրա նկատմամբ անգամ երկու անգամ առկա էին բերման ենթարկելու մասին որոշումները: Ճիշտ է, դատարանում հրապարակված տուժողի դիմումը ապացույցների թվին չի դասվում, բայցեւայնպես, գտնում եմ, որ դատարանի ներքին համոզմունքի ձեւավորման վրա պետք է էական ազդեցություն ունենար:

Սակայն առաջին ատյանի դատարանը գտել էր, որ արժանահավատ չէ եւ ամբաստանյալին օգնելու նպատակ է հետապնդում»:
Ի դեպ, այս գործի նյութերում առկա են միայն տուժողի ցուցմունքները: Այս կապակցությամբ արժե հիշատակել ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկը, որին հղում էր կատարել պաշտպանական կողմը: Տիգրան Մարտիրոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հինգ տարի առաջ կայացրած որոշմամբ գտել էր. «Տուժողը քրեական դատավարությանը մասնակցում է որպես մեղադրանքի կողմի սուբյեկտ եւ գործով օժտված է սեփական շահերով, որոնց ապահովման համար սահմանված են տուժողի մի շարք դատավարական իրավունքներ եւ պարտականություններ, որոնցից է նաեւ ցուցմունք տալու իրավունքն ու պարտականությունը:

Դատավորը, ինչպես նաեւ հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան մինչեւ դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»:
Պաշտպանական կողմի դիտարկմամբ, անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում: Իսկ գործի ելքով շահագրգիռ անձի ցուցմունքներն առանց հաստատող օբյեկտիվ ապացույցների առկայության, բավարար չեն հանգելու այն համոզման, թե հանցագործության դեպք է տեղի ունեցել:

Այս գործով, ենթադրյալ հանցագործության դեպքում անգամ անհամաչափ խիստ պատիժ է սահմանվել:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

21.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930