Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի մահվան համար մեղադրում են բժշկին

Նոյեմբեր 22,2017 15:30

Օրերս Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց բուժաշխատողների դեմ բռնությունը, այսպես ասած, քրեականացնող նախագիծը: Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացման համաձայն՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը կպատժվի նվազագայունը տուգանքով, առավելագույնը ազատազրկմամբ` 3-ից մինչեւ 7 տարի ժամկետով:

Ընդհանրապես հասկանալի է, չէ՞, որ բռնությունն անթույլատրելի է, եւ այն պետք է պատժվի, անկախ նրանից՝ բռնության ենթարկվողը բժիշկ է, թե սանտեխնիկ կամ պահակ: Բայց նախագծի ջատագովները պնդում են, որ վերջերս շատացել են բժիշկներին ծեծի ենթարկելու դեպքերը, անգամ մահվան դեպք է եղել:

Ընդ որում, ԱԺ նախագահն այս նախագծի շուրջ հնչող որոշ մեկնաբանություններին արձագանքել է զարմանքով, թե՝ ինչպե՞ս են ոմանք բժշկին, օրինակ, պատշարի հետ համեմատում, քանի որ բժշկի աշխատանքը ծանր է ու սթրեսային: Միանշանակ, ծանր ու սթրեսային աշխատանք է, բայց արդյոք այս նախագիծը մշակողները մտածե՞լ են՝ բժշկին պաշտպանելով որքանով են ապահովում բնակչության՝ պատշաճ, որակյալ բուժօգնություն ստանալու իրավունքը: Մինչդեռ մարզային բազմաթիվ հիվանդանոցներում չկան անհրաժեշտ բուժսարքավորումներ եւ նեղ մասնագետներ, եղածներից էլ որոշները, ամենեւին չցանկանալով վիրավորել որեւէ բժշկի, ինչպես ժողովուրդն է ասում՝ «ղասաբ» են, որոնք վարկաբեկում են բժշկի կոչումը:

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է մարզային բուժհիմնարկների թե՛ շենքային քարուքանդ վիճակին, թե՛ խիստ անհրաժեշտ սարքավորումների պակասին եւ թե՛ նեղ մասնագետների կարիքին: Օրինակ՝ Մեղրիի հիվանդանոցի մասին մեր հրապարակումներով անդրադարձել էինք այդ բուժհիմնարկում բուժօգնություն ստացածների դժգոհություններին. այստեղ սրտի խնդրով հիվանդին ախտորոշել էին, թե ստամոքսը մրսացրել է, փորձել են ստամոքսը բուժել, սակայն հիվանդը մահացել է: Նույն հիվանդանոցում մեկ այլ հիվանդի բժիշկն ախտորոշել էր կույրաղիքի խնդիր, սակայն վիրահատության ժամանակ նրա ամորձին են հեռացրել:

Նման օրինակները, հատկապես մարզերում, բազմաթիվ են:
Երկար տարիներ մարզային հիվանդանոցները նեղ մասնագետներով ապահովելու խնդիրը չի լուծվում, եւ փոխանակ այս լրջագույն խնդրին լուծում տրվի, առողջապահության ոլորտի պատասխանատուներն ու քաղաքականություն մշակողները ինչ-որ էլեկտրոնային առողջապահություն են ներմուծում ու հպարտանում դրանով՝ այն դեպքում, երբ մարզերում անգամ նորագույն գիտելիքներով վիրաբույժ ու «անեսթեզիոլոգ» չկա:
Բժշկական սխալի համար որոշ դեպքեր եղել են, որ բժիշկը պատասխանատվության է ենթարկվել, մի երկու դեպք էլ ներկայումս դատական գործընթացում է:
Սրանք այն դեպքերն են, երբ իրավագիտակից մարդիկ որոշել են մինչեւ վերջ գնալ ու պարզել մեղավորին:

Սակայն գոնե հեռավոր մարզերի բնակիչները հաճախ, երբ խախտվում է իրենց՝ պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքը, հաշտվում են իրավիճակի հետ ու անգամ բողոք չեն ներկայացնում գոնե նրա համար, որ իրենց սխալ բուժում են նշանակել, կամ հարազատը մահացել է, ընդ որում՝ այն պարագայում, երբ պնդում են, թե բժշկի սխալն է պատճառը:
Ահավասիկ՝ ամենաթարմ դեպքը 2 օր առաջ է տեղի ունեցել. նոյեմբերի 19-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոնում մահացած երեխա է ծնվել: Ծննդկանի հարազատները վրդովված են, նրանք «Առավոտի» հետ զրույցում վստահեցնում են, որ մինչեւ ծննդաբերությունն ու հղիության ամբողջ ընթացքում թե հղիի եւ թե ծննդկանի մոտ որեւէ խնդիր չի եղել: Համենայնդեպես, նրանց այդպես վստահեցրել են բժիշկները: Մահացած երեխայի հարազատները փոքրիկի մահվան համար մեղադրում են բժիշկներին՝ պնդելով. «Ասում են՝ պորտալարը վզին փաթաթված է ծնվել, իսկ դրա համար պետք էր մինչեւ ծննդաբերելը մի հատ էխո անեին: Չեն արել, որ անեին, կտեսնեին, չէ՞, որ պորտալարը փաթաթված է էրեխու վզին, ու կեսարյանով կփրկեին: Եթե էրեխեն մահացած է ծնվել, ուրեմն մի բան էն չի եղել, ու բժիշկները գլուխ չեն հանել: Իսկ մեզ սկզբից մինչեւ վերջ ասում էին, թե ամեն ինչ նորմալ է, ոչ մի բարդություն չկա, չի եղել ու դժվար էլ լինի»:
Սա այս 32-ամյա կնոջ 3-րդ ծննդաբերությունն էր, նա 32 տարեկանն է: Ծննդկանի հարազատները թեեւ ահազանգում են, սակայն վստահեցնում են՝ մտադրություն չունեն բժշկի դեմ բողոք գրելու. «Եթե հիվանդանոցն էլ փակեն, բժշկին նստեցնեն, մեզ դրանից ի՞նչ, երեխան չկա արդեն»:

Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վալիկո Չալաբյանը մեզ հետ զրույցում ասում է, որ նոյեմբերի 18-ի երեկոյան, ժամը 19.00-ի սահմաններում, ծննդկանն ընդունվել է հիվանդանոց՝ բողոք ներկայացնելով, թե պտղաջրերի արտահոսք կա. «Հերթապահ բժիշկը, որը նաեւ նրա հսկող բժիշկն էր՝ Գրիգորի Գրիգորյանը, զննել ու պարզել է, որ պտղապարկը տեղում է, ախտորոշվել է պտղապարկի բարձր պատռվածք, որը հսկել է նրա բժիշկը, որեւէ խնդիր չի եղել, պտղի շարժերը, սրտի բաբախը, ամեն ինչ նորմայի սահմաններում է եղել: Ինձ համար էլ, որպես մասնագետ, ես մանկաբարձ-գինեկոլոգ եմ, հարց է առաջացել՝ ինչո՞ւ այդպես եղավ: Առավոտյան արդեն, որ պտղաջրերը ժամանակին արտահոսում են, ներզննում է անում նրա բժիշկը, ախտորոշում է ծննդաբերության երկրորդ փուլ, ու շատ հեշտ, առանց որեւէ դժվարությունների կինը ծննդաբերում է, բայց, չգիտես ինչու, մահացած պտղով: Դուք պատկերացրեք՝ դա մեզ համար ավելի մեծ խնդիր է ու մեծ հարցական՝ ինչո՞ւ դա եղավ»:
Չալաբյանը վստահեցնում է. «Փորձագետներն ասում են՝ մահացածների 50%-ը մնում է անհայտ «էտիալոգիա» (պատճառ), չեն կարողանում հայտնաբերել՝ չնայած բժշկության առաջընթացին»:

Ըստ Չալաբյանի՝ արդեն դիահերձումը կատարվել է, նմուշներն ուղարկել են հյուսվածքաբանական հետազոտության, որի եզրակացությունից հետո միայն կարող են պատճառի մասին խոսել:

Ծննդկանի հարազատները վստահեցնում են, որ հղիին վերջին անգամ ուլտրաձայնային հետազոտություն սեպտեմբերին են արել: Մեր այն հարցերին՝ արդյոք պետք չէ՞ր կեսարյան հատում անել՝ փոքրիկին փրկելու համար, կամ ինչո՞ւ ծննդաբերելուց անմիջապես առաջ ուլտրաձայնային հետազոտություն չեն արել, որպեսզի պտղի եւ պորտալարի վիճակը պարզեին, Չալաբյանն այսպես է պատասխանում. «Նրա բժիշկը համարել է, որ դրա կարիքը չկա, ամեն ինչ նորմայի սահմաններում է եղել: Իսկ ինչ վերաբերում է կեսարյան հատմանը, ապա ասեմ՝ կեսարյան հատման 2 ցուցում կա՝ բացառիկ ու հարաբերական: Այս հղին նույնիսկ հարաբերական ցուցում չի ունեցել, մինչեւ վերջին պահը ծննդկանի մոտ ոչ մի խնդիր չի եղել, որպեսզի բժիշկը զգուշանա»
Այս դեպքի մասին մեզ ահազանգողներից մեկն էլ պատմում է, որ Ստեփանավանի հիվանդանոցի որոշ բժիշկներ հիվանդների ու նրանց հարազատների հետ շատ կոպիտ ու անփույթ են վարվում. «Մի քանի տարի առաջ էլ էդ սոնոգրաֆիայի բժիշկը «հազար» անգամ սոնո է արել ու չի նկատել, որ պտղի մի թեւը չկա, երեխան անթեւ է ծնվել: «Բոքսում» հիվանդին անտեր թողնում են ամբողջ գիշեր, ու պետքները չի՝ ինչ կլինի»:
Բուժանձնակազմի մասին հնչած դժգոհությունների մասին Չալաբյանն ասում է. «Գուցե տեղին են, բայց անհիմն էլ են լինում բողոքները: Ինչ վերաբերում է բուժանձնակազմի վարքագծին, ես մի քանի ամիս է, որ աշխատում եմ, կարծիք չեմ կարող հայտնել»:
Չալաբյանը նաեւ վստահեցնում է՝ հիվանդանոցը նեղ մասնագետների կարիք ունի, եւ սա լուրջ խնդիր է հիվանդանոցի համար. «Ես էլ կուզեմ նոր ու երիտասարդ կադրեր գան, բայց չեն գալիս, ի՞նչ անեմ»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

21.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930