Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին առանց պետական պատկերասրահի. նկարներին փոխարինել են մանեկենները

Նոյեմբեր 22,2017 12:48

Հայաստանի մշակութային մայրաքաղաքը`Գյումրին, պետական պատկերասրահ չունի. 2 մասնավոր պատկերասրահ է գործում: Քաղաքի կենտրոնում` Ռիժկովի ճեմափողոցում գտնվող գլխավոր պատկերասրահը, որը «Կումայրի» արգելոց-թանգարանի շենքերից է, արդեն մասնավորեցվել է. պատկանում է քանդակագործ Արտուշ Պապոյանին: Վերջինս քանդակել է Գյումրու կենտրոնում տեղադրված «Հայուհի» արձանը` Աստվածամոր կերպարով,  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ գումարի փոխարեն նրան է հանձնել այս շենքը: Քանդակագործը վերանորոգել, կարգի է բերել այն: Այսօր 2-րդ հարկում գործում է ցուցասրահ, իսկ առաջին հարկը ծառայում է որպես ներքնազգեստի և հագուստի խանութ: Հետաքրքիրն այն է, որ մեծ տառերով գրված ու միանգամից ուշադրություն գրավող «Պատկերսարահ» ցուցանակի տակ տեղադրված են մանեկեններ`ներքնազգեստներով (տես լուսանկարում):

Արվեստագետների համար պետական պատկերասրահ չունենալը մեծ խնդիր է: Այս թեմայի շուրջ զրուցեցինք արվեստաբան Արաքս Մարգարյանի հետ: «Տեսեք, ասում ենք Գյումրի, մշակույթի քաղաք, բայց այսօր որևէ տեղ չես կարող ցույց տալ, որ քո քաղաքն այսքան արվեստագետ ունի: Մեր պատկերասրահը դարձել է մասնավոր,  և այս պահին ծառայում է որպես ցուցասրահ, բայց պատկերասրահն ավելի լայն հասկացողություն է ու ցուցասրահից բացի ենթադրում է նաև հավաքածուի առկայություն: Այ, տեսեք, նաև «Սթիլ» պատկերասրահի անունն են տալիս, որը Մկրտչյան Արտուշին է պատկանում (խոսքը Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի մասին է Շ.Հ.), բայց որը գործում է մեկ ժամով: Դու կարող ես ցուցադրել նկարները և քո կատարած հսկա գործը մեկժամյա կենդանություն ունի: Երկրորդն էլ` լուսավորության խնդիր ունի, պրոֆեսիոնալ ցուցասրահ չէ: Մենք ուղղակի ճարահատյալ և այլընտրանք չունենալով ենք օգտագործում այն», -ասաց Արաքս Մարգարյանը:

Խնդրի շուրջ զրուցեցինք նաև Գյումրու քաղաքապետարանի  մշակույթի բաժնի պետ, «Սթիլ» պատկերասրահի տնօրեն  Արտուշ Մկրտչյանի հետ:

Նա պարզաբանեց. « Գիտեք, ոչ մի արվեստագետ, Արվեստների ակադեմիայում սովորող ուսանող կամ թղթի վրա գծող մեկը չի եկել, չի դիմել ու չի ասել, որ ուզում են ցուցահանդես կազմակերպել, կամ չեն ասել` դահլիճի խնդիր ունեք: Ես «Սթիլ» պատկերասրահի դահլիճները տրամադրում եմ թե՛ խմբակային, թե՛ անհատական ցուցահանդեսների համար, և 25 տարվա ընթացքում 25 լումա որևէ մեկից վերցրած չկամ: Որևէ խնդիր չեմ ստեղծել, թեև  մասնավոր շենք է»:

Մեր դիտարկմանը, թե խոսքը պետական պատկերասրահ չունենալու մասին է, ոչ թե մասնավոր, քաղաքապետարանի պաշտոնյան ասաց. «Բայց ինչ նշանակություն ունի մասնավո՞ր է, թե՞ պետական, երբ ես անվճար տրամադրում եմ: Եթե մենք չունենք ակտիվ արվեստագետներ, որոնք ուզում են ցուցահանդեսների կազմակերպմամբ զբաղվել,  ուղղակի պասիվ արվեստագետներ են, որոնք չեն պատկերացնում ցուցադրության առավելությունը, ասում-խոսում են վերամբարձ բաներից, ասում են` քաղաքում պատկերասրահ չկա, այն դեպքում, երբ 2-3 պատկերասրահ ունենք, ինչ նշանակություն ունի մասնավո՞ր է, թե՞ պետական»:

Մինչդեռ արվեստաբան Արաքսյա Մարգարյանը պնդում է, որ Գյումրիին հիմնական պատկերասրահ է անհրաժեշտ: « Անընդհատ գործերը հանել-դնելը, տարածք ազատելը ուրիշ գործի համար սխալ է, մեզ հիմնական պատկերասրահ է հարկավոր», -ասում է նա` առաջարկելով. «Ավելի ճիշտ կլինի, եթե ստեղծենք շենք, ուր կհավաքվեն  բուն գյումրեցիների գործերը, որովհետև մենք շատ մեծ գործեր ունենք, բայց մի տանիքի տակ ներկայացված չեն: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք սերնդափոխություն. Հնին գալիս է փոխարինելու նոր սերունդը, բայց դեռ մենք չենք ամրագրել հինը»:

Շուշան Սարգսյան

Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930