Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուծումը կարող է լինել, որ ֆիզիկայի, մեզ համար կարեւոր այլ ուղղություններում 80 %-ն անվճար դարձնենք». Լեւոն Մկրտչյանը՝ ուսանողներին

Նոյեմբեր 22,2017 14:15

«Այսօր պաշտպանական համակարգը կարիք ունի գիտական պոտենցիալի»,- այսօր ԱԺ պատգամավորների, ՊՆ եւ ԿԳՆ ներկայացուցիչների՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ հանդիպում-քննարկմանը ասաց ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ ուսանողները մոտ մեկ շաբաթ դասադուլներ էին անում՝ բողոքելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում տարկետման իրավունքի սահմանափակման դեմ: Հետո համաձայնության եկան ԱԺ-ում:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը տխուր թվեր ներկայացրեց, թե թեկնածուներից քանիսն են մնում գիտության մեջ: Դավիթ Պետրոսյանն էլ ասաց, որ միգուցե դա պայմանավորված է գիտության ֆինանսավորման հետ. «Մեր բանավեճի ժամանակ ստացվեց այնպես, որ ՊՆ նախարարը մեր տղաներից մեկին հարցրեց՝ դուք, օրինակ, ինչքան գումար եք ստանում գիտությունից, որ այսպես պահում եք, ասաց՝ 80 հազար, նա էլ ասաց՝ իսկ մենք տալիս ենք 260 հազար: Ստացվում է իրավիճակ, որ սոցիալական գրավչությունը ապահովելով՝ տեղափոխում եք մյուս դաշտ»:

Դավիթ Պետրոսյանն ասաց, որ իրենք հետազոտություն են արել, եւ գիտեն, թե բանակից վերադառնալով՝ կրթությունն ու գիտությունը որքանով են տղաները շարունակում: ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Պատիվ ունեմ» ծրագրի համար դեռ ժամանակ կա մինչեւ հաջորդ զորակոչ: Կառավարության որոշումներով համապատասխան կարգեր են մշակվում»: Նա ասաց, որ ներկայիս օրենքով ստացվում էր այնպես, որ մարդիկ գնում էին գիտական ճանապարհով, բայց առանց գիտական արդյունք տալու, հրաժարվելով գիտությունից իրավունք էին ստանում չծառայելու. «Սա չի վերաբերում այն գիտնականներին,, որոնք քրտնաջան աշխատանք են տանում՝ չնչին աշխատավարձով»:

Լեւոն Մկրտչյանը համաձայնեց, որ նյութականը շատ կարեւոր է, որ գիտնական լինելը դառնա հրապուրիչ, դա քննարկման առարկա է. «Ինձ մտահոգում է, որ անգամ եթե մենք երիտասարդին բանակային ծառայության մեջ ապահովում ենք անընդհատ կրթությունը, մենք խնդիր ունենք գիտական ամբիոնի հետ, որը ծերանում է: Ոնց որ թե անգամ տարկետման իրավունքը չի փրկում գիտությունը ծերացումից: Մոտիվացված չի, որ մարդը մնա եւ գիտությամբ զբաղվի, անգամ տարկետման իրավունքը դա չի փրկում»:

Նախարարը նաեւ նշեց, որ երիտասարդ հետազոտողների խմբերի հայտերում 79 ղեկավարի մրցույթ կա, 49 –ը արական սեռի է, 29-նն անցել են եւ ոչ ոք չի ծառայել. «Ես կարծում եմ, որ սրա լուծումը կարող է լինել, որ ֆիզիկայի, մեզ համար կարեւոր ուղղություններում 80 տոկոսն անվճար դարձնենք, երիտասարդների համար գրավիչ դարձնենք»:

Ուսանողներից Հայկ Զաքարյանն ասաց, որ անվճար տեղերի ավելացումը, իհարկե, ողջունելի է. «Ծառայած տղաների մասը ընդհանուր գիտնականներից քիչ է, բայց եթե այս պահին գործող օրենքով գիտության մեջ մնացողների մեծամասնությունը չծառայածներն են, եթե այս օրենքն ընդունվի, ապա հարցականի տակ կդրվի առհասարակ գիտության մեջ մնացողների գոյությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930