Լրահոս
Օրվա լրահոսը

Տխուր եւ ուրախ տարեդարձ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 22,2017 16:25

«Հայաստանում, վերջին ժամանակաշրջանում` արցախյան ազատամարտի շրջանում, Լեոնիդի նման հրամանատար չեմ տեսել»,- սա Աշոտ Աղաբաբյանի գնահատականն է «Ազատագրական բանակի» լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին: Այսօր նրա ծննդյան 75-ամյակն էր: Այդ առիթով նրա մարտական ընկերները հավաքվել էին Մաշտոց-Խորենացի խաչմերուկում տեղադրված իր կիսանդրու մոտ: Ծաղիկներ բերեցին, մարտական ընկերոջ հասցեին դրվատանքի խոսքեր հղեցին, միմյանց տեսան, խոսեցին ու չխոսեցին միմյանց հետ: Հիմա տարբեր «ճակատներում» են: Երեխաներ էլ կային`Լեոնիդ Ազգալդյանի նկարով`մեծ պաստառի վրա: Ասացին`գիտեն, որ Լեոնիդ Ազգալդյանը հերոս է, մասնակցել է արցախյան պատերազմին:

Aravot.am-ի հետ զրույցում նախկին պատգմավոր, իշխող կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Աղաբաբյանը հիշում է. «Նա երկար ժամանակ համ բանակաշինությամբ զբաղվեց, համ կամավորականների հետ կռվեց Ղարաբաղում: «Անկախության բանակից» մի մասն իր հետ գնացին: Ամենակարեւորը, ինձ եւ ընդհանրապես մեր «Անկախության բանակի» տղաների համար, մեծ հպարտություն կլիներ, որ նա դառնար ազգային հերոս»: Ասում է`դիմել են, քանիցս: Բայց կարծում է. «Դա դիմելու բան չի, ընկալելու, հասկանալու բան է: Իշխանությունները պիտի կարողանան հասկանալ: Ազգալդյանը ծառայած-չծառայած հայ զինվորին սովորեցրեց պաշտպանել հայրենիքը`հոգեւոր եւ ֆիզիկական արժեքներով: Էլի ունենք շատ հրամանատարներ, բան չունեմ ասելու, բոլոր զոհվածների հոգիներին լույս կաթա: Ողջերն էլ մեղավոր չեն, որ ողջ են մնացել… բայց Լեոնիդ Ազգալդյանը բոլորից տարբերվում էր»:

Հետաքրքրվեցինք`արցախյան ազատամարտի արդյունքում իշխանության եկածներն ու պետություն կառուցած-ղեկավարողները արդարացրի՞ն այն հույսերն ու սպասելիքները, հանուն որոնց Լեոնիդ Ազգալդյանն ու մյուսները իրենց կյանքը դրեցին: «Ճշմարտության չափանիշը պրակտիկան է. արդարացնողներն էլ են երեւում, չարդարացնողներն էլ»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը`հավելելով, որ անուններ չի տա. «Անկախության բանակի» մեր տղաները էդպիսի մի պաշտոն չունեն էլ, բայց խնդիրը դա չի. ապրում են բարոյական, մաքուր, իրենց հայրենիքի նկատմամբ նույն նվիրումով, ինչ պատերազմի ժամանակ»:

Մեր նույն հարցին ազատամարտիկ Հովսեփ Հովսեփյանը պատասխանում է` այդ մարդիկ վստահ են իրենց սկզբունքների եւ գաղափարների հարցում`գնացին հանուն հայրենիքի, հանուն ազգի: Մնացածը`մենք պետք է մտածենք. «Մեր պրոբլեմն է: Ես ամեն օրը փորձում եմ արդարացնել»: Իշխանությունը պատշաճ գնահատո՞ւմ է հերոսներին`հարցին էլ ասաց` ինքը դատավոր չէ, որ քննադատի, ամենքն իր խղճի առջեւ պետք է պատասխան տա, բայց կարող է ասել, որ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր մտածում են:  Հետաքրքրվեցինք նաեւ`ինչպես է վերաբերվում այսօր էլ մեծ վեճի առարկա դարձած`18 տարին լրացած բոլոր երիտասարդների`բանակ զորակոչվելու մասին ընդունված օրենքին. oրենքն ընդունվել է, վեճերը դեռ շարունակվում են: Հովսեփ Հովսեփյանն ասաց. «Սոցիոլոգիայի դոկտոր ավարտած Ֆրանսիայում, գիտությունը ձեռք բերելու ընթացքում մտել է ծառայության: Չեմ ասում, որ հակասություն պետք չէ անպայման դնել, պետք է կարողանալ համատեղել»:

Այլ մանրամասները` տեսանյութում:

Անկախության բանակի զինվոր, ՀՀԿ-ի հիմնադիրներից Կարապետ Կարապետյանն ուրախ է, որ Երեւանում գտնվել է մի փոքրիկ փողոց, մի հատված, որն անվանակոչվելու է Լեոնիդ Ազգալդյանի անունով: Կարծում է`փառքով են մահացել իր այն ընկերները, որոնք կյանքը տվել են հանուն Հայաստանի անկախության. «Տղամարդավայել վախճան է»: Փառք է տալիս բոլորի հիշատակին: Ուրախ է, որ հայ երիտասարդները նույնքան կորով ու վճռականություն ունեն իրենց արմատն ու տեսակը պահելու համար: Դրա ապացույցն ապրիլյան պատերազմն էր:

Հիշեցնենք, Լեոնիդ Ազգալդյանը զոհվել է 1992 թվականին, հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում: Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930