Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայում՝ նահանգային պաշտոնյաների ու համայնքային ղեկավարների հետ

Նոյեմբեր 22,2017 16:20

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, նոյեմբերի 21-ին, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի հետ միասին, մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիայի խորհրդարանականների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցելելով Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան՝ պատվիրակությունը հանդիպել է թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին և թեմի խորհրդի անդամներին: Կողմերը քննարկել են նոյեմբերի 23-ին կայանալիք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի, ինչպես նաև՝ Արցախի զարգացման ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել թեմի մասնակցությունն ազգային նշանակության նախաձեռնություններում՝ վստահություն հայտնելով, որ Արցախի հանդեպ ուշադրությունը շարունակական բնույթ է կրելու ապագայում ևս:

Պատվիրակությունն այնուհետև հանդիպել է Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամներ Ադրին Նազարյանին և Լաուրա Ֆրիդմանին, ինչպես նաև՝ Լոս Անջելեսի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ղեկավար Արամ Սահակյանին: Ա. Հարությունյանը կարևորել է Կալիֆորնիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման ակտը և կողմերի միջև գործնական կապերի ամրապնդումը՝ շեշտադրելով ասամբլեայի անդամների և հայկական համայնքի նշանակությունն այդ գործում: Հաշվի առնելով Կալիֆորնիայի օրենսդիրների Արցախ վերջին այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները՝ պետնախարարը նրանց հետ քննարկել է դրանց իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնելու ձևավորված փոխգործակցությունը և քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ:

Արցախի պատվիրակությունը մասնակցել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած ընդունելությանը, որտեղ ներկա էին նաև Կալիֆորնիայի նահանգային և ՏԻՄ պաշտոնյաներ, հայկական համայնքի և հոգևոր դասի ղեկավարներ: Ա. Հարությունյանն իր խոսքում ներկայացրել է Արցախի ընթացիկ ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ ընդգծելով, որ, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի շարունակական աջակցության շնորհիվ, տարիների ընթացքում նշանակալի ձեռքբերումներ են գրանցվել հանրապետության անվտանգության ու զարգացման ճակատներում: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերակատարումը համազգային ներուժի համակարգման և արդյունավետ իրացման հարցում՝ հորդորելով ներկաներին գործուն աջակցություն ցուցաբերել նաև այս տարվա հեռուստամարաթոնին:

Միջոցառման ընթացքում պետնախարարը «Երախտագիտություն» մեդալ է փոխանցել համայնքի ակտիվ անդամ Միքայել Մինասյանի ընտանիքին, ով պարգևատրվել է հետմահու՝ Արցախի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում ունեցած ակտիվ մասնակցության համար:

 

Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930