Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանի առաջարկը ծառայողական մեքենաների մասին

Նոյեմբեր 23,2017 16:00

Ըստ նրա՝ 1 ծառայողական մեքենան պետք է կցվի
ոչ թե 1 պաշտոնյայի, այլ ծառայի ամբողջ բաժնին

ԱԺ-ում 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 5 պատճառ ասաց՝ այս կառավարության բյուջեին դեմ քվեարկելու համար: Պատճառներից մեկն էլ այն էր, որ կառավարությունը մտադիր է մյուս տարի 5560 աշխատողների կրճատել: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, թե կառավարությունը «մեքենաների օպտիմալացման ինչ շոու» էր բեմադրել: «2017-ին նախատեսված է եղել 17.4 մլրդ դրամ, 2018-ի բյուջեով 32.4 մլրդ դրամ է նախատեսված մեքենաների, սարքավորումների ձեռք բերման եւ պահպանման համար: Բա էլ ո՞ւր մնաց ձեր կրճատումը, թե՞ դա վերաբերում էր միայն մարդկանց եւ աշխատատեղերին»,- հարցրեց Զոհրաբյանը:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց. «Բացառված է, որ ծախսերը մեքենաների համար կրկնապատկված լինեն: Բացառված է ուղղակի: Ես արդեն դժվարանում եմ որեւէ գնահատական տալ: Որ այստեղ մենք ունենք ծախսեր, որոնք օպտիմալացման, կրճատման շատ մեծ տեղ ունեն՝ դրանում համաձայն եմ, բայց գիտեք, նաեւ ավանդականորեն ձեւավորված մի վիճակ է, պետք է ինչ-որ մի փուլ անցնենք, որ մտածողություն փոխվի»:

Թե որտեղ պետք է կրճատում անել՝ Աղվան Վարդանյանն ասաց. «Այսօր ինչ է կատարվում՝ նախարարություններ, Ազգային ժողով, ՊՈԱԿ-ներ, ուր կուզեք, նայեք պետական հաստատություններում, բոլորը տասնամյակներով վարժվել են, եւ դա գալիս է դեռեւս խորհրդային շրջանից՝ վարչության պետերը համատարած ծառայողական մեքենաներ ունեն: Պետք է հաշվարկ արվի ի վերջո՝ արդյունավե՞տ են այս ծախսերը, որքանո՞վ են արդյունավետ, հնարավո՞ր է սա փոխարինել այլ համակարգերով: Օրինակ՝ նույն նախարարությունում, ես կարծում եմ, ավելի օպտիմալ կլինի, եթե ինքն ունենա մեքենաների պարկ՝ սահմանափակ քանակության, բայց ըստ անհրաժեշտության ծառայի ոչ թե կոնկրետ անձի, այլ ամբողջ բաժնին կամ տարբեր վարչության պետերի: Ավանդույթի ուժով, ի վերջո սովորություն է սա, մեկ օրում չի լինի այս հարցերը լուծել: Ով որ կարծում է, որ մեկ անգամից պետք է բռնել կտրել ու լուծել՝ սա էլ լուծում չի: Որ այստեղ ծախսերը ավելին են, քան անհրաժեշտ է՝ ես վստահ եմ»:

Հարցին՝ չե՞ք պատրաստվում այդ առաջարկով հանդես գալ, եթե այդտեղ խնդիր եք տեսնում, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Կառավարությանը անտեսանելի՞ է սա: Օրենքով կարգավորվող խնդիր չէ առայժմ գոնե, դրա համար այդ առաջարկությունը միշտ էլ եղել է: Թե երբ կսկսեն, ինչպես կսկսեն՝ ես կարծում եմ, որ այս ուղղությամբ հարկավոր է ինչ-որ մի ժամանակ գնալ ավելի էական բարեփոխումների»:

Մամուլում հրապարակում եղավ, որ աշխատավարձերից զինվորների եւ նրանց ընտանիքների համար պահվող 1000 դրամները չեն հասնում իրենց շահառուներին, եւ զոհված ու վիրավորված զինծառայողների համար ստեղծված ապահովագրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի ժամանակ վեճեր են արդեն սկսվել:
Մենք Աղվան Վարդանյանին հարցրինք՝ դուք կո՞ղմ եք քվեարկել, սատարե՞լ եք այդ նախագծին, հետեւո՞ւմ եք գործընթացին, թե այդ 1000 դրամներն ինչքանով են տեղ հասնում: Նա պատասխանեց. «Բացառված է, որ տեղ չհասնեն: Նախորդ շրջանում, երբ ԱԺ-ում որոշվել էր, որ ամեն պատգամավոր իր կամավորության սկզբունքով կարող է որոշակի գումար փոխանցել ապրիլյան պատերազմից հետո, մեր խմբակցությունը 5 տոկոս էր փոխանցում, խմբակցություններ կային, որ շատ ավելի սահմանափակ փոխանցումներ էին անում: Բայց ես ինքս անձամբ հիմա որոշել եմ ու արդեն խնդրել եմ նամակը պատրաստեն, որ գումարը փոխանցեն ոչ թե Ազգային ժողովում գործող այդ հիմնադրամին, այլ փոխանցեն նոր ստեղծված 1000 դրամների հիմնադրամին: Իմ հավաստի տեղեկություններով՝ այդ հիմնադրամը շատ ճշգրիտ աշխատում է, դուք ամեն վայրկյան կարող եք հետեւել, տեսնել՝ ձեր փոխանցած գումարը տեղ հասա՞վ, թե՞ չէ, եւ ծախսերին էլ կարող եք հետեւել»:

Մենք ճշտեցինք՝ իսկ ինչո՞ւ չեք ուզում այլեւս ԱԺ-ի հիմնադրամով փոխանցել, տեղ չի՞ հասնում այդ հիմնադրամին փոխանցածը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Չէ, տեղ հասնում է, բայց ես ավելի նպատակային եմ համարում, որ եթե կա ուղիղ հիմնադրամ, ինչո՞ւ միջնորդավորված անենք այդ գործը»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

22.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930