Բաքվում գիտեն, որ պարտվում են հայկական կողմին՝ նաեւ դիվանագիտական ճակատում

Բաքվում գիտեն, որ պարտվում են հայկական կողմին՝ նաեւ դիվանագիտական ճակատում

Ադրբեջանի ու Թուրքիայի հույսերը՝ Ռուսաստանից Արցախյան
խնդրում առանձին խաղ կորզել, հօդս են ցնդում

«Արցախյան խնդիրը բարդ է, եւ բանակցությունները շուտ չեն ավարտվի». այս արձանագրումն արվեց Բաքվից այս շաբաթ Երեւան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից: ՀՀ ԱԳՆ-ում անցկացված ասուլիսում Լավրովը շեշտեց. «Բաքվում կայացած ասուլիսում արդեն նշել եմ, որ ԼՂ խնդրի կարգավորման բոլոր բաղադրիչներն առկա են: Բաղադրիչները ներառված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք 2007թ.-ից, 2009թ.-ից, 2011թ.-ից ի պահ էին հանձնված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին: Նման կերպ այդ բաղադրիչները ամրագրված են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներ, դրանք սեղանին են՝ իրենց ամբողջության մեջ: Միակ բանը, որ ես կցանկանայի ընդգծել, որի մասին խոսել եմ նաեւ Բաքվում, այդ բաղադրիչները մեկ փաթեթի մեջ են, եւ շատ դժվար է վերցնել մեկը, երկուսը կամ երեքը ու ասել՝ եկե՛ք այս հիմքի վրա պայմանավորվենք, որովհետեւ այդ դեպքում հավասարակշռող բաղադրիչները դուրս են մնում, եւ չենք ստանա այն արդյունքը, որը մենք բոլորս մտադիր ենք ստանալ»:

Այնուհետեւ Լավրովը, անդրադառնալով Սարգսյան-Ալիեւ ժնեւյան բանակցություններին եւ նրանց կողմից այդ հանդիպման վերաբերյալ դրական գնահատականներին, հավելել էր. «Բայց շատ կարեւոր է, որ այդ դրական վերաբերմունքը մեզ օգնի, ըստ էության, առաջ շարժվել կարգավորման ուղղությամբ: Համանախագահները զբաղվում են սրանով: Վերջերս՝ օրեր առաջ, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպումներ ունեցան երեք համանախագահների հետ: Ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերների հետ այժմ կվերլուծենք, թե որտեղ ենք, կփորձենք ինչ-որ ակտիվ ջանքեր գործադրել, որպեսզի պայմաններ ստեղծենք կարգավորման հասնելու համար, սակայն ես չափից դուրս լավատեսություն չէի արտահայտի, խնդիրը բարդ է, եւ մեր բանակցությունների ողջ փորձն ասում է, որ, ցավոք, դրանք շուտ չեն ավարտվի»:
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ընդունել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս հանդիպմանը Լավրովը ներկայացնելով այցի շրջանակում գործընկերոջ հետ հանդիպման եւ քննարկումների արդյունքները՝ ուշագրավ միտք էր արտահայտել. «Չկա մարդկային գործունեության որեւէ ոլորտ, որում Ռուսաստանն ու Հայաստանը չունենան գործնական փոխգործակցության ոչ թե ձեւական, այլ իրական մեխանիզմ: Այն, որ Դուք բարձր եք գնահատում արտաքին քաղաքականության ոլորտում մեր համագործակցությունը, մեզ համար մեծ պատիվ է:

Կաշխատենք արդարացնել Ձեր եւ Ռուսաստանի նախագահի վստահությունը»:
Ի՞նչ է կատարվում Բաքվում: Լավրովի այցի օրերին պաշտոնական Բաքուն խոսում էր լուծման ինչ-որ «հարցերի», «տարբերակների» մասին, որոնք իբր ներկայացրել են Սերգեյ Լավրովին, ու հիմա էլ սրտատրոփ սպասում են Երեւանի պատասխանին: Այն, որ դա սովորական բլեֆ էր, դժվար չէր կռահել: Երբ Բաքուն խուսափում է կայացած վերջին բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները հարգել՝ հրապարակ է նետում «նոր գաղափարների» մասին հին երգը, տպավորություն ստեղծելով, թե խիստ շահագրգիռ են բանակցային գործընթացի աշխուժացմամբ, բայց բացառապես «նոր հարցերի» շուրջ:

Բաքվի ձեւավորած այս «բարի ավանդույթն», ըստ ամենայնի, այնքան է ձանձրացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որ արդեն Մոսկվան էլ նախընտրեց արձանագրել, որ ԼՂ կարգավորումը հեռու է լուծումից: Իսկ դա իրականություն է, եւ այդ հեռու լինելու տարածությունը կրկնապատկվել ու եռապատկվել է ապրիլյան պատերազմից հետո եւ շարունակում է մեծանալ Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Դրա մասին բազմիցս խոսվել է. մեկ տարուց ավելի պաշտոնական Բաքուն համաձայնություն չի տալիս սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման միջնորդների պահանջին՝ նախընտրելով խոսել կարգավորման ինչ-որ «նոր տարբերակների» մասին:

Նկատենք նաեւ մեկ այլ ուշագրավ հանգամանք. Մոսկվայում ԼՂ հակամարտության հարցով հույսեր չունենալու մասին արձանագրվեց նույնիսկ Թուրքիայի նախագահի մակարդակով, որն օրեր առաջ անհամբերությամբ սպասում էր Պուտինի հետ հանդիպմանը Սոչիում, որպեսզի նրա հետ քննարկի ԼՂ խնդիրը, որովհետեւ Պուտինի հետ այս հարցում «մեծ հույսեր» էր կապում: Հետո Էրդողանը հենց ինքն էլ լույս սփռեց Պուտինի մոտ ԼՂ կարգավորման հարցում հույսի բացակայությանը. «Պուտինը մեծ հույսեր չունի կողմերի դիրքորոշումների պատճառով»,- ըստ թուրքական պարբերականների՝ ասել էր Էրդողանը:

Այսպես, վերջին շաբաթներին Արցախյան հակամարտության կարգավորման հարցով ակտիվ հանդիպումները, հայտարարությունները ավարտվեցին նրանով, որ Բաքվի ու Անկարայի հույսերը՝ Մոսկվայից Արցախյան խնդրում առանձին խաղ կորզել, հօդս ցնդեցին: Լավրովն անգամ Բաքվի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպմանը ընդգծել է, որ Արցախյան խնդրի կարգավորման գործընթացում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ համագործակցությունը չի տուժել ռուս-ամերիկյան լուրջ տարաձայնությունների պատճառով, եւ որ Մոսկվան ԼՂ խնդրի կարգավորման հարցում նույն դիրքորոշումն ունի, ինչ Վաշինգտոնն ու Փարիզը։
Լավրովի՝ Բաքվում թողած միակ հիշարժան ուղերձը, թերեւս, ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությանն է առնչվում: ՌԴ ԱԳ նախարարը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպմանն առաջարկել է Ադրբեջանին մտնել Եվրասիական տնտեսական միություն: Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն բաց ինտեգրացիոն միավորում է. «Մենք շատ ուրախ կլինենք Ադրբեջանին տեսնել Եվրասիական տնտեսական միությունում: Մենք ոչ ոքի չենք ստիպում անդամակցել այդ կազմակերպությանը: Այժմ ուսումնասիրվում է կազմակերպությանը Տաջիկստանի անդամակցելու հարցը: Մենք նաեւ դիմումներ ենք ստանում ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից: Մենք շատ ուրախ կլինենք այդ կառույցում տեսնել նաեւ Ադրբեջանին»:

Եթե այս ամենին էլ գումարենք նոյեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը, որում նրանք ամփոփելով Մոսկվայում նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ապա նոյեմբերի 16-ին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքները՝ որոշ հստակ ձեւակերպումներ էին արել: «Հանդիպումների ընթացքում համանախագահները եւ նախարարները քննարկել են ներկայումս բանակցությունների սեղանին դրված մի շարք աշխատանքային առաջարկներ: Նախարարները համաձայնել են համատեղ հանդիպում անցկացնել դեկտեմբերին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ-ի Նախարարական խորհրդի շրջանակներում»,- նախ նշվում էր հայտարարության մեջ: Ապա միջնորդները հավելել էին, որ համանախագահները «պատրաստելու են այդ հանդիպման օրակարգը, որը կընդգրկի քաղաքական կարգավորման էական հարցեր, ինչպես նաեւ շփման գծում լարվածությունը թուլացնելու կոնկրետ միջոցառումներ»: Այսինքն՝ միջնորդները կրկին արձանագրեցին, որ հաջորդ հանդիպման օրակարգում «քաղաքական կարգավորման էական հարցեր են», ինչպես նաեւ հստակ ընդգծեցին, որ դրանք «շփման գծում լարվածությունը թուլացնելու կոնկրետ միջոցառումներն» են:

Բրյուսելում նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից առաջ Արցախյան կարգավորման հարցում հայկական կողմի դիրքերը կարելի է նպաստավոր համարել: Թվում է, թե սրանք միմյանց հետ ուղղակիորեն կապ չունեցող գործընթացներ են, սակայն՝ միայն առաջին հայացքից: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանն արդեն իսկ Ադրբեջանից մի քանի քայլ առաջ է գտնվում, այդ տարբերությունը պետք է էլ ավելի ազդեցիկ դառնա: Սա պարզ է նախեւառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին եւ Մոսկվային, որն այս անգամ այդ համաձայնագրի ՀՀ-ԵՄ ստորագրմանը չի ընդդիմանում՝ չհաշված ռուս ադրբեջանամետ-խավիարասեր փորձագետների մի շրջանակի, որոնց վտիտ ուսերին էր դրվել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը «Ռուսաստանի թիկունքին հասցված հարված» ու «դավաճանություն» ներկայացնելու ծանր, բայց անպտուղ, ցածրորակ ու անտաղանդ քարոզչության իրականացումը:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

23.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք