Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ էլ համարում, որ տենց մարդ գոյություն ունի». ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանի պարզաբանումը՝ առաքիչներին «քցելու» մասին

Նոյեմբեր 23,2017 15:15

«Հրանտ Գրիգորյանը «Գոլդեն սիթի» մթերային խանութը բացեց, բոլոր առաքիչների ապրանքները նիսյայով վեցրեց, սարքեց փող, հետո «Գոլդեն սիթի» խանութը փակեց ու էնպես քշա-քշա արեց էդ երիտասարդ տղաներին, նրանց մեջ էլ՝ իմ տղան, որ Հայասիի Ոսկեվազի գինու, կոնյակի գործարանի առաքիչն էր: 200 հազար դրամի միայն կոնյակ էր տվել: Էդ խեղճ երեխես տարիներով դրա հետեւից վազեց՝ չկարողացավ այդ գումարը հետ վերցնել: Այսօր 40 մլն դրամ այդ առաքիչներից «կերել է» այդ անձնավորությունը, գործերը քննչականում է: Կապել է մենեջերի վզին, հիմա մենեջերի հետ իրար են մորթում»,- Էջմիածինցի Արփիկ Նազարյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի բողոք ներկայացրեց գեներալ Մանվելի եղբորորդու՝ ՀՀԿ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի դեմ:

Նա ասաց, որ Գրիգորյանը ապառիկով երիտասարդ առաքիչներից ապրանք է վերցրել ու գումարները չի տվել. «Ով թիկունք ունեցավ՝ նրանք կարողացան իրենց գումարները պոկել, ովքեր էլ անտեր էին՝ տանջամահ եղան: Հիմա նրանք պիտի գնան աշխատեն, քրտնեն, տանջվեն՝ երիտասարդ տղաներ են, ընտանիքներ ունեն, որ կարողանան Հրանտ Գրիգորյանի գումարները փակվել, ինչի՞ համար: «Գոլդեն սիթի» խանութը բացել է ու փակել է: Ինչի՞ ես փակել, բա որ փակել ես, չե՞ս մտածում մարդկանց գումարները ոնց ես տալու»:

Ըստ Արփիկ Նազարյանի, «Փակել է, որ այդ գումարները շորթի, առաքիչները գան, իրենց չգտնեն, հասկանալի չի՞ ինչի է փակել»:

Մեր զարմանքին, թե ի՞նչ պիտի անի այդքան ապրանքը, մի օր պիտի խանութ բացի՞, թե՞ չէ՝ Արփիկ նազարյանը պատասխանեց. «Չէ: Բա դուք մոռանո՞ւմ եք, որ նա Հրանտ Գրիգորյանն է, որի դեմ խաղ չկա: Վախի սինդրոմը մոռանո՞ւմ եք, մոռանո՞ւմ եք, որ նա Հրանտ Գրիգորյանն է»:

Հիշեցնենք, որ Արփիկ Նազարյանը տարիներով դատական քաշքշուկների մեջ է, իր խոսքերով՝  Հրանտ Գրիգորյանը, օգտագործելով ՀՀԿ-ի լծակները, իր տունն է խլել եւ հիմա դատարանում վիճարկում են նաեւ այդ հարցը: 

Մենք այս առնչությամբ դիմեցինք Հրանտ Գրիգորյանին՝ պարզաբանում ստանալու: Նա ասաց. «Դու անձամբ տեսե՞լ ես իրեն: Հիվանդ է ինքը հոգեկան, հոգեկան հիվանդը շատ բան կարա ասի, ես ի՞նչ պիտի պատասխանեմ»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, ըստ Ձեզ, սո՞ւտ է այդ ամեն ինչը՝ Գրիգորյանը պատասխանեց. «Բա մենք իրավական երկրում ենք չէ՞ ապրում: Բողոքել ա, գործը դատարանում ա: Ես 2008-ի հունվարի 24-ից էդ տունը ձեռք եմ բերել, ինքը 2010-ից եսիմ ում հետ դատերի մեջ ա եղել, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ, ով իրանից ա գողացել, կամ չի գողացել, կամ ես ի՞նչ կապ ունեմ»:

Մեր հարցին՝ այսինքն, Դուք չե՞ք իմացել, որ տան հարցը վիճելի է՝ նա պատասխանեց. «Ես ի՞նչ պետք ա իմանամ, ի՞նչ կա, որ ինչ իմանամ»:

Երբ ասացինք, որ Արփիկ Նազարյանը պատմել է, որ ինքն անձամբ ձեզ մոտեցել է, խնդրել է, ասել է, տունը վիճելի է, մի գնիր, Հրանտ Գրիգորյանն արձագանքեց. «Հոգեկան հիվանդ մարդկանց… հմի շատ մարդ կարա շատ բան ասի, ինձ քիչ ա հետաքրքրում: Ոչ իրա կարծիքն ա հետաքրքրում, ոչ իրա խոսքը, ոչ էլ ինքը: Ինձ չեն հետաքրքրում: Ես չեմ էլ համարում, որ տենց մարդ գոյություն ունի»:

Ինչ վերաբերում է «Գոլդեն սիթիին»՝ Հրանտ Գրիգորյանը հերքեց, որ նման խանութ ունի. «Ուրիշ հարցեր ունե՞ք, ինձ չի հետաքրքրում ով ինչ ա ասել, դուք ուրիշ զբաղմունք չունե՞ք»: Մենք ասացինք, որ Արփիկ Նազարյանը բողոքել է, եւ մենք նաեւ փորձում ենք իր տեսակետը լսել՝ որպես երկրորդ կողմ՝ Հրանտ Գրիգորյանը պատասխանեց. «Իրա վերաբերյալ ինձ ոչ հարցեր տվեք, ոչ էլ բան: Ինքը ինչ է ասել, ինչ չի ասել, ինձ չի հետաքրքրում»:

Իսկ Արփիկ Նազարյանը տան հետ կապված իր տեսակետը ներկայացրեց. «Միգուցե Հրանտ Գրիգորյանին կհամարեն բարեխիղճ գնորդ, հա ինչ, մարդիկ ծախել են, նա առել է, ուրեմն ինքը բարեխիղճ գնորդ է: Բա որտե՞ղ մնաց նրա բարոյական արժեքները, խարդախ ճանապարհով ձեռք բերված տուն է, դու գնում ես, դու չե՞ս հասկանում, որ վիճելի տուն է, վաղը կարող է օրենքով ինձ տան, դու ի՞նչ խղճով ես այդ տունը գնում: Կամ դու, որ ԱԺ-ի կոճակները սեղմում էիր, չգիտեի՞ր, որ այստեղ խախտում է տեղի ունեցել, դու ես ստեղծել այդ օրենքը: ՀՀԿ-ն նա օգտագործել է՝ իր կեղտոտ գործարքները վերջնակետին հասցնելու համար, որտե՞ղ է նայում ՀՀԿ-ն…Ո՞վ է նրան իրավունք տվել Աշոտ Նավասարդյանի նման  սուրբ մարդու ստեղծած կուսակցությունն այդպես վարկաբեկի: Կուսակցությունը վահան է դարձել Հրանտ Գրիգորյանի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930