Լրահոս
Օրվա լրահոսը

«Անթույլատրելի է չնչին տոկոս ոսկու համար այնտեղ հանք սարքել եւ վտանգել գյուղացիների կյանքը». Մանե Թանդիլյան

Նոյեմբեր 23,2017 16:17

Արդվի գյուղի բնակիչները բաց նամակով դիմել են Լոռու մարզից ընտրված եւ լոռեցի պատգամավորներին` խնդրելով աջակցել Արդվի գյուղին՝ Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում: Նամակի հասցեատերերն են  Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Կարապետյանը, Էդուարդ Շարմազանովը, Արկադի Համբարձումյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Վանիկ Ասատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը:

Նամակում «Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբը ներկայացրել է բնակիչների մտահոգությունը, թե ինչպես է «ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ն ցանկանում հանքարդյունաբերական գործունեություն ծավալել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման տարածքում եւ վտանգի տակ է դնում Արդվի գյուղի  բնակչության առողջությունը եւ գոյությունը:

Այս տարվա ամռանը՝ հուլիսի  26-ին Արդվի գյուղը փակեց նույնիսկ գյուղ տանող ճանապարհը «ՄԻՌԱՄ» ընկերության առաջ՝ ի նշան բողոքի: Արդվի գյուղի 94 բնակիչ դիմել են նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ «Շեկաղբյուրի հանքերեւակումը ոսկի-բազմամետաղային է, ինչը նշանակում է,  որ հանքաքարի պարունակության մեջ հիմնական տարրերը կապարը եւ ցինկն են, իսկ մյուս տարրերն ուղեկցող տարրեր են (ոսկի, արծաթ, պղինձ, բիսմուտ, սելեն, թելուր, արսենիում (մկնդեղ), ծարիր, լանտանոիդների խմբի մետաղներ եւ այլ տարրեր, որոնք խիստ վնասակար են մարդու առողջության համար եւ անկառավարելի կդարձնեն մեր ջրերի եւ հողերի աղտոտումը  դրանցով… «ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ի կողմից Շեկաղբյուրի ծրագրի իրականացման արդյունքում կխախտվեն մեր հիմնարար իրավունքները. առողջության եւ առողջ շրջակա միջավայրի իրավունքը, մաքուր օդ, հող, ջուր ունենալու իրավունքը, բնական պաշարների մատչելիության եւ կայուն օգտագործման իրավունքը, սեփական գործունեության իրականացման ընտրության իրավունքը, սոցիալական պաշտպանության իրավունքը: Այս խնդիրն  ավելի է սրվել համայնքների խոշորացման արդյունքում, քանի որ Արդվին կորցրել է իր ինքնուրույնությունը, եւ անորոշ է, թե ինչ որոշում կկայացնի խոշորացած Օձունը այս հարցի վերաբերյալ: Այսպիսով, «ՄԻՌԱՄ» ընկերության նման գործելաոճը նպաստում է ներհամայնքային կոնֆլիկտների սրմանը եւ համայնքների խոշորացման ծրագրի ձախողմանը»:

Aravot.am-ը զրուցեց լոռեցի պատգամավորներից մեկի՝ Մանե Թանդիլյանի հետ, որը ստացել էր այս նամակը եւ մտահոգվել. «Ես նրանց նամակին պատասխանեցի, որ պատրաստ եմ աջակցել այդ հարցում՝ ինձ հասանելի բոլոր միջոցներով, պատրաստ եմ օգտակար լինել, որովհետեւ գտնում եմ, որ այդ հանքի գործարկումը կվտանգի Արդվի գուղի էկոհամակարգին, գյուղացիների առողջությանը, էլ չեմ խոսում պատմամշակութային արժեքների մասին, որոնք այնտեղ առկա են: Ես գտնում եմ, որ անթույլատրելի է չնչին տոկոս ոսկու համար այնտեղ հանք սարքել եւ վտանգել գյուղացիների կյանքը: Այդ հողի մեջ ոսկին հարակից նյութ է, հիմնական նյութերը այլ են: Ինչքան պիտի փորեն, որ այնտեղից մի քիչ ոսկի ստանան, ինչն անթույլատրելի է»:

Քանի որ այդ համայնքը խոշորացվել է, Օձունին է միացել, բնակիչները մտահոգություն ունեն, որ իրենց ձայնը լսելի չի լինի: Այս առնչությամբ Մանե Թանդիլյանն ասաց. «Այդպիսի վտանգ կա, որովհետեւ Օձունն է արդեն կենտրոնը եւ այն ավագանին, որն ընտրվել է, թե որքանով կպաշտպանի Արդվի գյուղի շահերը՝ իրենց որոշումների տեսքով՝ չեմ կարող ասել: Թեպետ Օձունի համայնքապետը խոստացել է, որ գյուղացիներին աջակցելու է, բայց մենք գիտենք, թե իրականությունը հաճախ ինչպես է լինում: Ես հույս ունեմ, որ այս անգամ գյուղապետը գյուղացիների շահերը կպաշտպանի, որովհետեւ դրա համար է կոչված»:

Մղարթ գյուղը ծրագրին տվել է իր նախնական համաձայնությունը: Ըստ Մանե Թանդիլյանի, Մղարթի բնակիչներն ուղղակի լավ չեն պատերացնում խնդիրը եւ չգիտեն, թե ինչ կպատահի իրենց համայնքին. «Թեղուտը Լոռիում վառ օրինակ է, թե ինչ չպետք է անել եւ գյուղացինեը ինչ չպետք է անեն, եթե չեն ուզում վտանգել իրենց գյուղը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Minas says:

    Մղարթ գյուղի մի քանի բնակիչներից ստորագրություն է կորզվել գյուղի խմելու ջրի խնդիրը լուծելու բանավոր խոստմամբ: Իսկ նրանց աղբյուրները չորացել են «մուլտիգրուպին» պատկանող մոտակա հանքի պայթեցումներից, ինչպես նաեւ տներն են խարխլվել: Այսպիսով, մղարթեցիները լավ են պատկերացնում հանքի օգուտն ու վնասը, ինչպես նաեւ հանք բացողների սուտ խոստումների արժեքը: Բայց բարեսիրտ լոռեցի լինելով, նրանք մտածել են «գուցե էս մեկը չի խաբի», իսկ այդ հանք ասածն էլ դատարկ դուրս գա, հողերը չավերվեն! Մի խոսքով – միամիտ Լոռի!

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930