Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Բաղդասարյանը կասկածում է` ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվի (տեսանյութ)

Նոյեմբեր 23,2017 16:36

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը կասկածում է, որ վաղը Բրյուսելում ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կստորագրվի: Փաստաթղթի ստորագրումից մեկ օր առաջ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ու «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի»  կազմակերպված քննարկման ժամանակ նա այսպես բացատրեց իր տեսակետը. «Հայաստանի իմիջի, պատվի հետ կապված լուրջ առաջընթաց է ակնկալվում: Մեր վասալային կեցությունից դուրս գալու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ռեսուրսները կմեծանան, որը անմիջապես կանդրադառնա եւ քաղաքական, եւ տնտեսական գործընթացների վրա»:
Իր զեկույցը վերաբերվում էր Արցախի հակամարտության կարգավորման հարցին: Համաձայնագրում ամրագրված է` հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում, կողմերը հասկանում են, որ կարգավորմանը պետք է շուտ հասնել, զերծ մնալ ուժի սպառնալիքից, կիրառումից, հարգել պետությունների տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Նա կարեւոր է համարում, որ ՀՀ-ԵՄ Հռչակագրում կարգավորման սկզբունքներից որեւէ մեկը չի գերադասվում կամ ստորադասվում: Իսկ սա նշանակում է, որ ԵՄ-ն պարզ ու հստակ դիրքորոշում ունի արցախյան հակամարտության կարգավորման հարցում: Ասում է`այն նման է Վրաստանի եւ Ուկրաինայի Հռչակագրերին: Կարծում է, որ Վրաստանի, Ուկրաինայի խնդիրները պետք է առանձնացնել Արցախի հարցից: «Կարծիքներ կան, որ նույնը լինելու է նաեւ Ադրբեջանի հետ ԵՄ ստորագրվելիք պայմանագրում: Առաջարկվում է հատուկ կարծիք հայտնել, վերապահումով ստորագրել հռչակագիրը կամ չստորագրել այն, եթե լինի մոտեցման փոփոխություն: Առաջարկվում է անգամ չստորագրել Հայաստանի եւ Եվրամիության միջև այս համաձայնագիրը: Իրոք, կան տեղեկություններ, որ որոշ երկրներ ձգտում են գագաթաժողովի մասնակիցների աջակցությունը ստանալ տարածքային ամբողջականության դրույթի վերաբերյալ: Խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ, դրան հստակ աջակցում են Ուկրաինան, Վրաստանը»,- ասաց նա`հավելելով, որ ԵՄ-ն ստիպված է հաշվի նստել նոր իրողությունների հետ`Իրաքյան Քրդստանի, Կատալոնիայի հանրաքվեներ: Բայց, հստակ է, որ Արցախի հարցը որեւէ այլ հարցի հետ չպետք է նույնականացնել:
Ինքը էական է համարում, թե Հռչակագրի ո՞ր մասում է տեղ գտնելու այս դրույթը. Ընդհանուր հռչակագրային կե՞տ է լինելու, թե ներկայացվելու է որպես հակամարտությունների հաղթահարման սկզբունք:

Մանրամասները`տեսանյութում.

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930