Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ

Նոյեմբեր 24,2017 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հարյուր տասներկուերորդ

ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ

Ժորա Հարությունյանի մասին քչերը գիտեն, եւ հիմա ձեզնից շատերն իմ էս հերթական հիշեցումից հետո իմացան, որ անցյալ դարի կեսերին Ժորա Հարությունյանի գրչով արարված «Սրտի արատն» ու Գվիդոնն իսկական իրադարձություն էին՝ Ֆրունզիկ Մկրտչյանի անմիջական  մասնակցությամբ ու աջակցությամբ, եւ «Սրտի արատից» մի քանի տարի հետո էլ նույն Սունդուկյանի անվան թատրոնում նույն Ժորա Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմն» էր բացառիկ  իրադարձություն՝ նույն Ֆրունզիկ Մկրտչյանի գրեթե միանձնյա կատարմամբ, եւ եթե ես չհիշեցնեմ, քչերը կիմանան, որ նույն Ժորա Հարությունյանը հեղինակն է նաեւ «Հարսնացուն հյուսիսից», «01-99», «Ոսկե ցլիկը» եւ  այլ հանրահայտ ֆիլմերի, ավելի ճշգրիտ՝ էդ ֆիլմերի  սցենարների.  այսինքն, թատերասեր ու կինոդիտող հասարակությունը Ժորա Հարությունյանի ստեղծագործություններն ու դրանց հերոսներին ավելի լավ գիտեր, քան իրեն՝ Ժորա Հարությունյանին, եւ ճիշտ այդպես ժամանակին Խաչիկ Հրաչյան փայլուն գրողի ու մտավորականի մասին քչերը գիտեին, մինչդեռ իր գրական հերոս Փնթի Սեթին անխտիր բոլորն էին ճանաչում, եւ դա էլ երեւի իրենց գրողական առանձնահատուկ ճակատագիրն էր, եւ գրողական իրենց էդ ուրույն ճակատագրից ոչ Խաչիկ Հրաչյանն էր առանձնապես սրտնեղում, ոչ էլ մանավանդ Ժորա Հարությունյանը, եւ եթե Խաչիկ Հրաչյանը ժամանակ առ ժամանակ սրտնեղում էլ էր, սրտնեղում էր ոչ թե էն հանգամանքից, որ ընթերցողներն իր ստեղծած Փնթի Սեթին ավելի լավ գիտեն, քան՝ իրեն, այլ էն հանգամանքից, որ ընթերցողներն իր ստեղծած էդ Փնթի Սեթին ավելի լավ գիտեն, քան՝ իր ստեղծած առավել արժանավոր ու առավել հարգարժան պերսոնաժներին ու հերոսներին, եւ ինչքան էլ Խաչիկ Հրաչյան գրողն ու մտավորականը նեղսրտեր էդ փաստից, փաստը մնում էր փաստ, որ Խաչիկ Հրաչյանի ստեղծած Փնթի Սեթն ավելի հայտնի ու ճանաչված էր, քան ինքը՝ Խաչիկ Հրաչյանն ու Խաչիկ Հրաչյանի ստեղծած առավել արժանավոր հերոսները՝ Ուրցի Մարանը եւ ուրիշներ, և նույն կերպ քաջարի զինվոր Շվեյկին են ավելի շատ ու ավելի լավ ճանաչում, քան Շվեյկին ստեղծած Յարոսլավ Հաշեկին, եւ Ոդիսեւսին էլ ավելի լավ գիտեն, քան՝ Հոմերոսին, եւ Դոն Կիխոտին էլ Սերվանտեսից լավ գիտեն, եւ նույնիսկ մեր Մետաքսում Սերվանտեսին Դոն Կիխոտից քիչ գիտեին, որովհետեւ Մետաքսում միայն Գոնչի համադասարանցիներս գիտեինք, որ ծննդականով Գոնչի անունը Մարտիրոսյան Սերվանտես է, եւ, իհարկե, էս իմաստով ամենաչճանաչվածը մեր Գրողների միության գրական ֆոնդի երկարամյա նախագահ Ժորա Հարությունյանն էր, եւ եթե այլոց չհիշեցինք, էդ դեռ չի նշանակում թե՝ ուրիշ էդպիսիք չկան. կան, էն էլ՝ բավական շատ, եւ նրանց անուն առ անուն չհիշելը մեր կողմից պարզապես անշնորհքություն կլինի:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930