Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչ եղավ, երբ քաղաքացին դիմեց վարչապետին

Նոյեմբեր 24,2017 14:00
dat

Քաղաքացին հաղթել է կառավարությանը

Դեռեւս տարիներ առաջ, երբ ՄԻ պաշտպանը Կարեն Անդրեասյանն էր, ՀՀ քաղաքաշինության նախարարին բարձրաձայնվեց Երեւանի Գաջեգործների թիվ 40 քանդման ենթակա վթարային շենքի ոչ բնակելի տարածքների սեփականատերերի խնդիրների լուծման մասին հարցը: Ի պատասխան ՄԻՊ-ի՝ ՀՀ քաղաքաշինության նախարարը դիրքորոշում հայտնեց, թե այդ տարածքների սեփականատերերին ֆինանսական աջակցության տրամադրման հարցը համարվում է ոչ արդիական։
Պարզվեց՝ լավ էլ արդիական է: Վարչական վարույթների մեջ՝ քաղաքացին ընդդեմ կառավարության, այդ տարածքի հետ կապված գործը ասվածի վկայությունն է:

Մինչ դատարան դիմելը, Ռադիկ Օհանջանյանը 2015 թվականի նոյեմբերի 18-ին գրավոր դիմել է ՀՀ վարչապետին՝ խնդրել սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի փոխհատուցման հարցը լուծել՝ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած կարգի համաձայն։ Սակայն ՀՀ վարչապետին ուղղված հայցվորի դիմումը ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետի գրությամբ հասցեագրվել է Երեւանի քաղաքապետարան: Հետեւել էր քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա. Ամյանի 22.12.2015 թվականի պատասխան գրությունը, համաձայն որի՝ հարցի լուծման համար համապատասխան օրենսդրական ակտ՝ ՀՀ կառավարության որոշում, դեռ չկա։ ՀՀ կառավարության անունից քաղաքապետարանը մերժել է Գաջեգործների փողոցի թիվ 40 հասցեի քանդման ենթակա վթարային բազմաբնակարան շենքի առաջին հարկի 76.8 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի դիմաց փոխհատուցում ստանալու քաղաքացու օրինական դիմումը։

Գաջեգործների թիվ 40 շենքի 76.8 քմ ոչ բնակելի տարածքի սեփականատեր Ռադիկ Օհանջանյանն անցյալ տարվա փետրվարի 9-ին հայցադիմում ներկայացրեց ՀՀ վարչական դատարան ՀՀ կառավարության դեմ՝ ՀՀ կառավարությանը քանդման ենթակա՝ վթարային ճանաչված Գաջեգործների նշյալ տարածքի իր սեփականության իրավունքից փաստացի զրկված լինելու համար բարենպաստ վարչական ակտ ընդունելու միջոցով այդ գույքի շուկայական արժեքի չափով փոխհատուցելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
ՀՀ վարչական դատարանը դեկտեմբերի 16-ին բավարարել էր քաղաքացու հայցադիմումը: ՀՀ կառավարությունն այդ որոշումը վիճարկել է վերաքննիչ վարչական դատարանում, որտեղ ավարտվել է գործի քննությունը, եւ դատավորը մտել է խորհրդակցական սենյակ: Նոյեմբերի 29-ին կհրապարակվի որոշումը:

Գաջեգործների փողոցի թիվ 40 շենքը քանդման ենթակա վթարային՝ չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող ճանաչվելուց հետո ՀՀ կառավարության 25.10.2000թ. թիվ 682 եւ 20.03.2008թ. թիվ 294-Ն որոշումների հիման վրա տեղի բնակիչները 2008 թվականի մայիսին վերաբնակեցվեցին:

ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումներով սահմանվեց միայն 4-րդ կարգի վթարային ճանաչված քանդման ենթակա, բնակելի տարածությունների փոխհատուցման կարգը, իսկ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի փոխհատուցման հարցը այդ որոշումներով չկարգավորվեց եւ մինչ օրս մնացել է չլուծված հարցերից մեկը: ՀՀ կառավարության թիվ 294-Ն որոշման 2-րդ կետով հանձնարարվեց ՀՀ քաղաքաշինության նախարարին, Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ մարզպետներին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-ամսյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Քանդման ենթակա վթարային բնակելի տների ոչ բնակելի տարածքների սեփականատերերին փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Վարչական դատարանում հայցվորը տեղեկացրել է, որ դրա վերաբերյալ մինչ օրս որեւէ որոշում չի ընդունվել։ ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի թիվ 9 արձանագրությամբ՝ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, ինչպես նան քանդված բնակարանային ֆոնդի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովման հայեցակարգին։ Հայեցակարգի 7-րդ կետի «բ» կետի համաձայն՝ քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրի շրջանակներում ընդգրկված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի տարածքների դիմաց տրամադրվելու է ֆինանսական աջակցություն այդ գույքի շուկայական արժեքի չափով։ Քանդված բնակարանային ֆոնդի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային ծրագրերի իրականացման պայման է հանդիսանում բնակիչների ապահովման խնդիրները լուծելուց հետո վթարային շենքերի պարտադիր քանդումը։ Ի դեպ, արձանագրությամբ հաստատվել էր նաեւ իրավական ակտերի ընդունման միջոցառումների ժամանակացույցը։

Քանդված բնակարանային ֆոնդի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովման պետական աջակցության առաջնահերթ ծրագրի իրականացում միջոցառման համար սահմանվել է «սկսած 2017 թվականից» ժամկետը։
Հայցվորի հիմնավորումը, որը հաստատել էր վարչական դատարանը, այն էր, որ 4-րդ աստիճանի վնասվածքներ ունեցող այդ շենքը վթարային է, բնակվելու եւ շենքի որեւէ տարածքում պարզապես գտնվելու համար վտանգավոր, հետեւապես եւ փաստացի տիրապետել շենքում գտնվող գույքը հնարավոր չէ, տարածքը վտանգավոր լինելու հետեւանքով այն չի կարելի օգտագործել եւ այդ պատճառով չկա դրա օգտակար հատկություններից օգտվելու փաստացի հնարավորություն, եւ վերջապես՝ հայցվորը զրկված է նաեւ այդ գույքի ճակատագիրը տնօրինելու հնարավորությունից, քանի որ «ՀՀ կառավարության թիվ 682 որոշմամբ սահմանված կարգով քանդման ենթակա վթարային ճանաչվելուց հետո այդ շենքում գտնող հայցվորին պատկանող տարածքը պարտադիր քանդման ենթակա լինելու հանգամանքով պայմանավորված՝ կտրուկ սահմանափակվել է իրերի քաղաքացիական շրջանառության մեջ որպես օբյեկտ եւ ապագայում քանդման հետեւանքով ընդհանրապես վերացվելու պատճառով դադարել է քաղաքացիական իրավունքի այլ սուբյեկտների մոտ որպես անշարժ գույք որեւէ հետաքրքրություն առաջացնելու իր հատկությունից»։

Այսինքն, քաղաքացին 2008 թվականից մինչ օրս պարզապես զրկված է իր սեփականությունից:

Քաղաքապետարանը հայցվորին մինչ այժմ համարժեք փոխհատուցում չվճարելը պատճառաբանել էր, թե «իր տիրապետման ներքո առկա չէ Գաջեգործների փողոցի թիվ 40 շենքի քանդման ենթակա վթարային շենքի առաջին հարկի՝ հայցվորին պատկանող 76.8 ք/մ մակերեսով ոչ բնակելի տարածքի հանձնման-ընդունման արձանագրություն»։ Սակայն տարածքի ընդունում-հանձնումը հայցվորի որեւէ պարտականության մեջ չի մտնում: ՀՀ կառավարության անունից հանդես եկող քաղաքապետարանը պետք է իմանա, որ եթե անգամ կա քանդման ենթակա տարածքի փոխհատուցում իրականացնելու համար Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման հետ հանձնման-ընդունման ակտի կայացման ընթացակարգ, ապա դրա իրականացնելու պարտականությունը կրել է եւ կրում է Երեւանի քաղաքապետարանը՝ որպես պետության պատվիրակված լիազորությունները կատարող պատասխանատու սուբյեկտ։ Ըստ քաղաքապետարանի պատասխանի, ՀՀ կառավարության 25.10.2000 թվականի թիվ 682 որոշման հիման վրա վերաբնակեցվել են քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային Գաջեգործների փողոցի հ. 40 բազմաբնակարան շենքում բնակվող ընտանիքները։ Նշված շենքի հ. 20 բնակարանից Երեւանի քաղաքապետի 14.02.2008 թվականի թիվ 522-Ա որոշմամբ վերաբնակեցվել է նաեւ Ռադիկ Օհանջանյանի ընտանիքը։ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումը չի նախատեսում որեւէ աջակցություն շենքում գտնվող ոչ բնակելի տարածքների սեփականատերերին։

Ըստ գործադիրի, ՀՀ գործող օրենսդրությամբ դեռեւս կարգավորված չէ հայցվորի կողմից բարձրացված հարցը, հետեւաբար իրավական նորմի բացակայության պայմաններում անհիմն է հայցվորի պահանջը։

Իսկ ով էր օրենք մշակելու, կարգավորելու, քաղաքացի՞ն:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

23.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930