Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Լավրովի ասածներն ինդուլգենցիա չեն

Նոյեմբեր 24,2017 14:30

Հարցազրույց Արցախի Հանրապետության
նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ

– Հայաստանի քաղաքական կյանքի գլխավոր ինտրիգը կարծես Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովն է, որի ժամանակ նախատեսված է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը: Թեեւ ՀՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով պնդում են, որ ստորագրելու են համաձայնագիրը, շատ քաղաքական գործիչներ դեռ թերահավատություն ունեն: Կա՞ն հանգամանքներ, որոնք այս անգամ էլ կստիպեն ՀՀ-ին վերանայել խրոխտ հայտարարությունները:

– Թեեւ, որքան գիտեմ, գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի տեքստը դեռեւս վերջնականապես համաձայնեցված չէ, ու դրանում պետությունների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հիմնադրույթների փոխընդունելի ձեւակերպման խնդիրը դեռեւս առկա է, այդուհանդերձ կարծում եմ, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա: Հատկապես վերջին տարիների աշխարհաքաղաքական վայրիվերումների համատեքստում այդ համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ հայկական դիվանագիտության կարեւորագույն ձեռքբերումը, որի համար արժե շնորհավորել բոլոր նրանց, ում հրահանգով կամ մասնակցությամբ հնարավոր դարձավ հասնել այս հանգրվանին:

– Բրյուսելյան գագաթնաժողովից օրեր առաջ ՀՀ նախագահի այցը Մոսկվա, ՌԴ նախագահի հետ զրույցից հետո արված հայտարարությունները, ՌԴ պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքի հայտնի ռեպորտաժը, դրան հետեւած ներողությունը եւ հաղորդման հեռացումը հեռուստաընկերության յութուբյան էջից ի՞նչ են Ձեզ հուշում. հայ-ռուսական հարաբերություններն այն մակարդակում եւ հարթության վրա՞ են, ինչ որ ներկայացնում են իշխող ՀՀԿ-ում: Կամ, գուցե, մի քայլ վերեւ-ներքե՞ւ են:

– Չեմ բացառում, որ պարոն Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցելության ժամանակ ՀՀ-ԵՄ համաձայնագրին լրացուցիչ անդրադարձ եղել է, բայց, թերեւս, ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկված առանցքային թեման դրանից երեք օր առաջ տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներին է վերաբերել: Չմոռանանք, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի տեքստն արդեն տեւական ժամանակ է, ինչ գտնվում է բաց շրջանառության մեջ, իսկ ես նաեւ վստահ եմ, որ հայաստանյան պատասխանատուներն իրենց ռուսաստանցի գործընկերներին դրան ծանոթանալու հնարավորությունն ավելի վաղ են ընձեռել, ու մինչ հրապարակումը նրանց հետ քննարկվել ու համաձայնեցվել են դրա դրույթները:

Այսինքն՝ ռուսական կողմը, հավանաբար, շատ ավելի վաղ է տվել իր համաձայնությունը ՀՀ-ի կողմից այդ փաստաթուղթը ստորագրելուն, եւ դրա համար կարիք չկար, որ պարոն Սարգսյանը հատուկ այց կատարեր Մոսկվա: Ավելին` կարծում եմ, որ միջազգային հարաբերությունների համակարգում Ռուսաստանի համար ներկա պահին ստեղծված ոչ նպաստավոր պայմաններն անգամ կարող էին նախադրյալներ ստեղծել, որպեսզի Կրեմլում շատ բարեհաճ աչքով նայեն Հայաստանի ու ԵՄ-ի մերձեցման հեռանկարին նաեւ սեփական հեռահար նպատակների ապահովման համատեքստում, բայց որպեսզի այդ «տարօրինակ» բարեհաճությունը շատ կասկածելի չթվա, նաեւ ՀՀ իշխող վերնախավի հասցեին ուղղված խիստ բացասական ու տհաճ գնահատականներ հնչեցնելու անհրաժեշտություն են տեսել: Այդ գնահատականները հնչեցնելու համար էլ օգտագործվել է, փաստորեն, ՌԴ ՊՆ գործունեության քարոզչական գովազդն ապահովող «Զվեզդա» հեռուստաընկերության հարթակը, որին, ամենայն հավանականությամբ, ավելի շատ ուշադրություն են դարձնում ու հետեւում Ռուսաստանի սահմաններից դուրս: Մեծ հաշվով, կարող ենք ասել, որ այդ հաղորդումն ավելի շատ ՀՀ գործող իշխանությունների գովազդն էր, որի հասցեատերերը եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներն էին:

– ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպումից հետո ռուսական լրատվամիջոցները գրեցին, որ Պուտինը Սարգսյանին թույլատրել է ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրել: Հայկական որոշակի շրջանակներում դա նույնիսկ ոգեւորություն առաջացրեց: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

– Հանգիստ եմ վերաբերվում` ինձ համար անակնկալ չի լինի, եթե պարզվի, որ ռուսական լրատվամիջոցների այդօրինակ պնդումները համապատասխանում են իրականությանը: Դրանով հանդերձ՝ կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը կարեւոր է Հայաստանի համար՝ անկախ այն հանգամանքից, որ, հավանաբար, այն կարող է ձեռնտու լինել նաեւ մեր ռուսաստանցի գործընկերներին: Գուցե սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ այն, ինչ ձեռնտու է մեզ, ձեռնտու կարող է լինել նաեւ Ռուսաստանին, եւ այդ հանգամանքը որեւէ կերպ չպետք է նսեմացնի կամ ստվերի այդ փաստաթղթի կարեւորությունը հայկական շահերի ապահովման համատեքստում:

– Իսկ տարածաշրջան կատարած իր հերթական այցով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ի՞նչ մեսիջներ ուղղեց Ադրբեջանին, Հայաստանին, նույնիսկ ԱՄՆ-ին փորձեց ինչ-որ բան հասկացնել: Շատերը միանշանակ չընդունեցին Երեւանում ՌԴ ԱԳ նախարարի արած այն հայտարարությունը, որ Արցախի հարցը շուտափույթ լուծում չունի: Իշխանական շրջանակներում ասում են` Լավրովը նկատի ուներ Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը: Միայն դա՞ նկատի ուներ:

– Հավանաբար պարոն Լավրովի այցն Ադրբեջան ու Հայաստան, հատկապես Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, նպատակ ուներ կրկին ընդգծելու, որ հակամարտության կարգավորման գործընթացի ճակատագիրը հիմնականում կախված է հենց Ռուսաստանից, իսկ դրա հանգուցալուծումը պետք է հիմնվի տարածաշրջանում ՌԴ երկարաժամկետ շահերն ապահովող ռազմաքաղաքական ու տնտեսական առաջնահերթությունների ապահովման գերակա սկզբունքի վրա: Ընդ որում, ոչ մի արտաքին դերակատար այս հարցում լուրջ պատասխանատվություն ստանձնելու հավակնություն չպետք է ունենա: Այդուհանդերձ, չարժե «հույսեր» կապել պարոն Լավրովի այն պնդման հետ, ըստ որի՝ հակամարտության կարգավորումը շուտափույթ լուծում չունի. նրա ասածն ամենեւին էլ չի նշանակում, որ ստատուս քվոն կպահպանվի նույնքան տեւական ժամանակ:

Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն իսկապես կարող է շատ երկար տեւել, բայցեւ անգամ դրանով հանդերձ՝ չհանգեցնել կայուն ու տեւական խաղաղության հաստատման: Այդ գործընթացի շրջանակներում կարող են մեր շահերը ոտնահարող գործողություններ նախաձեռնվել, որոնք ուղղված կլինեն մինչ 2016-ի ապրիլը գոյություն ունեցած ստատուս քվոյի հետագա մսխմանը: Այնպես որ, թող մեր պատասխանատուներն ու բանակցողները պարոն Լավրովի ասածները որպես այս հարցում սեփական անգործության եւ նոր բանակցային մոտեցումների մշակման ու ներդրման պահանջից հրաժարվելու համար տրված բավարար երաշխիք կամ ինդուլգենցիա չհամարեն:

– Թուրքիայից հայտարարություններ են հնչում, որ Արցախյան հարցի միակ կարգավորողը ՌԴ-ն է: Եթե նկատի ունենանք տարածաշրջանային զարգացումները` ի՞նչ նպատակով են Թուրքիայից նման ռեւերանսներ արվում ՌԴ-ին:

– Թուրքիան ակտիվորեն ներթափանցում է Հարավային Կովկաս, իսկ Ռուսաստանի հետ մինչ այդ փչացած հարաբերությունների վերականգնման շնորհիվ այժմ կակտիվացնի իր ջանքերն այս ուղղությամբ: Ուստի այս պահին Ռուսաստանի հետ կրկին առճակատվելը կամ էլ վերջինիս հետ այստեղ բարձրագոչ հայտարարությունների մակարդակում անիմաստ մրցակցության մեջ մտնելն Անկարայի շահերից չի բխում: Թուրքերը շեշտը կդնեն ժամանակի գործոնի վրա` նրանք այսօր ջրի ճամփա են սարքել ինչպես Վրաստանը, այնպես էլ Ադրբեջանը, եւ կարող են հույս ունենալ, որ արդեն երկու-երեք տարի անց հենց Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու հաշվին կկարողանան իրենց համար նոր, ռազմավարական դիրքեր ձեռք բերել մեր տարածաշրջանում: Այսինքն՝ այժմ թուրք պատասխանատուները կարող են հանգիստ շողոքորթություններ շռայլել Ռուսաստանի հասցեին՝ լավ հասկանալով, որ ստեղծված պայմաններում ժամանակը դեռ իրենց օգտին է աշխատում:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

23.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930