Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա հաղթեց, իսկ մենք ուղղակի լռեցինք»

Նոյեմբեր 24,2017 14:50

2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը 19-ամյա «թագավորը»՝ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, վերջին մարտը տվեց թշնամու դիվերսիոն մեծաքանակ խմբին: Զգուշացրեց հրամանատարներին և սկսեց կատաղի դիմադրել. տղերքը՝ իր նման մյուս թագավոր տղերքը, որ շտապում էին դիրքավորվել, թիկունքում էին. ամեն գնով պաշտպանել էր պետք. թեկուզ արյան գնով, թեկուզ… կյանքի: Այդպես էր պետք… այդպիսին էր… այդպես էր ապրել:

Տատը երազել էր, որ Արմեն ծնվի` կյանքը չվայելած հորեղբոր անունով: Ու երբ ծնվեց, աշխարհը լցվեց Արմեններով,  8 թոռները` մի կողմ, Արմենը՝ մի կողմ: Ասում է՝ իր ծոցում է մեծացրել: Գուցե այդ ջերմության առատությունն էր, որը փոքրիկ Արմենը շաղ էր տալիս շուրջբոլորը, ամենքի համար կենարար ջուր դառնում, ծարավ հագեցնում, ու մինչև վերջ տալիս:

Տատին իր  ծննդյան տորթը երշիկներով էր զարդարել տվել. Արմենի համար ավելի համով բան աշխարհում չկար: Եվ երբ հարազատներից մեկը գեղեցիկ փաթեթավորված երշիկ էր նվիրել, ուրախությանը չափ չէր եղել:

«Իր դեմքին տխրություն չեմ տեսել, բալես»,-լացում է տատի հոգին: Ամանորին ծնողներն իրեն և 3 քույրերին մե՜ծ-մե՜ծ կոնֆետներ էին նվիրել: Տան ամենափոքրը` Արմենը, թուքը կուլ տալով, սպասել էր առաջինը քույրերն ուտեն, իսկ ինքը բաժանել էր տատին, հորն ու մորը: Կերել էր միայն, երբ համոզվել էր՝ բոլորն ունեն:
«Լույս էր տան մեջ, վառվող ճրագ էր»,-ցավը  ձայնի մեջ խեղդելով` ասում է Գոհարը՝ մորաքրոջ աղջիկը:
3 քույրերից եղբոր պես սիրում էր ամենափոքրին. իր ընկերն էր, իրեն ամենահեշտը հասկացողը, իր «հանցակիցը»:

… Դպրոցում ամենասիրած առարկան գծագրությունն էր, նկարել շատ էր սիրում, նկարում էր գրեթե բոլոր դասերին:

Մնացած դասերը սովորում էր՝ սովորելու համար, ավելի բարձր դասարաններում դպրոց էր գնում մեկ տետրով:
Ընկերներից  Ռաֆիկը,  ով  թե´ մանկության, թե´ դպրոցական, և  թե զինվորական տարիների ընկերն է, հիշում է, որ դպրոցում դասից փախչում ու  տուն էլ չէին գնում, երկար  թափառում էին, միշտ միասին են եղել, իսկ դպրոցից հետո որոշ ժամանակ  միասին էլ ծառայել են:

 «Ետևի շարքում էր նստում, կխփեր ուսիս, որ շրջվեմ ու մեկ էլ … սկսում էր անեկդոտներ պատմել: Ինչ գժություն ասես, չենք արել, շատ խելացի էր ու շատ սիրուն էր նկարում: Հա, իսկապես սիրուն էր նկարում Արմենը,  մի քանի րոպեում էնքան տիպիկ մի բան կնկարեր… ծիածանի բոլոր գույներն ուներ իր մեջ:
դա էլ իր գույներից մեկն էր, գուցե ամենաարտահայտիչը, որ չէինք նկատում, չէինք զգում մեր կողքին» – ասում է դասընկերուհին`Գայանեն:

Դասընկերներից Արևն էլ հիշում է. «5 տարի իրար կողք ենք նստել, մի օր էլ դասղեկը որոշեց առանձին նստացնել` շատ խոսելու պատճառով:  Մեկ է՝ չէր օգնում:
«Չէր թողնի, որ ինչ-որ մեկը հանկարծ դասարանի աղջիկներից մեկին նեղացնի:
Ու ես չեմ զարմանում, որ կարող էր մենակ դուրս գալ մարտի…»:

Իրենց մանկության հուշերում կարոտած փնտրում ու միշտ գտնում  են Արմենին դասընկերները:

Դպրոցից հետո սկսեց սովորել Մշակույթի պետական քոլեջում. դհոլ էլ էր նվագում, ինքնուրույն էր սովորել:
«Փակում էր սենյակի դուռն ու նվագում էր, սիրած գործն էլ «Արցախն»  էր»:

«Պատասխանատու ու վստահելի ուսանող էր»,- կուրսղեկն է պատմում,-Եթե ուսանողներից մեկը պատրաստ չէր դասին, այնպես էր անում, որ դասախոսը նրա անպատրաստ լինելը չնկատեր»: Ասում են՝ նույնիսկ ընկերների համար գնում էր դասախոսների հետ բանակցելու, որ հանկարծ որևէ մեկը դուրս չմնա քոլեջից: Էդպես էր պետք… էդպես ապրում էր:

Ընտանիքում միշտ դեմ են եղել, որ Արմենը սովորելու հետ նաև աշխատի. ոչ մեկին չի լսել:

Մայրը տղայի տետրերից մեկում  մի մեծ ցուցակ էր գտել` նշված   աշխատատեղերի հասցեներով. «Չէր համակերպվում էն մտքի հետ, որ վճարովի  էր սովորում, ուզում էր մի բանով օգնած լիներ»:

Առաջին աշխատավարձին տատին երկարաճիտ կոշիկներ էր գնել, տատը դեմ է եղել, ո՞նց թե, թոռն իր ձեռքի  մի քանի կոպեկն իր վրա ծախսի… անօգուտ, ասել ու ասածն արել էր:

Արմենի զինակից ընկերներն էլ  նկատել էին`  դիրքերում եղած ժամանակ, երբ հացի էին նստում, սպասում էր մինչև բոլորն ուտեին, նոր ինքն էր ուտում:

Միշտ ջղայնացել է  տան էն զրույցների համար`  ո՞նց անեն, որ տղան ապահով տեղ ծառայի…«Չէ Արցախ…  էտ հողն ինձ է սպասում»:

2012թ-ի հունիսի 30-ին` ծննդյան օրը, Արմենը գնաց բանակ: «Էդպես նա հաղթեց, մենք ուղղակի լռեցինք»- անզոր ձայնով ասում է մայրը:

Երբ վերջացել են փամփուշտները, վազել  է գնդացրին` ամեն գնով փորձելով  հակահարված տալ: Տվեց հակահարվածը,  տվեց նաև ավելին ու ամենավերջինը` կյանքը:  Այդպես էր պետք…, այդպիսին էր…

Տատը հիշում է` ծիրան շատ էր սիրում: Էդ  տարի չէր կարողացել թոռանը իրենց հողամասի ծիրանից ուղարկել…  մուրաբան էր  դրել, որ տանեն, տարել էին,  բայց էդպես էլ չէր հասցրել ուտել…
Հետո մի քանի բանկա մուրաբա զինվոր ընկերիներից մեկի հետ ուղարկել էր զորամաս ու պարտադրել , որ տղերքի հետ ուտեն.  «Տղես չկերավ, գոնե դուք ուտեք…»

Անընդհատ փորձում էր չլացել, բայց խեղդում էին  արցունքներն ու ակամայից գլորվում աչքերից …

 

Այն տանը, որտեղ ապրել ու մեծացել է Արմեն Հովհաննիսյանը, այժմ գտնվում է նրա փառքի անկյունը: Ծնողներն էնտեղ պահպանել են ամեն ինչ, ինչը կապված է իրենց  որդու հետ

Հիմա Արմենի  քրոջորդին   է կրում իր անունը, նա  է իր քեռու գործը շարունակողը:
«Մեզանից յուրաքանչյուրը պետք  է էնպես անի, որ ապագա   զինվորը հասկանա, որ  իր ժամանակի հերոսը հենց իր պես  տղա է»,- ասում է Արմեն Հովհաննիսյանի  մայրը:

Մերի Գևորգյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930