Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնապատկեր ստորագրումից հետո. մի քանի ուրվագծեր

Նոյեմբեր 28,2017 22:00

Հայաստանի Հանրապետությունը եւ Եվրոպական Միությունը նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրեցին համաձայնագիր՝ համապարփակ եւ խորացված գործընկերության մասին: Այն Հայաստանին տեղափոխում է դեպի մի նոր իրողություն՝ ձեւավորելով նոր համայնապատկեր, պայմանավորված այդ համաձայնագրով ամրագրված՝ հեռուն գնացող դրույթներով եւ բացվող՝ իրավաբանական ուժ ստացած հնարավորություններով:
Այս փաստաթուղթն իր նշանակությամբ ամենակարեւորն է Հայկական պետականության համար՝ Անկախության հռչակագրից եւ հանրաքվեից եւ Հայաստանի՝ որպես անկախ պետության, միջազգային ճանաչումից հետո եւ ունի պատմական նշանակություն: Այն հնարավորություններ է բացում ամրության մեծ պաշար հաղորդել մեր պետականությանը՝ փոխադարձ պարտավորություններ սահմանելով Հայաստանի եւ ԵՄ-ի համար, տեղափոխելով փոխհարաբերությունները որակապես ավելի բարձր հարթություն:

Նայելով համաձայնագրի նախապատմությանը եւ այդ հանգրվանին տանող ճանապարհի ընթացքին, հաշվի առնելով այն, պայմանականորեն ասած՝ մեկնարկային պայմանները, որոնցից Հայաստանը սկսեց իր ընթացքը դեպի այս նոր հանգրվանը, անհրաժեշտ է կատարել մի քանի արձանագրումներ, որոնք կպահանջվեն պատշաճ գնահատականի համար:

Նախ՝ Հայաստանը, մնացած հետխորհրդային երկրները, սովետական ճամբարի մեջ ներառված Արեւելաեվրոպական պետությունները չէին ստանա իրական անկախություն, եթե իր իսկ ծանրությունից չփլուզվեր սովետական կայսրությունը: Առանց դրա հնարավոր չէր լինի խոսել Լեհաստանի, Հունգարիայի, Չեխիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Բալթյան երկրների եւ այլոց՝ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցության, Միասնական Եվրոպայի մաս դառնալու, իրականացված բարեփոխումների անշրջելիության մասին, հնարավոր չէր լինի խոսել հետխորհրդային պետությունների անկախության մասին: Ի պատիվ այն ժամանակվա Ռուսաստանի իշխանության՝ պետք է շեշտել, որ այդ գործընթացն ըստ էության անցավ առանց գլոբալ ցնցումների, ի տարբերություն Հարավսլավիայի, եւ ռուս ժողովուրդը բավականին զուսպ ընդունեց սովետական կայսրության փլուզումը, ըստ այդմ՝ հարգանքով ընդունելով ոչ ռուս ժողովուրդների կողմից անկախ պետություն ստեղծելու ձգտումը որպես փաստ եւ պատմական իրողություն: Ռուսաստանի նոր իշխանությունը հռչակեց նոր քաղաքական կուրս՝ ուղղված երկրի արդիականացմանը, ժողովրդավարացմանը, ազատականացմանը, հայտ ներկայացնելով դառնալու քաղաքակիրթ աշխարհի անբաժանելի մասը, ինչը ռուս ժողովուրդն իր պատմական ընթացքով վաստակել էր լիովին:

Սակայն դա տեւեց բավականին կարճ, եւ այդ քաղաքական կուրսից առաջին շեղումները նկատվեցին Կովկասում՝ Հյուսիսային եւ Հարավային: Մի կողմից՝ Մոսկվան դատապարտում էր սովետական անցյալը եւ պրակտիկան, ճանաչում Մերձբալթիկայի անօրինական օկուպացիան, բազմաթիվ ժողովուրդների ցեղասպանությունը եւ բռնագաղթը, մյուս կողմից՝ իրականացնում հայերի տեղահանությունն Արցախում, վարձկաններով եւ զենքով ապահովելով Ադրբեջանին եւ ցեղասպանության ենթարկում չեչեն ժողովրդին՝ արթնացնելով կամ հագուրդ տալով նեոկայսերապաշտական հրեշին: Հենց այդ հրեշն էլ թաղեց ռուսական ժողովրդավարությանը՝ ծնունդ տալով ներկայիս կրիմինալ-չեկիստական ռեժիմին, որը Եվրոպայում Հիտլերից հետո առաջին անգամ հարեւան պետության տարածքը ենթարկեց բռնակցման, նաեւ ստեղծեց միջազգային կոռուպցիոն համակարգ, որն իր սպառնալիքի աստիճանով չի զիջում միջազգային տեռորիզմին եւ դարձել է միջազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը:

Այս մուտացիայի գործընթացը պրոյեկտվեց նաեւ Հայաստանի ներքաղաքական գործընթացների եւ արտաքին քաղաքական դինամիկայի վրա, որը նույնպես իրենից մուտացիա էր ներկայացնում: 1995-96 թվականների խաթարված ընտրությունները Հայաստանում չկարգավորված հակամարտության ֆոնին էապես փչացրին երկրի՝ տարածաշրջանում ժողովրդավարության «կղզյակի» իմիջը՝ սկիզբ դնելով կոռումպացված օլիգարխիայի, փողի եւ իշխանության սերտաճման, «ընկերների համար կապիտալիզմի» համակարգի ստեղծման: Եվ Ռուսաստանում նեոկայսերապաշտ ուժերի կոնսոլիդացմանը զուգահեռ՝ Հայաստանում իշխանության եկան այդ ուժերին սպասարկելուն պատրաստ՝ կոլաբորացիոնիստ ուժերը՝ երկիրը վերածելով «ռուսսկի միռ»-ի տեխնոլոգիաների փորձադաշտի: Եվ այդ մուտացիայի արդյունքում՝ մինչ օրս Հայաստանը որպես պետություն միայն կորցրել է իր սուբյեկտայնությունը, իշխանությունը մսխել է երկրի քաղաքական կապիտալը:

Այդ իմաստով այս համաձայնագիրը շրջադարձային է մեր պետականության ընթացքի ճանապարհին: Պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ, Ռուսաստանի մարգինալացումը միջազգային հարաբերությունների համակարգում, տեղեկատվական եւ հաղորդակցական հեղափոխությունը, քաղաքացիական գիտակցության աճը պայմաններ ստեղծեցին, որպեսզի ներկայիս իշխանությունը, նույնիսկ սեպտեմբերի 3-ի քաղաքական վթարից հետո, շարունակի մերձեցման քաղաքականությունն Արեւմուտքի հետ, Եվրամիության հետ: Դրան մեծապես նպաստեց նաեւ հենց ինքը՝ Ռուսաստանը՝ սկսելով մեծածավալ զինամատակարարումներ Ադրբեջանին եւ գործը հասցնելով ապրիլյան քառօրյա պատերազմի: Անշուշտ, շատ մեծ դեր խաղաց նաեւ սուբյեկտիվ գործոնը: Սերժ Սարգսյանին հաջողվեց այս քայլով զգալիորեն մարգինալացնել ռուսական եւ ռուսամետ շրջանակներին Հայաստանում, որոնց չորս տարի առաջ հաջողվեց խափանել Ասոցացման պայմանագրի ստորագրումը ԵՄ-ի հետ, անվանելով դա «անխուսափելի», Պուտինին երդումներ տալով ներքաշել երկիրը ԵԱՏՄ, հակառակ դեպքում Հայաստանի գլխին կախելով Դոնբասի վերածվելու վտանգը: Ընդամենը հիշեք այն տեղեկատվական տեռորը, որը սանձազերծել էր Մոսկվան ընդդեմ Հայաստանի 2012-13 թվականներին:

Ահա այս ամենից «պոկվեց» Հայաստանը՝ ստորագրելով համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Համաձայնագիրը կարեւոր կայունացնող դեր է խաղալու նաեւ մեր պետության եւ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ապահովման գործում, քանզի այս փաստաթղթով ԵՄ 28 անդամների միասնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ստանում է իրավաբանական ուժ: Այդ դիրքորոշումը համահունչ է Հայաստանի եւ Արցախի դիրքորոշմանը, որը բազմիցս բարձրաձայնվել է պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի կողմից, եւ լուսանցք է մղում Բաքվի առավելապաշտական, անիրատեսական, ագրեսիվ եւ եվրոպական անվտանգությանը սպառնացող դիրքորոշումը՝ դրանով իսկ էապես բարձրացնելով ապագայում հնարավոր լայնամասշտաբ պատերազմ հրահրելու քաղաքական գինը, ինչպես նաեւ զգալիորեն նեղացնելով Ռուսաստանի մանիպուլյատիվ հնարավորությունները: Դա հնարավորություն է տալիս Հայաստանին դիվերսիֆիկացնելու իր արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը, խթանելու է ներքին ռեֆորմացիան՝ ամրապնդելով իմունիտետն ընդդեմ հնարավոր ֆորս-մաժորների, որոնք անխուսափելի են Ռուսաստանի օրինաչափական թուլացմանն ընդառաջ, մանավանդ ներկայիս աշխարհակարգի ճգնաժամի պարագայում:

Անշուշտ, սա այն ամբողջը չէ, ինչին արժանի է Հայաստանը եւ հայ ժողովուրդը իր՝ վերջին հարյուրամյակում անցած պայքարի ճանապարհով: Այս համաձայնագիրը տարբերվում է այն փաստաթղթից, որը ստորագրել են Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան Եվրամիության հետ, տարբերվում է 2013-ին ստորագրմանը պատրաստ փաստաթղթից, որը Երեւանը չստորագրեց: Եվ դա պայմանավորված է, այսպես կոչված, «Եվրասիական միությանը» մեր անդամակցությամբ եւ դրանից բխող պարտավորություններով: Միեւնույն ժամանակ, արդեն իսկ ստորագրված փաստաթուղթը, որը սահմանում է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին, իր հնարավորություններով թույլ է տալիս բազմաթիվ խութեր շրջանցել եւ լայնորեն օգտվել բացվող տնտեսական հնարավորություններից: Սակայն այդ ամենն իրականության վերածելու համար այդ համաձայնագիրը պետք է զերծ մնա անձնավորված կամ կոնյունկտուրային մոտեցումներից, պահանջելու է բարձր, շահագրգիռ քաղաքացիական եւ քաղաքական ակտիվություն հասարակության կողմից, որովհետեւ սա մեր բոլորի պայմանագիրն է, եւ այն միտված է դեպի ապագա՝ կանխորոշելով այդ ապագան:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

28.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930