Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ունենք լավ խոսքեր, չունենք լավ գործեր». Փորձագետը՝ ՀՀ նախագահի ելույթի մասին

Նոյեմբեր 28,2017 21:30

«Հակակոռուպցիոն պայքարը մեզ համար ազգային անվտանգության հարց է, որին այլընտրանք պարզապես չկա: Մեր առաջնային խնդիրներից են շարունակում մնալ այս երևույթին արդյունավետ հակազդելն ու դրանում շոշափելի արդյունքներ արձանագրելը»,- ՀՀ նախագահի այս հայտարարությունը «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի համար սովորական ու հերթական գեղեցիկ խոսքերն են:

«Երեք հատ հակակոռուպցիոն ռազմավարություն է եղել, բայց երբ նայում ենք տարբեր միջազգային կազմակերպությունների գրանցած արդյունքները, տեսնում ենք, որ առաջընթաց չկա, իսկ տարբեր պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու իրական պատկերը հակասում են միմյանց, միակ բացատրությունն այն է, որ գեղեցիկ խոսքից այն կողմ ոչինչ չի գնում, իսկ եթե խոսքից այն կողմ չի գնում, դա նշանակում է քաղաքական կամքի բացակայություն կամ ոչ բավարար մակարդակ»,- կարծում է Վարուժան Հոկտանյանը:

Նրա համար հասկանալի չէ, թե ինչ նկատի ուներ նախագահն իրավապահներին ասելով, թե Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ստանա շատ ավելի կոշտ, շատ ավելի խորքային և ժամանակին համահունչ դրսևորումներ:

«Ինքը չի բացում փակագծերը, կուզենայի հասկանալ՝ խորքային և ժամանակին համահունչ դրսևորումներ ասելով՝ ինչ է նկատի ունեցել, եթե նկատի ունի կոռուպցիայի դեմ համակարգային պայքարը, որ հետո էլ ասում է, թե ՀՔԾ քննիչները խնդիր չպետք է ունենան, թե ինչ պաշտոնյայի գործեր են քննում, ստացվում է կրկին նույն իրավիճակը` ունենք լավ խոսքեր, բայց չունենք դեռ լավ գործեր, որովհետեւ ժամանակին համահունչ դրսեւորումները նշանակում է շատ ավելի լուրջ վիճակագրություն ունենալ ոչ միայն ուղղակի առանձնապես ոչինչ չասող պաշտոնեական դիրքի չարաշահում, այլ կոնկրետ կաշառքի ստացման ու կաշառքի շորթման, մանավանդ պետական բյուջեի միջոցների թալանի, յուրացման դեպքերի, պաշտոնեական կեղծիքի կամ ազդեցության չարաշահման դեպքեր»,- շարունակեց Հոկտանյանը:

Անդրադառնալով դատարանում ու ՀՔԾ-ում քննվող այն գործերին, որոնք հարուցվել են պաշտոնյաների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքերին՝ պարոն Հոկտանյանը նկատեց, որ «մանր ձկներին» միշտ բռնել են, բռնում են ու կշարունակեն բռնել. «Ցանկացած երկրում էլ մանր ձուկը շատ հարգի է, դա նաեւ վիճակագրությունն է լավացնում: Խնդիրն այն է, որ մանրից անցնեն մեծին, այդ որակական փոփոխությունն ու քաղաքական կամքի արտահայտումը այստեղ պետք է երեւա…մեկ-մեկ խոշոր ձկներ էլ բռնում, բայց մի խնդիր կա, անկախ նրանից, թե ինչ չափի ձուկ են բռնում, այդ երեւույթը պետք է դադարի այսպիսի մասշտաբներ ունենալուց ու այսպիսի վնասներ հասցնելուց, չեմ տեսնում, որ մի քանի մանր կամ խոշոր ձուկ բռնելուց հետո տվյալ ոլորտում իրավիճակը լավանա: Այսինքն, կարելի է ենթադրել, որ ձկներին բռնելն այս դեպքում եղել է ինչ-որ հաշիվներ մաքրելու համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930