Նրանց կռիվը Հայաստանի դեմ չէ

Նրանց կռիվը Հայաստանի դեմ չէ

Ռուսաստանյան հեռուստաալիքների՝ Հայաստանի դեմ ուղղված հաղորդումների մասին ամեն ինչ, կարծես թե, ասվել է՝ առանձնապես ավելացնելու բան չկա: Գուցե պարզապես կրկնեմ, որ արտասահմանյան լրատվամիջոցների նկատմամբ մեր ուշադրությունը որոշակիորեն չափազանցված է՝ ի վերջո, իրե՛նք գիտեն, թե ինչ են անում: Առավել եւս չարժե ինքնահաստատվել այդ «լրատվամիջոցների» եւ նրանց ներկայացուցիչների հասցեին «թունդ բառեր» գրելով:

Իհարկե, այդ հակահայկական արշավում ամենակոպիտն ու ցինիկը HTB-ն էր: Թե ինչու էր հատկապես այդ ալիքն իրեն թույլ տվել Հայաստանի հանդեպ ծայրահեղ անպարկեշտ արտահայտություններ, կարող եմ միայն ենթադրություններ անել. գուցե HTB-ի տերը՝ «Գազպրոմը», անհանգստանում է Կարեն Կարապետյանի հետագա ճակատագրի համար: Բայց դա զուտ վարկած է, բացառված չէ, որ կան ավելի խորը պատճառներ, որոնց մասին տեղյակ են ռուսաստանյան իրականությանը մոտիկից ծանոթ մարդիկ:

Պարզ է, որ ռուսաստանյան հեռուստաալիքների կռիվը վերջին հաշվով Հայաստանի դեմ չէ: Նրանք քարոզչական պատերազմ են վարում Եվրոպայի, եվրոպական արժեքների դեմ՝ փորձելով դրանք խեղաթյուրել եւ ներկայացնել որպես «ռուսական աշխարհին», ռուսաստանյան շահերին հակադրվող գաղափարախոսություն: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ դա, իմ կարծիքով, այդպես չէ: Պարզապես ժամանակ առ ժամանակ այդ երկրում ինչ-որ պատրանքներ են առաջանում «ուրույն ուղու» կամ, եթե ուզում եք, «ռուսու գենի» վերաբերյալ: Դա է պատճառը, որ «թոք շոուների» մեծ մասը նվիրված է ոչ թե ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրներին, այլ… Ուկրաինային: Հավաքվում են գրեթե նույն մարդիկ եւ սկսում են բարձր բղավելով՝ «քլնգել» հարեւան երկրին: Դե, երբեմն բաժին է հասնում նաեւ նախկին խորհրդային այլ երկրներին, այդ թվում նաեւ՝ Հայաստանին: Ոչինչ, դա էլ կանցնի:

… Եվ վերջին՝ զուտ մասնագիտական նկատառումը: Երբ որեւէ երկրի հեռուստատեսությամբ քննարկվում են հայերը՝ որպես էթնոս, միանգամայն տրամաբանական է հրավիրել որեւէ հայի: Երբ քննարկվում է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, շատ ավելի տեղին է որպես փորձագետի հրավիրել Հայաստանի քաղաքացու: Ընդ որում, կարեւոր չէ՝ նա իշխանամետ կլինի, թե ընդդիմադիր, ռուսամետ, թե արեւմտամետ: Նա բոլոր դեպքերում կներկայացնի մեր՝ հայաստանյան հասարակության որոշակի հատվածը: Այդ բոլոր հատվածների խոսնակներն ազատորեն գործում են Հայաստանում: Ի տարբերություն Ռուսաստանի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. joradzadza says:

    Ինչպիսի խորը վերլուծություն: Նրանց կռիվը մեր դեմ չի, բայց ձեռի հետ մեզ էլ բ… հանին: Բա պատկերացնում եք, եթե հանկարծ կռիվը մեր դեմ լիներ:

  2. Artur Lazarian says:

    Հաճոյքով կարդացի,,

  3. Ruben says:

    Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն, կրոնական կազմակերպություն, քաղաք ու «պետություն» ձեւավորող (պարունակող) փակ կամ բաց բաժնետիրական ընկերություն, կլանային ձեռնարկություն, օտարերկրյա գործակալական ցանցային հիմնարկություն` ունեն իրենց սեփական «ջրահեռացման տակառիկը» (сливной бачок):
    Կարիք չկա զարմանալու, ոը «Գազպրոմ»-ի «ջրահեռացման տակառիկ» HTB-ն տեղեկացնում է իր տիրոջ ծառայի հետագա ճակատագրի հետ կապված անհանգստության մասին:
    Երբ, որեւէ երկրի հեռուստատեսություն, իրենց պետության ներքին գործերը քննարկելու համար հրավիրի հայաստանյան հասարակության որոշակի հատվածը ներկայացնող փորձագետի` պատին չիվ կխփեմ…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք