Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ձերբակալելուց երկու օր անց ՀՔԾ վարչության պետի մակարդակով սկսվեց ինձ մշակելու գործընթացը». Անի Հովհաննիսյանի բացահայտումները

Դեկտեմբեր 01,2017 17:46

«Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանն այլևս չի վախենում հետապնդումներից:

«Նոյյան տապան» մամուլի սրահում նա հայտարարեց, որ 1,5 տարի գտնվել է անազատության մեջ, կտրված է եղել արտաքին աշխարհից, ենթարկվել հետապնդումների, և հիմա ոչնչից չի վախենում ու անհրաժեշտության դեպքում պատրաստ է անգամ տարիներով սպասել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը տեղեկացրեց՝ նախատեսված էր, որ մամուլի ասուլիսը տեղի կունենա ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո, սակայն անսպասելի կերպով դատական նիստը հետաձգվեց:

Անդրադառնալով Անի Հովհաննիսյանի դեմ քրեական գործին՝ պարոն Սիմոնյանը նշեց. «Տիգրան Ուրիխանյանին Անի Հովհաննիսյանի դեմ այս քրեական գործը կառուցելու համար օգտագործել են: Դրա հետևանք են գաղտնի ձայնագրությունները, մոնտաժված տեսանյութերը և այլն»:

Պարոն Սիմոնյանը տեղեկացրեց՝ սպասելու են Վերաքննիչ դատարանի դատական ակտին. նիստը նշանակվել է դեկտեմբերի 13-ին: Եթե իրենց բողոքը բավարարվի, ձեռնամուխ կլինեն ակնհայտ անհիմն մեղադրանքների և Անի Հովհաննիսյանին ապօրինի կալանքի տակ պահելու վերաբերյալ գործողությունների մասով բողոքարկմանը, հակառակ դեպքում կբողոքարկեն Վճռաբեկ դատարան:

«Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ Նինա Կարապետյանը, անդրադառնալով Անի Հովհաննիսյանի կալանքի երկարացման փաստին, հիշեցրեց՝ որոշման մեջ նշվել էր, որ եթե կալանքը փոխվի ստորագրությամբ չհեռանալու մասին, Անի Հովհաննիսյանը կարող է շարունակել հրապարակել հոդվածներ: Ուստի դա էլ հիմք էր կալանքի ժամկետը երկարացնելու համար. «Ակնհայտ է դառնում, որ ունենք ուղղակի և դասական ձևով լրագրողի հետապնդում իր մասնագիտական գործունեության հետ կապված»:

Անի Հովհաննիսյանը հայտարարեց, թե իր պաշտպանը իրավական հարթակում պայքարել է քաղաքական պատվերի դեմ. «Այն, ինչ մինչ այսօր հրապարակվել է այս շինծու գործի մասին, միայն այսբերգի գագաթն է: Ամբողջ ինն ամիս ինձ նախաքննության ընթացքում զրկել էին արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից. թույլ չէին տալիս անգամ կապ ունենալ մորս հետ: Դա ինձ լռեցնելու միջոցով այս կեղտոտ գործն ավարտին հասցնելու ձև էր: Ես ՀՀ-ում միակ կինն եմ, ում տեսակցություններն այդքան երկար ժամանակ արգելված են եղել, նման դեպք Հայաստանում չի եղել»:

Անի Հովհաննիսյանը պնդում է, որ ամեն ինչ ավելի վաղուց է սկսել՝ իր ձերբակալությունից չորս ամիս առաջ: Անի Հովհաննիսյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց. «Ինձ բերման չեն ենթարկել, ես, անհանգստացած իմ օգնականի հանկարծակի անհետացումով, գնացել եմ ոստիկանություն հայտարարություն տալու: Ես որևէ մեկից գումար չեմ պահանջել ու վերցրել: Ոստիկանության տեսանյութում այնպես էր ներկայացված, որ դիտորդի մոտ տպավորություն ստեղծվի՝ ինձ գումար են տալիս»:

Անի Հովհաննիսյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց այն մասին, թե ինչպես են իր հետ վարվել ՀՔԾ-ում. «Ինձ ձերբակալելուց երկու օր անց ՀՔԾ վարչության պետի մակարդակով սկսվեց ինձ մշակելու գործընթացը: Նա իր աշխատասենյակում ինձ առաջարկեց իմ չկատարած հանցագործություններում մեղադրել տարբեր մարդկանց: Նրանց մասին տեղեկություններ հայտնել, ինչի փոխարեն ինձ խոստացավ ազատություն: Ինձ ասում էր, թե ՀՔԾ մասնագետներն ամեն ինչ կգրեն, կսարքեն, կշարադրեն, քեզ կմնա ստորագրել դրա տակ ու վայելել ազատությունը: Մերժեցի, քանի որ չէի պատրաստվում ոչ միայն  ընդունել չարածս, այլև հանցակից դարձնել մարդկանց, որոնք կապ չունեն»:

Անի Հովհաննիսյանը հայտարարեց. «Ես հասնելու եմ արդարացման, նույնիսկ, եթե դրա համար պետք լինի սպասել ՄԻԵԴ-ի վճռին: Հասնելու եմ կեղծ քրեական գործի բեմադրիչներին պատասխանատվության ենթարկելուն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031