Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ԵՄ միակ և հարմար կամուրջը Հայաստանը կարող է լինել

Դեկտեմբեր 01,2017 22:05

Ինչպես հայտնի է, հավերժ բարեկամներ և հավերժ թշնամիներ չկան: Խորհրդային Միությունն իր կազմավորման օրվանից չափազանց մեծ ու ոչ դյուրամարս ոսկոր էր կապիտալիստական աշխարհի կոկորդին: Կապիտալիստական աշխարհում սոցիալիստական Խորհրդային Միությունը լրիվ օտար մարմին էր և այդ նույն աշխարհն օր առաջ ուզում էր խեղդել նրան օրացուցային տարիքից սկսած, սակայն մի քանի տասնամյակ ոչ մի կերպ չէր հաջողվում: Այդ նույն աշխարհն այսօր էլ խորը արհամարհանքով ու զզվանքով է արտաբերում սոցիալիզմ, կոմունիզմ տերմինները, դրանք դիտարկելով որպես արհեստական և հակաբնական ուղղություններ:

Նույնիսկ միայն վերջերս այդ նույն սոցիալիզմի լուծը թոթափած երկրները՝ Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա և այլոք, նույն կերպ են արտահայտվում սոցիալիզմի հասցեին: Այլ խոսքով, աշխարհի մի մեծ հատվածի և Ռուսաստանի՝ որպես Խորհրդային Միության իրավահաջորդի միջև այդ խուլ և թաքուն հակամարտությունը դեռ երկար է շարունակվելու, քանզի այն չափազանց խորքային է: Նույնիսկ Խորհրդային Միության փլուզումից հետո, այդ հակամարտությունը համարյա վրեժի տեսքով անբացահայտ շարունակվում է մի կողմից ԱՄՆ-ի ու Եվրոպայի՝ որպես մի բլոկ և Ռուսաստանի միջև, երբեմն-երբեմն ընդունելով բացահայտ բնույթ՝ ընդհուպ իրար նկատմամբ պատժամիջոցների սպառնալիքի տեսքով:

Նրանց միջև շահերի բախումն այնքան ուժեղ է, որ կարող են երկուստեք մեծ կորուստների պարագայում անգամ, իրար չզիջել և հայտնվել կամրջի վրա հանդիպող ու իրար չզիջող այծերի կարգավիճակում: Ինչևէ, ուզենք, թե չուզենք, իրավիճակն առ այսօր այսպիսին է և եթե ստեղծված իրավիճակին համալիր լուծում չտրվի, ապա գնալով այդ հակամարտության խորացումը կարող է խարխլել հողագնդի հիմքերը, որի մասին երկու կողմերն էլ, իհարկե, գիտակցում են: Պարբերաբար հնչող պատժամիջոցների սպառնալիքների նման իրավիճակում, որոշ Եվրոպական երկրներ՝ հատկապես Գերմանիան, այդ կոչերի միջակայքում շատ հաճախ անմիջական՝ առանձին դիվանագիտական հարաբերություններ է պահում Ռուսաստանի հետ և Պուտին-Մերկել հաճախակի հանդիպումներն ու քննարկումները հենց դրա մասին են վկայում:

Այդ հանդիպումների ընթացքում երկու երկրների ղեկավարները համագործակցության ուղիներ են փնտրում և փորձում ինչ-որ կերպ՝ գոնե թեթևակի մեղմել Եվրամիություն-Ռուսաստան հարաբերությունների հետագա սրացումը: Դրանք հիմնականում՝ պարբերաբար ակտիվանում են մինչև հերթական փոխադարձ սպառնալիքների մասին բարձրաձայնումը: Այդ հարաբերություններում կարծես նույնիսկ օրինաչափության պես մի բան է ուրվագծվում, այն է՝ երկու կողմն էլ իրենց պահում են շատ հպարտ և իրենց դիրքերը զիջելու ոչ մի նշան ցույց չեն տալիս: Համենայնդեպս, դրանք այն երկու կառույցներն են, որոնց կողմից իրականացվող քաղաքականությունն էականորեն ազդում է ոչ միայն այդ տարածաշրջանների, այլև մնացած երկրների վրա: Այնպես որ, չափազանց կարևորություն է ստանում այդ հակադրության դիվանագիտական լուծումը, որը կբերի իրավիճակի՝ առանց ցնցումների կարգավորմանը:

Նման կարգավորման հնարավոր տարբերակներից մեկը երկու կողմերի համար ընդունելի որևէ միջնորդ երկրի կողմից այդ հարցի կարգավորման նպատակով անհրաժեշտ նախաձեռնություն հանդես բերելն է, որի առումով աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում ամենահարմար երկիրը կարծես Հայաստանն է, որը կարող է կամուրջ դառնալ այդ կողմերի միջև և ինչ-որ կերպ մեղմել այդ կնճռոտ հարաբերությունների հետագա սրացումը: Բացի այն, որ Հայաստանը, կարծես, երկու կողմերի համար էլ ընդունելի է, նաև չկա երկրորդ երկիրը, որը միաժամանակ լինի այդ երկու կառույցի անդամ:

Կարծում եմ, այս երևույթն այնքան էլ պատահական չէ և նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի ֆոնին սա նաև խորը հաշվարկած իրողություն էր ու չնայած Ռուսաստանի անթաքույց խանդին, այնուամենայնիվ համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցավ ժամանակին և այն անցավ դիվանագիտական բարձր մակարդակով, որը նույնպես վկայում է այդ կողմերի միջև հետագա հարաբերությունների մեղմացման հույսերի հնարավորության մասին: Արդյունքում ստացվում է, որ անկախ բոլոր իրողություններից, Հայաստանին հաջողվեց չափազանց ճկուն դիվանագիտություն հանդես բերել և միաժամանակ դառնալ երկու կառույցի անդամ: Եվ քաղաքական, և տնտեսական տեսանկյունից Հայաստանին եզակի շանս է տրված օգտվելու երկու մոր կաթից և ավելի առողջ անցնելու հետագա գործընթացների ճանապարհը:

Մնում է միայն, որ մեր երկիրը նրբորեն համադրի միաժամանակյա հարաբերություններն այդ կառույցների հետ, որպեսզի օրենսդրական կամ այլ հակասություններ չառաջանան այդ կառույցների ու Հայաստանի միջև, որոնց մասով՝ ապօրինի լավատեսորեն եմ տրամադրված և դրական կանխատեսումներ եմ ակնկալում: Որպես ասվածի հիմնավորում կարելի է համարել նաև այն, որ այս ամենը ոչ այնքան Հայաստանի մեծ ցանկության հետևանքն էր, որքան այդ երկու կողմերի, որն արդեն չափազանց նպաստավոր վիճակ է մեզ համար: Փաստացի, Հայաստանը դեռևս առաջին քայլն է հաջողել և շատ ավելի դժվարանցանելի քայլերը դեռ առջևում են, որոնց հաջողությունը հիմնականում պայմանավորված կլինի Հայաստանի կողմից իրականացվող դիվանագիտական գործառույթներով…

Լավատես լինենք…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, վերլուծաբան           

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031