Խոշորացված Կողբ համայնքի ղեկավարը աղմուկ հանած ծառայողական մեքենայի եւ զարգացման ծրագրերի մասին

Խոշորացված Կողբ համայնքի ղեկավարը աղմուկ հանած ծառայողական մեքենայի եւ զարգացման ծրագրերի մասին

Տավուշի մարզի Կողբը համայնքը ներառում է Կողբ եւ Զորական գյուղերը: Խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանին հարցրինք սահմանամերձ Կողբի զարգացման ծրագրերի մասին: Նա ասաց. «Ողջունում ենք Կողբում «Թումո» կենտրոնի ծրագիրը, որը ռազմավարական նշանակություն ունի արտագաղթը կանխելու եւ սահմանամերձ համայնքները հզորացնելու առումներով: Պատահական չէ, որ այդ կենտրոնը Կողբում է կառուցվում, ամեն ինչ հաշվի է առնվել՝ առկա ինտելեկտուալ ռեսուրսը, տարածքը եւ զորամասին մոտ գտնվելը, առանց ուսումնասիրություններ կատարելու այստեղ 3 միլիոն դոլարի ներդրում չէին անի: Ունենք Կոզմանի նախկին «Փյունիկ» ճամբարի զարգացման հետ կապված ծրագիր: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն առաջարկություն ենք ներկայացնել, որը հավանության է արժանացել, նախագծին միացել է «Կողբ» հիմնադրամը, երեխայի եւ ընտանիքի աջակցության ծրագիրը, «Թումո» կենտրոնում մեծ ներդրում ունեցող Սիմոնյան ընտանիքը: Նախատեսվում է,որ «Թումո» կենտրոն հաճախող 200 երեխաների համար այն ամռան 3 ամիսներին կծառայի որպես մանկապատանեկան ճամբար, իսկ տարվա մնացած 9 ամիսներին կլինի էքեստրիմ տուրիզմի կենտրոն:

Նախնական տվյալներով` ծրագիրը կիրականացվի 2018 թվականին: Հաստատվել է պետական ֆինանսավորմամբ Կողբի Տվարագեղցի հանդամասում, նախկին սղոցարանի մոտ 2 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի կառուցումը: Ջրամբարը նաեւ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, կարելի զբոսաշրջիկների այցեր կազմակերպել, Վրաստանը մոտ 100 կմ հեռավորությամբ է գտնվում, Վրաստան այցելող զբոսաշրջիկները  կարող են նաեւ Հայաստանի հյուսիս-արեւելյան տարածք այցելել, այդ այցերը  կներառեն մշակութային, էթնո տուրիզմ:

Արսեն Աղաբաբյանին հարցրինք համայնքապետարանի համար 9.5 միլիոն դրամով «Տոյոտա կորոլա» ծառայողական ավտոմեքենա գնելու մասին: 9.5 միլիոն դրամից 4 միլիոն դրամը վերցվել է Կողբին միացած Զորականի ֆոնդային բյուջեից: Նա հայտնեց. «Խոշորացման ժամանակ Զորական համայնքի ֆոնդային բյուջեում եղել է 17 միլիոն դրամ: Ծառայողական մեքենան գնվել է խոշորացումից 7 ամիս անց: Իմ ընտրության ժամանակ Կողբ համայնքը ծառայողական մեքենա չի ունեցել, որովհետեւ Կողբ համայնքի նախկին ղեկավարը ծառայողական մեքենան, համայնքի ավագանու որոշմամբ, ինքն իրեն նվիրատվություն է արել եւ տարել:  Զորականի ֆոնդային բյուջեից 4 միլիոն դրամ ենք վերցրել, խորհրդակցել եմ Զորականի վարչական ղեկավար Սուրիկ Մարտիրոսյանի հետ, նրան ասել, որ երբ Զորականի համար որեւէ ծրագիր իրականացվի եւ դրա համար ներդրման կարիք լինի,այդ 4 միլիոնը կվերադարձվի: Հիմա սարքել են հայոց հարց, ծառայողական մեքենան համայնքի խնդիրները լուծելու համար է: Շատ օրեր Երեւանի ճանապարհին ենք, ժողովների ենք մասնակցում: Այդ ավտոմեքենան գնվել է ավագանու որոշմամբ, Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում դրա մասին տեղեկատվությունը մեկ ամիս մնացել է, տենդեր է հայտարարվել, ամեն ինչ օրինական է:

Ո՞վ է ասել, որ Զորականի զարգացման համար միայն 17 միլիոն դրամ է ծախսվելու, որ մենք Զորականում չպետք է 17 միլիոն դրամից ավել ներդրում չանենք, ծրագիր կա, որ 100 միլիոն դրամ ներդրում է պահանջում, ուրեմն մենք չպիտի՞ այն անենք»: Համայնքի ղեկավարը նշեց Զորականի հիմնախնդիրները ՝ գյուղի ճանապարհների բարեկարգման, խճապատման , գերեզմանատան ցանկապատման հարցերը: Զորականում խմելու ջրագծի կառուցումը կիսատ է մնացել, 1.8 կմ երկարությամբ ջրագիծ է կառուցվել, պետք է նաեւ պոմպակայան կառուցվեր, որտեղից ջուր պետք է մղվեր օրվա կարգավորիչ ջրամբար, այնտեղից էլ՝ ինքնահոս տրվեր գյուղի վերին թաղամաս: Ներկայում Զորականի ներքին հատվածը ինքնահոս կերպով խմելու ջուր է ստանում: Նախկինում մինչեւ խոշորացումը, համայնքը 3 միլիոն դրամ փող է փոխանցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ, որը իրականացնում էր ծրագիրը: Արսեն Աղաբաբյանն ասաց, որ այդ ծրագիրն ավարտելու համար հարկ էր ավելի հետեւողական լինել: Նա հայտնեց,որ մտադիր է դիմել ՀՀ վարչապետին , որպեսզի ծրագիրն ավարտելու համար 100 միլիոն դրամ հատկացվի: Զորականը նաեւ գիշերային լուսավորության խնդիր ունի, որը, համայնքի ղեկավարի վկայությամբ, առաջիկայում կլուծվի:

Ա. Աղաբաբյանը համոզված է, որ խոշորացված  համայնքը պետք ունենա սեփական եկամուտներ, չպետք է սպասի պետության կողմից տրվող լրավճարին,այդ լրավճարով իրենք կարողանում են լոկ համայնքի ենթակառուցվածքները պահպանել, պետական լրավճարով չեն կարող ծրագրեր իրականացնել,համայնքը պետք է իր սեփական եկամուտները ավելացնի: Նա ասաց, որ պետք է  կարողանալ բիզնես միջավայր ձեւավորվել, համայնքը զարգացման ծրագրերում պետք է որպես գործընկեր հանդես գա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք