Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ գյուղից 2 ընտանիքի տներն այրվել են, գույքը՝ ոչնչացել

Դեկտեմբեր 04,2017 15:10

Նոյեմբերի 25-ին Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում ամբողջովին այրվել են Հայկ եւ Սոֆիա Խարխալյաններին պատկանող տները: Սոֆիան Հայկ Խարխալյանի հորեղբոր կինն է: Բարեբախտաբար, ընտանիքների անդամներին հաջողվել է փրկել, սակայն առանց այդ էլ սոցիալապես անապահով մարդիկ մնացել են առանց տան եւ տան գույքի: Նրանք գիշերում են բարեկամների տներում: Հրդեհի պատճառը պարզելու համար նշանակված է փորձաքննություն:

Դեպքի վայր է ժամանել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Հաղթանակի վարչական ղեկավար Վահրամ Շարոյանն ասաց, որ խոշորացված Այրում համայնքի (որի կազմում է Հաղթանակ գյուղը) ղեկավար Արայիկ Պարանյանն այցելել է հրդեհի վայր, Այրումի համայնքապետարանը տուժածներին դրամական օգնություն է ցուցաբերել: Վերջիններիս հագուստի եւ այլ պարագաների օգնություն է ցուցաբերել Կարմիր խաչը:

Հաղթանակի բնակիչները Խարխալյաններին օգնելու խնդրանքով դիմել են Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր Գրիգոր Ավալյանին: Հաղթանակ գյուղի բնակիչները Խարխալյաններին օգնելու համար դրամահավաք են կատարել, այդ նպատակով «ՎՏԲ-Հայաստան» բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղում հաշվեհամար է բացվել:

Վ. Շարոյանն ասաց, որ Հայկ Խարխալյանի ընտանիքը կյանքում շատ է տուժել: Մի քանի տարի առաջ Հայկի ծնողները, ովքեր տարեց մարդիկ չէին, հիվանդություններից մահացել են: Հայկի եղբայրը, որը պայմանագրային զինծառայող էր, անցյալ տարի մարտական դիրքում հանկարծամահ է եղել: Սոֆիա Խարխալյանի ամուսինը մահացած է:

Վ. Շարոյանն ասաց, որ այդ ընտանիքների վատ վիճակը տեսնելով՝ գիշերներն իր քունը չի տանում: Նա հույս է տածում, որ բարի մարդիկ օգնության ձեռք կմեկնեն, գումարներով կօգնեն ծանր վիճակում հայտնված երկու ընտանիքներին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031