Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան հարցում Թուրքիան ու Ադրբեջանը շփոթված են

Դեկտեմբեր 05,2017 11:22

Անկարան շեշտեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը ու աջակցություն հայտնեց նրան

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում, որտեղ անցկացվելու է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստ, ըստ ամենայնի, կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Նման հանդիպման անցկացման հնարավորության մասին օրեր առաջ հայտնեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Թուրքիայի եւ Պակիստանի արտգործնախարարների հետ Բաքվում կայացած համատեղ մամլո ասուլիսում: Մամեդյարովը նաեւ հավելել էր, որ հանդիպման համար Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը: «Մենք միշտ ասել ենք, որ բանակցությունները պետք է լինեն տրամաբանական եւ բովանդակալից: Մոսկվայում համանախագահների հետ հանդիպմանը մենք խորը եւ հանգամանալից քննարկում ենք ունեցել: Համանախագահները, հավանաբար, բանակցությունները կշարունակեն այդ ուղղությամբ»,- նշել էր նա:

Օրերս ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել Անկարայում: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Չավուշօղլուն այդ մասին տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում` նշելով. «Հանդիպեցի Անկարայում համանախագահների հետ եւ եւս մեկ անգամ հայտնեցի Թուրքիայի աջակցությունը Մինսկի խմբի գործունեությանը»:

Թուրքիան, որը Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի հետ ԵԱՀՄ Մինսկի խմբի անդամ պետություն է հանդիսանում, մշտապես աջակցելով պաշտոնական Բաքվի տեսակետը ԼՂ կարգավորման հարցում, ըստ էության, չի թաքցրել իր դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից՝ ձայնակցելով պաշտոնական Բաքվի բազմաթիվ դժգոհություններին այն մասին, թե, իբր, ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը չի տալիս Ադրբեջանի ակնկալած արդյունքները:

Այժմ ուշագրավ է, որ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկու անգամ հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ այնուհետեւ, երբ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին համաձայնագիր, հանկարծ պաշտոնական Անկարան հայտարարում է, որ աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

Իհարկե, նման հայտարարությամբ, թերեւս, պաշտոնական Անկարան փորձում է ցույց տալ, թե իբր որոշակի չեզոքություն է պահպանում, որովհետեւ բոլորի համար էլ պարզ է, որ Անկարան Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչ միայն կողմնակալ պետություն է, այլեւ հանդես է գալիս որպես հակամարտության կողմ՝ Արցախյան խնդրի պատճառով Հայաստանը ենթարկում է շրջափակման եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապում է Արցախյան հակամարտության ադրբեջանանպաստ լուծման պահանջի իրագործման հետ:
Այնուհետեւ՝ թվիթերյան գրառումից հետո, Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնելով, որ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, հավելել է. «Մենք պաշտպանում ենք բոլոր բանաձեւերը, որոնք համապատասխանում են Ադրբեջանի շահերին: Ես նրանց ասել եմ, որ անհրաժեշտ է ավելի ակտիվ, վճռական եւ անկեղծ լինել, եւ ընդգծել եմ, որ այդ հարցում աջակցություն կցուցաբերեմ»: Չավուշօղլուն հիշեցրել է նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ու ասել է, թե այդ հանդիպմանը Էրդողանն ասել էր, որ եթե Ռուսաստանը վճռական լինի, ապա Ղարաբաղի խնդիրը կլուծվի, եւ Թուրքիան պաշտպանում է այդ նախաձեռնությունը: Չավուշօղլուն վստահեցրել է, թե Թուրքիան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար, եւ որ այդ հարցի շուրջ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները մշտական կապի մեջ են:

Ի դեպ, նկատենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում առաջին անգամ է կայացել: Այդ հանդիպման արդյունքում ընդունված փաստաթղթում այս երկրները աջակցություն են հայտնել պետությունների անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությանը: Թուրքիայի եւ Պակիստանի արտգործնախարարները Բաքվում հանդիպել են նաեւ Ադրբեջանի նախագահին: Պակիստանի արտգործնախարար Խավաջա Մուհամադ Ասիվը նշել է, որ երեք երկրները Քաշմիրի, Լեռնային Ղարաբաղի եւ Հյուսիսային Կիպրոսի հարցերում միասնական դիրքորոշում ունեն եւ պետք է այդ հարցերը կարգավորելու ուղղությամբ հանդես գան այդ դիրքորոշմամբ:

Ոգեւորված Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքներից՝ օրերս Բաքվում կայացած «Ասիայի սիրտը-Ստամբուլյան գործընթաց» համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել ելույթով, որում նշել է, թե «Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պետք է փոխվի, եւ հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի շրջանակներում»:

Դատելով Արցախյան հակամարտության առնչությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների հաճախակիացած ու որոշակիորեն շփոթահար հայտարարություններից՝ Անկարայի ու Բաքվի համար է նույնիսկ հստակ, որ չնայած ապրիլյան պատերազմին՝ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը միջազգային հանրությունն այսուհետ եւս անվերապահ աջակցելու է, ու նրանց ոչինչ չի մնում, քան հարմարվել այդ իրողության հետ: Իսկ դա նշանակում է, որ միջազգային հանրությունը չի հանդուրժելու Բաքվի ու Անկարայի միասնական «ջանքերը»՝ տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի շարունակականության ապահովումը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ միջազգային հանրությունը չի հանդուրժի նաեւ Ադրբեջանի կողմից հնարավոր սադրանքները եւ ռազմական գործողությունների հրահրումը շփման գծում:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 05.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031