Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա գործակալներ ճանաչված 9 ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատ կարգելվի

Դեկտեմբեր 05,2017 12:15

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը օտարերկրյա գործակալներ է ճանաչել «Ամերիկայի ձայնն» ու «Ազատություն» ռադիոկայանը ու ևս 7 ԶԼՄ՝ «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստաալիքը, թաթար-բաշկիրական ծառայությունը, «Սիբիր. Ռեալիի», «Իդել. Ռեալիի», «Ֆակտոգրաֆ», «Կավկազ. Ռեալիի», «Կրիմ. Ռեալիի» ծրագրերը:

Ընդհանուր առմամբ, ցուցակում տեղ է գտել 9 ԶԼՄ, բոլորն էլ ամերիկյան: Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին, որ նման քայլի են դիմում՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից նմանատիպ ցուցակում Russia Today-ի ներառման:

Ցուցակում հայտնված բոլոր 9 ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատ կարգելվի: Ռուսաստանի պետդումայում օտարերկրյա գործակալներ ճանաչված ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքն արգելող դրույթը պատգամավորներն ընդունել են երկուշաբթի:

«Ազատություն» ռադիոկայանից BBC-ին հայտնել են, որ «ուսումնասիրում են իրավիճակը» և ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:

Օրինագիծը, որը թույլ էր տալիս արտասահմանյան ԶԼՄ-ները ճանաչել օտարերկրյա գործակալներ, ավելի վաղ մշակվել և 3-րդ ընթերցմամբ ընդունվել էր Պետդումայի կողմից, հաստատվել Դաշնային խորհրդի և ստորագրվել՝ նախագահի կողմից: Փոփոխությունները մտցվել են «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի 6-րդ հոդվածում:

Օտարերկրյա գործակալներ ճանաչված ԶԼՄ-ները պետք է տարվա ամեն քառորդ հաշվետվություն ներկայացնեն իրենց ֆինանսավորման աղբյուրների, ինչպես նաև մասնավոր հանգանակությունների մասին: Ավելին, հաշվետվություններում պետք է նշել այն անձանց անունները, որոնք միջոցներ են հանգանակել, ինչպես նաև պարզաբանել՝ ինչի վրա են ծախսվելու այդ միջոցները:

Գործակալ-ԶԼՄ-ները պետք է անցնեն պարտադիր վճարովի աուդիտ, նրանց կարգելվի ներկայացնել պարզեցված հաշվապահական հաշվետվություն, ինչը թույլատրված է ռուսական կազմակերպություններին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան օրենքը ստորագրել էր նոյեմբերի 25-ին, որից հետո այն մտել է ուժի մեջ: Օտարերկրյա գործակալ-ԶԼՄ-ների ցուցակը կորոշի արդարադատության նախարարությունը: Ցուցակում կարող են հայտնվել ինչպես արտասահմանում գրանցված ԶԼՄ-ները, այլև նրանք, որոնք գրանցված են Ռուսաստանում, բայց ֆինանսավորումը ստանում են դրսից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031