«Սա գործողությունների մղող ծրագիր չէ». Սերոբ Խաչատրյան

«Սա գործողությունների մղող ծրագիր չէ». Սերոբ Խաչատրյան

«Սա գործողությունների մղող ծրագիր չէ»,- «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկմանը հայտարարեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՆ-ն ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամի հետ համագործակցությամբ ներկայացրել է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը պարզաբանեց, որ փաստաթղթի նպատակն այսօր խնդիրների լուծումների ճանապարհները տալն ու խոստումները չեն, այլ այն տեսլականը, որը պետք է միավորի բոլորիս և մատնանշի գերակա ուղղությունները: Նա տեղեկացրեց, որ նախագծում գլխավոր գերակայություն է սահմանվել կրթության որակը:

Հայաստանի կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչ Մհեր Սահակյանը հավելեց, որ 2030 վերցնելը հնարավորություն է տալիս ծրագիրը համահունչ դարձնել միջազգային փաստաթղթերին. «Հասկացանք, որ սա պիտի լինի այն փաստաթուղթը, որն արձանագրում է զարգացման անհրաժեշտ ուղղությունները: Փաստաթղթում մենք ունենք ճանապարհային քարտեզ, որը ներկայացնում է միջոցառումները ժամկետային տեսանկյունից՝ ըստ կրթական մակարդակների: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա նշեմ, որ միգուցե ծրագրում նշված չէ, թե դա կոռուպցիայի դեմ պայքար է, բայց կա դրույթներ, որոնք թույլ են տալիս լուծելու այդ խնդիրները»:

Հիշեցմանը, թե դպրոցներից մեկում տեղի էր ունեցել կուսակցական միջոցառում, ուստի այս ծրագիրն ի՞նչ է առաջարկում նշված խնդիրները լուծելու համար, պարոն Սահակյանը պատասխանեց. «Մենք լուծումներ փորձել ենք տալ: Այստեղ մանրամասն գրված չէ, բայց դա հաջորդ քայլն է: Օրինակ՝ տնօրենի աշխատանքի գնահատումն եմ կարևորում: Երբ ունենանք կատարողականի գնահատման համակարգ, էական չի լինի՝ նա կուսակցական է, թե ոչ»:

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը նշեց, թե խնդիր կա ծրագրի նորմատիվ իրավական կարգավիճակի հետ. «Գուցե իմաստ ունի նաև օրենսդրական դաշտի փոփոխություններ անել, որ սա չլինի օրենք, այլ կառավարության կողմից հաստատվող փաստաթուղթ: Կրթության որակը, մատչելիությունը, արդյունավետությունը գերակայություն սահմանելը կարևորում եմ, բայց դրանց հետ զուգահեռ մի քիչ չեմ հասկանում, թե ինչպես է իրականացվելու այդ ամենը: Մյուս խնդիրն այն է, որ մենք ծրագրում չունենք իրավիճակի ներկայացում, մինչդեռ բոլոր նման ծրագրերում դա լինում է: Հակառակ դեպքում օդից վերցված է ստացվում»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նկատեց՝ հիմնական խնդիրն է այն, որ մենք ունենք փազլի կտորներ, բայց նկարը չկա. «Չգիտենք՝ ինչ ենք հավաքում: Այս ծրագիրը պետք է այդ փազլի նկարը դնի բոլորիս առաջ: Շատ կուզենայի, որ այս ծրագրի մշակումն ամբողջությամբ ֆինանսավորվեր պետական բյուջեից: Ինձ դուր չի գալիս ծրագրի կառուցվածքը: Գործողության չմղող ծրագիր է, կուզեի, որ այս մարդիկ, որոնց մասին նշված է ծրագրում՝ աշակերտները, ուսուցիչները, քաղհասարակության ներկայացուցիչները, կարդային այս ծրագիրը և ուզենային ինչ որ բան փոխել»:

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին էլ պարոն Խաչատրյանը նշեց, թե ի՞նչ իմաստ ունի ռազմավարական պայքարը, եթե արգելքը չի աշխատում և կոռուպցիայով զբաղված մարդիկ նստած են պաշտոնների:

Անդրադառնալով մտահոգություններին՝ Ռոբերտ Ստեփանյանն արձագանքեց. «Հաստափոր ծրագրերը մարդկանց վանում են կարդալուց: Նախորդ ծրագրերում կեսից ավելին առկա իրավիճակի նկարագրությունն էր: Առկա իրավիճակի հետ կապված ունենք բազմաթիվ վերլուծություններ: Դուք փորձում եք մեզ տանել խնդիրների քննարկման ոլորտ, ես ձեզ պիտի տանեմ 2030 թվական: Եկեք մոռանանք այսօրվա խնդիրները: Միասնական պետք է հասկանանք, թե ինչ կրթական համակարգ ենք ուզում ունենալ, հետո որոշենք, թե որ ուղղություններով ենք գնալու դեպի դա: Մեր օրենսդրության համաձայն՝ ծրագիրը պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից և ստանա օրենքի ուժի կարգավիճակ: Դա ցույց է տալիս մեր համակարգի ոչ այնքան տրամաբանական կառուցվածքը: Ծրագրում կա 6-րդ բաժին. դա միջոցառումների պլանն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք