Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի արձանը` Արդվիում

Դեկտեմբեր 06,2017 13:30

Վերջերս եղա Լոռու մարզում եւ այցելեցի Արդվու Սուրբ Հովհաննես եկեղեցի, ուր ամփոփված են Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի նշխարները (718-728թթ.): Նրա գահակալության 1300-ամյակը լրացել է այս տարի: Այնտեղ տեսա «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանին, ով պատմեց, որ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մտահղացումներից մեկը Հովհան Օձնեցու արձանի ստեղծումն ու Արդվիում եկեղեցու մոտ տեղադրելն էր եւ այն իրականություն է դարձել։ Ծանոթ է քանդակին, եկել է տեսնելու, թե այն ինչպես է հարաբերվում միջավայրի հետ։ Դեռ այս տարվա ապրիլի 17-ին` Հովհան Օձնեցու ծննդյան օրը, երբ հազարավոր ուսանողներ եւ աշակերտներ՝ իրենց հոգեւոր հովիվների ուղեկցությամբ ուխտագնացություն կատարեցին դեպի Արդվի, Սրբազան Հայրը բարձրաձայնեց իր այդ մտադրության մասին: Այդ նպատակին արձագանքեց հովանավորը` մոսկվաբնակ վանաձորցի Արտակ Էվոյանը, ով նման բարերարություններ Գուգարաց թեմում առաջին անգամ չէ, որ կատարել է:

«Ամիսների ընթացքում երիտասարդ քանդակագործներ Գեղամ Աբրահամյանը եւ Սարգիս Բաբայանը ծնունդ տվեցին Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի կերպարին, տեղադրելով այն միջավայրի մեջ, ուր նա ապրել էր կյանքի վերջին տարիներին, երբ սրբադասված հայոց հայրապետը նաեւ հանուն հայոց երկրի անվտանգության եւ հայ ժողովրդի բարօրության հրաժարվեց կաթողիկոսական գահից եւ եկավ այս հետաքրքիր վայրը` իր շուրջը սրբություն սփռելով եւ հրաշքներ գործելով»,- մեր զրույցի ժամանակ ասաց Սերգո Երիցյանը:

Մեր զրուցակիցը ասաց նաեւ, որ արձանը, չնայած հանդիսավոր կերպով չի բացվել, բայց արդեն սիրելի է դառնում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ զբոսաշրջիկների համար, որովհետեւ այցելելով նրա գերեզման, մարդիկ միշտ փնտրել են Ամենայն հայոց հայրապետի կերպարը: Իսկապես գոհար է այս փոքրիկ եկեղեցին` ինչպես Հովհան Օձնեցի հայրապետի գերեզմանով, այնպես էլ բնական ինքնատիպ միջավայրով` հանրահայտ Օձի պորտի բուժիչ ջրի հրաշալիքով։ Այստեղ հանդիպեցինք նաեւ արդվեցիներին, ովքեր անհանգստացած էին այս տարածքում հանքավայր բացելու հեռանկարով: Նրանք ասացին, որ իրենք տեղյակ են Գուգարաց թեմի առաջնորդի` Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի տեսակետին եւ ուրախ են, որ նա իրենց կողքին է, քանի որ Արդվին եղել եւ մնում է մեր ժողովրդի համար հոգեւոր զորության եւ ուժականության սրբազան անանց ակունք եւ պետք չէ այն փոխարինել անցավոր ոսկիով:

Մենք այս ամենի հետ կապված խոսեցինք սրբազան հոր հետ, ով ոչ միայն հաստատեց իր դիրքորոշումը, այլեւ ավելացրեց, որ իրենք ծրագրեր ունեն, որ Արդվու վանքը նորոգվի, կարգի բերվի եւ ավելի գրավիչ դառնա այցելուների համար:

«Այս եւ նման ծրագրերը իրականություն չեն դառնա, եթե մեր կողքին չլինեն այնպիսի բարերարներ, ինչպիսին է Արտակ Էվոյանը։ Նա իր հայրենիքը, հայրենի եզերքը` Լոռվա աշխարհը, սիրող, նվիրյալ մարդ-անհատականություն է: Նա ուզում է քարը քարի վրա դրվի,- ասաց սրբազանը:- Վստահ եմ, որ Արտակի նման բարերարների միջոցով ոչ միայն կնորոգվի Արդվու եկեղեցին, այլ նաեւ պարիսպ կունենա, եկեղեցուց Օձի պորտ իջնող աստիճաններ, ինչո՞ւ չէ, նաեւ հայրապետական գավազանի քանդակագործական ու ճարտարապետական մարմնավորումը: Արդվու հետ կապված այլ ծրագրեր էլ ունենք, որ գյուղի մերձակայքում կառուցենք ուխտավորների համար իջեւանատուն եւ հնարավորություն տրվի գիշերել սրբատեղիին մոտիկ հատվածում, հնարավորինս մոտիկ այստեղի բնաշխարհին: Գաղտնիք չէ, որ զբոսաշրջիկին այսօր հետաքրքիր է Լոռվա բնաշխարհը` իր պատմաճարտարապետական հուշարձաններով, որոնք ամենուր են՝ մատչելի եւ անմատչելի վայրերում` իրենց հետաքրքիր պատմություններով ու լեգենդներով»:

Օրն արեւոտ է, բայց եւ ցուրտ, սակայն Արդվու եկեղեցում քիչ չեն այցելուները: Նրանք ասում են, որ լսել են Արդվու վանքի հրաշագործության եւ հետաքրքիր պատմության մասին, բայց այստեղ, ցավոք, պատմող ցուցատախտակներ չկան, օրինակ, եկեղեցու հարեւանությամբ գտնվող պատմական նշանակություն ունեցող գերեզմանի մասին, ուր շատ ազնվականներ են թաղված:

Այստեղ հանդիպեցինք նաեւ ծագումով արդվեցի գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանին, ով հերթական անգամ ծնողներին այցելության է եկել:
«Մանկուց միշտ ականջներիս մեջ է եղել Սրբանեսի կամ Սուրբ Հովհաննես եկեղեցու եւ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի անունը, օձին քարացնելու հրաշքը, այստեղ սրբավայր լինելու իրողությունը,- ասում է նա,- այսօր սկսել է վերափոխվել վանական համալիրը, իսկ դա պետք է ողջունել եւ նաեւ նրանց, ովքեր նախաձեռնել են այս ամենը` Գուգարաց թեմի առաջնորդը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահը եւ բարերարը` Արտակ Էվոյանը»:

Ձմռան կարճ օրը դեպի մթնշաղ է տանում: Հրաժեշտ ենք տալիս սրբավայրին, ուր արդեն այս միջավայրին ձուլված Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի արձանն է մեզ նայում իր կրկին ու կրկին այստեղ կանչող հայացքով:

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ
Արդվի-Երեւան

«Առավոտ»

05.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031