«Տարիների ընթացքում ես սիրահարվեցի բալետի աշխարհին»

«Տարիների ընթացքում ես սիրահարվեցի բալետի աշխարհին»

Բալետի պարուհի Աննա Վեքիլյանը 2001 թվականից աշխատում է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: «Սերը դեպի պարը ձեւավորվել է դեռ վաղ հասակում, երբ 5 տարեկանում մայրիկիս եւ հորաքրոջս նախաձեռնությամբ սկսեցի հաճախել պարի եւ գեղարվեստական մարմնամարզության, որից հետո ընդունվեցի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժին»,- պատմում է Աննա Վեքիլյանը։ Պարարվեստի ուսումնարանում սովորելու ժամանակահատվածում Աննան շատ է կարեւորում իր ուսուցիչների դերը. «Դպրոցական տարիներին ուսուցիչներիս տրված գիտելիքները կարեւորագույն հիմք են հանդիսացել իմ՝ որպես բալետի ապագա դերասանուհու ձեւավորման եւ հետագա կյանքի համար»:

Նա ուսանել է այնպիսի մասնագետների մոտ, ինչպիսիք են ՀՀ ժողովրդական արտիստ Թերեզա Գրիգորյանը (դերասանի վարպետություն), Ելենա Արամովնան, Աշխեն Բոյաջյանը (բնորոշ պար), Լոլա Գյուրջյանը (դասական պար), ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը (դասական պար եւ զուգապար), որն, ի դեպ, մեծ ներդրում է ունեցել նաեւ օպերայի եւ բալետի թատրոնում։ Պարարվեստի ուսումնարանի պրակտիկայի տարիներին արդեն իսկ ընդգրկվել է գրեթե բոլոր բալետային եւ օպերային ներկայացումներում։ «Տարիների ընթացքում ես սիրահարվեցի բալետի աշխարհին, ինչին շատ նպաստել է մեր թե՛ որպես հանդիսատես ներկայացումներին մշտապես ներկա գտնվելու եւ թե՛ նրանցում մասնակցելու մեծ հնարավորությունը»,-խոստովանում է արտիստուհին։

Այդ տարիներին Աննան առանձնացնում է բալետային խմբի փորձավար Էմմա Նահապետյանի կարեւորությունը։ Երբ սկսում է աշխատել օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, նկատվում է գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի կողմից, որը նրան է վստահում հիմնականում բոլոր այն դերերը, որոնցով այժմ հանդես է գալիս մենապարուհին եւ որոնց մասին էլ բազմիցս երազել էր։ Աննա Վեքիլյանի՝ որպես բալետի մենապարուհու հիմնական փորձավարն է եղել ՀՀ ժողովրդական արտիստ Բելլա (Լորետա) Հովնանյանը։ «Երջանիկ եմ եւ հպարտ, որ նման մեծ անձնավորության, փորձառու եւ վաստակաշատ մասնագետի հետ հնարավորություն եմ ունեցել առնչվել, ճանաչել, ինչպես նաեւ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կերտել այնպիսի դերեր, ինչպիսիք են՝ Սոլեդադ՝ «Լորկիանա», Ռոզիտա, Մերսեդես՝ «Դոն Կիխոտ», Զոբեիդա (Շեհերազադ թագուհի)՝ պա-դե-դե՝ «Շեհերազադ», Հարսի պար՝ «Անուշ»։ Յուրաքանչյուր պարային շարժումի, ժեստի, հայացքի վրա նա մանրակրկիտ աշխատել է եւ մինչ օրս էլ օգնում է իր խորհուրդներով, որի համար երախտապարտ եմ»,- նշում է մեր զրուցակիցը:

Աննա Վեքիլյանի ճանապարհն այնքան էլ հարթ չի եղել: Ասում է, որ հանդիպել է հիասթափությունների, բայց իր խոսքով՝ հենց այդ դժվարություններն ու հիասթափություններն են օգնել նրան առաջ շարժվելու: Աննան երկրորդ մասնագիտությամբ միջազգայնագետ իրավաբան է։ Բալետին զուգահեռ ուսանել, այնուհետեւ աշխատել է երկրորդ մասնագիտությամբ։ «Եկավ մի պահ, երբ ես դժվար ընտրության առջեւ կանգնեցի, բայց ինչպես տեսնում եք, ներկայումս բալետում եմ»,- անկեղծանում է նա: Հարցին, թե ի՞նչ է պահանջվում բալետի պրոֆեսիոնալ արտիստ դառնալու համար, պատասխանեց. «Պետք է այդ որոշումը կայանա փոքր տարիքում: Տաղանդից եւ տվյալներից բացի, կարեւոր է ունենալ աշխատասիրություն, մեծ սեր ու ցանկություն»: Իր մարմնավորած դերերից առանձնացնում է ՀՀ եւ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Մարկ Մնացականյանի «Լորկիանա» բալետային ներկայացման մեջ իր կերտած Սոլեդադի կերպարը: «Այս անունը իսպաներենից թարգմանաբար նշանակում է մենություն, ինչը համապատասխանում է Մարկ Մնացականյանի՝ ընտրված գլխավոր հերոսուհու հոգեվիճակին: Այնքան հարուստ կերպար է, շարժումներն էլ այնքան գեղեցիկ ու համահունչ երաժշտությանը, որ պարելիս կարծես ամբողջ հոգիս տակնուվրա լինի։ Ուրախ եմ, որ կարողացել եմ այդ զգացողությունը փոխանցել նաեւ իմ սիրելի հանդիսատեսին»,-ներկայացնում է պարուհին։

Նրա ցանկություններից մեկն այն է, որ ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ Հայաստանի մարզկենտրոններում նույնպես բալետային ներկայացումներ ցուցադրելու համար: Նա նշեց նաեւ որ կցանկանար «Լորկիանա»–ն ներկայացնել Ւսպանիայում։ Արվեստագետն ուրախությամբ փաստում է, որ թե՛ պատանիների, թե՛ երիտասարդների շրջանում մեծ ոգեւորություն ու սեր է նկատում դեպի բալետը. «Վերջերս ցուցադրված «Լորկիանա» բալետային ներկայացումից հետո ինձ շնորհավորող մի խումբ երկրպագուների թվում էին նաեւ դպրոցականներ, որոնք եկել էին հայտնելու իրենց հիացմունքը, ինչը շատ ողջունելի է եւ ոգեւորիչ»: Աննան վերջերս նոր դերերով հանդես է եկել ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի «Լա Ռեվանչա Դել Տանգո» եւ «Լա Բոհեմ» բալետային ներկայացումներում։ «Լա Ռեվանչա Դել Տանգո»–ում Աննայի հետ աշխատել է ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանը։ «Այժմ փորձավար Ելենա Պավլիդիի հետ միասին աշխատում ենք «Դոն Կիխոտ» բալետային ներկայացման «Փողոցային պարուհի» կերպարի վրա»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը: «Ներկայիս ղեկավարությունից ակնկալում ենք նոր ներկայացումներ, իսկ այդ գործընթացն արդեն իսկ նկատելի է»,-եզրափակեց Աննա Վեքիլյանը։

 

ՄԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Առավոտ»

05.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք