Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ձեր ընտրության արդյունքն է, վայելե՛ք, դուք լավ չե՛ք ապրելու». Նիկոլ Փաշինյանը՝ 10 հազար դրամով ընտրողներին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2017 12:05

ԱԺ-ում 2018-ի պետական բյուջեի վերջնական տարբերակն է քննարկվում: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ վստահ են, որ կառավարության բարեփոխումները արդյունք են տալու:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրեց, որ 2018-ը նախեւառաջ լինելու է թանկացումների տարի, որովհետեւ բյուջեի նախագծով էլ 4 տոկոս գնաճ է կանխատեսվում, որը վերջին տարիների ամենամեծ գնաճն է. «Մի շարք ապրանքատեսակներ արդեն էականորեն թանկացել են: Կարագը թանկացել է շուրջ 39 տոկոսով, խոզի միսը՝ շուրջ 40 տոկոսով, տավարի միսը՝ շուրջ 20 տոկոսով, բենզինը՝ շուրջ 8 տոկոսով ու շարունակում է  թանկանալ, լիցքավորման գազը թանկացել է ու շարունակում է թանկանալ: Սա փաստացի տեղի ունեցած թանկացումներն են, իսկ եկող տարվա թանկացումներն անխուսափելի են»:

Հաջորդ տարի սպասվում են օղու, ծխախոտի, բենզինի, սեղմված բնական գազի, հավի մսի, ձկան, շաքարավազի, թեյի, սուրճի, դեղորայքի, ատամի մածուկի եւ բազմաթիվ այլ ապրանքների թանկացումներ:

Փաշինյանն ասաց, որ կառավարությունը այս իրավիճակի նկատմամբ խորը արհամարհանք է ցուցաբերում. «Այս արհամարհանքը ոչ թե պլատոնական արհամարհանք է, այլ շատ կոնկրետ: Բյուջեի նախագծով կենսաթոշակները չեն ավելանում, բյուջետային հիմնարկների աշխատավարձերը, նպաստները չեն ավելանում: Սա, իհարկե, մեզ  համար անընդունելի վիճակ է, բայց եկեք, ինչպես ասում են, ծուռ նստենք, ուղիղ խոսենք: Եթե նայում ենք այս կառավարության, այս խորհրդարանական մեծամասնության եւ գործող իշխանության ծագումնաբանությանը, սա շատ տրամաբանական մոտեցում է, որովհետեւ ՀՀԿ-ն վերջին ընտրություններում ստացել է 700 քանի հազար ձայն ու դրա 90 տոկոսը ստացել է ընտրակաշառքով: 10 հազար դրամը տվել են՝ ձայնը ստացվել են ու սենց 700 հազար անգամ: Ինձ որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ այս կառավարությունը ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի, որ մեր քաղաքացիները ավելի լավ ապրեն, քան այսօր, քան 2017-ի ապրիլի 2-ի ընտրությունների օրը ապրում էին, ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի, որ աղքատությունը վերանա,, որն այսօրվա հրապարակած պաշտոնական տվյալներով 29.5 տոկոս է, այսինքն՝ չի պակասել, իսկ միջազգային կազմակերպությունների տվյալներով 35.6 տոկոս է: Ինչո՞ւ պիտի այս խորհրդարանական մեծամասնությունն ուզենա, որ մարդը լավ ապրի, չպիտի՛ ուզենա, որովհետեւ երբ մարդը լավ ապրեց, 10 հազար դրամը իր համար այդքան մեծ գումար չի լինելու, որ ինքը վազելով գնա ՀՀԿ-ականի օգտին քվեարկի»:

Ըստ նրա, այս իշխանությանը հարկավոր է, որ ՀՀ քաղաքացին 10 հազար դրամին «կակա» ասի, հակառակ դեպքում որեւէ ընտրությունում չեն հաղթի. «Աբսուրդը հասել է այնտեղ, որ ես չեմ հասկանում ՀՀԿ-ական պատգամավորները ՀՀ քաղաքացիների չե՞ն հանդիպում, այ ցավդ տանեմ, մեզ բռնում են, ասում են՝ թոշակները խի՞ չեք բարձրացնում, էս երկիրը խի՞ երկիր չեք սարքում: ՀՀ հարգելի քաղաքացիներ, չենք անում շատ պարզ պատճառով, որովհետեւ դուք 10 հազար դրամը վերցրել եք եւ քվեարկել եք՝ հանուն ձեր աղքատության շարունակականության: Սա ձեր ընտրության արդյունքն է: Վայելե՛ք: Դուք լավ չե՛ք ապրելու: Որ պահին դուք լավ ապրեցիք, այս իշխանությունը դադարելու է գոյություն ունենալ»:

Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ում բոլորն անփոխարինելի են, ու դա մարդիկ հաստատել են՝ իրենց 10 հազար դրամները վերցնելով. «Դուք շարունակելու եք մնալ աղքատ, շարունակելու եք մնալ անպաշտպան, գաղթական, այնպիսին, ինչպիսին այսօր կաք»:

Նա հայտարարեց, որ «Ելքը» դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031