Գերմանաբնակ գիտնական. «Ուսանողս իսրայելական բանակ գնալուց առաջ 3 լեզու գիտեր»

Գերմանաբնակ գիտնական. «Ուսանողս իսրայելական բանակ գնալուց առաջ 3 լեզու գիտեր»

Վերջերս ԱԺ-ում ԿԳ նախարարը թվեր էր ներկայացրել, ըստ որի՝ 5032 թեկնածուներից 646-ն են գիտության մեջ: Գերմանիայում ապրող ու խոշորագույն ընկերություններից մեկում աշխատող գիտնական Գնունի Կարապետյանը Aravot.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ ԿԳ նախարարությունը ցույց չի տալիս վիճակագրությունը այն ուսանողների, որոնք դրսում են պաշտպանել կամ ապրելով դրսում՝ Հայաստանի համար ինչ-ինչ ծրագրեր են իրականացնում եւ գիտակրթական կապեր ապահովում:

Գնունի Կարապետյանը նշեց, որ ինքն անձամբ 10 հայաստանցի ուսանողների է ճանաչում, որոնք վերջին 3 տարիներին աշխարհահռչակ համալսարաններում են պաշտպանել: Դրանց թվում են Մյունխենի, Ցյուրիխի, Չիկագոյի համալսարանները, ընդ որում, մեր զրուցակցի խոսքերով, այդ բոլոր տղաներն էլ բանակի հետ կապված լուրջ խնդիրներ են ունեցել:

«Հիմա ասում են, որ օրենքով նախատեսվում է կառավարության որոշմամբ տարկետում տալ: Ես այդ կարգի հարաբերությունների փորձ ունեմ, շփվել եմ հայկական պետական մարմինների հետ: Օրինակ, մի անգամ Գերմանիայի DAAD-ի նախագահը, համալսարաններից մեկի ռեկտորը, դեկանը երաշխավորագիր էին ուղարկել մի ուսանողի համար, ու այդ բոլոր փաստաթղթերը ինքս տեսել եմ, սակայն ներքին կարգով Հայաստանից ասել էին, որ իմաստ չունի երիտասարդի հարցը դնել կառավարության նիստի, որովհետեւ զինվորի խնդիր ունենք: Այսինքն՝ այն խոսակցությունները, թե կառավարության նիստով հաստատեն, եթե հարկ լինի, արժանահավատ չեն, հաշվի առնելով Հայաստանում եղած կոռուպցիոն ռիսկերը, հարցերի «ընդհատակյա» լուծումը եւ այլն: Ուրեմն ինչն է խանգարում, որ կառավարության նիստի փոխարեն կոնկրետ քվոտա լինի, եւ պոտենցիալ ունեցող որոշակի թվով ուսանողների ազատեն բանակից»,-ասում է մեր զրուցակիցը:

Վերջին շրջանում Հայաստանում ընթացող գործընթացներից եւ պաշտոնատար մարդկանց հարցազրույցներին նա հետեւյալ տպավորությունն է ստացել. «Այդքան ներուժ կիրառվեց օրենք անցկացնելու համար, ավելի լավ չէ՞ր լինի, որ դրա փոխարեն Հայաստանում պարարտ հող ստեղծվի, որ ուսանողները, անկախ նրանից, թե ինչ աստիճանի տաղանդավոր են, կարողանան արդյունավետ, կիրառական գիտական արտադրանք տալ»:

Գնունի Կարապետյանն օրինակներ է բերում. «Մեծ երկրները ներդրողներին պարտադրում են շուկա մուտք գործելիս եւ արտադրություն սկսելիս ներդնել տեխնոլոգիաներն իրենց երկրում, օգտագործել տեղական աշխատուժն ու գիտական պոտենցիալը: Նույնն էլ կարող են Հայաստանում անել ու դա ամրագրել պայմանագրով, մանավանդ Հայաստանում հանքարդյունաբերական բազմաթիվ հիմնարկներ կան: Կարելի է պետական քաղաքականության միջոցով ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի ֆակուլտետների ուսանողներին եւ գիտական հմտություն ունեցող մարդկանց ներգրավել ընդերքի, թափոնների օգտագործման, տրանսպորտային ցանցի եւ այլնի հետ կապված բազմաթիվ խնդիրներ լուծելիս: Հո այդ ամենը զինվորները չե՞ն անելու: Հասկանալի է, որ Հայաստանի սահմանները պաշտպանելու համար մարդիկ ենք պետք, բայց իմ կարծիքով՝ այն ուղղությունը, որը ՊՆ-ն է փորձում առաջ տանել, 5-6 տարվա ընթացքում կբերի նրան, որ եղած ողջ բարենպաստ գիտակրթական մակարդակը կիջնի: Մինչդեռ կարող էին, չէ,՞ այդ հարցերում ԿԳ եւ տնտեսական զարգացման նախարարությունները համատեղ ինչ-որ բաներ անել… Երեւանում տրանսպորտային ենթակառուցվածքները վատ վիճակում են, օրինակ, ի՞նչն է խանգարում, որ պոլիտեխնիկի տրանսպորտի բաժնում պետպատվերով ծրագիր իջեցվի, 3-4 ատենախոսության թեմա դրվի, ուսանողները մի համակարգ մշակեն, թե ոնց պետք է կազմակերպվի տրանսպորտային ցանցի աշխատանքը, տնտեսագիտական համալսարանից էլ երկու դասախոսի հետ միասին աշխատանքային խումբ ստեղծեն ու աշխատեն: Այսինքն, երկու տարի խրամատ փորելու փոխարեն՝ ուսանողները կարող են արդյունավետ աշխատանք կատարել: Նույնը գյուղատնտեսության ոլորտում է, փոխանակ հակակարկտային կայանների ու հոգեւորականի օրհնել տալով բերքը պահելու, ավելի լավ չի՞ լինի գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողներին համապատասխան առաջադրանք տալ»:

Մեր դիտարկմանը, որ կա տեսակետ, թե գիտությամբ զբաղվողը կզբաղվի նաեւ բանակից հետո, Գնունի Կարապետյանը պատասխանում է. «Երբ Հայաստանում ասում են` գիտությամբ զբաղվել, դա ընկալվում է աշխարհահռչակ մի ամսագրում մեկի հոդված գրելը: Բայց գիտնական դառնալու պրոցեսը սկսվում է նրանից, որ այդ ուսանողը համապատասխան գիտական մթնոլորտում կրթվում է: Իհարկե, որոշակի թվով մարդիկ բանակից հետո էլ են զբաղվում գիտությամբ, բայց միեւնույն է` բանակը լուրջ ազդեցություն է թողնում մարդու ֆիզիկական, բարոյական եւ մտավոր աշխարհայացքի վրա: Ինքս էլ բանակում չեմ ծառայել, իմ իմացած երիտասարդներն էլ, որ հաջողությունների են հասել: Կարծում եմ` եթե բանակում լինեի, հաստատ նման հաջողության հասած չէի լինի…Պետությունը պետք է հոգատար լինի բարձր որակավորում ունեցող իր կադրերի համար, Հայաստանում այդ հոգատարությունը չկա: Հայաստանում երկու խնդիր կա` այդ հոգատարությունը չկա, եւ մարդկանց, որ այդ պրոցեսի միջով են անցնում, համապատասխան առաջադրանքներ ու թեմաներ չեն տալիս, որ նպատակային օգտագործվի նրանց ներուժը»:

Մեր մյուս դիտարկմանը, որ Իսրայելում եւ բալետի պարողն է բանակ գնում, եւ գիտնականը, ու դրանից ոչ մշակույթն է տուժում, ոչ էլ գիտությունը, Գնունի Կարապետյանը պատասխանում է. «Երբ Ռոստոկի (Գերմանիա) համալսարանում էի, Իսրայելից մի հրաշալի ուսանող ունեի: Այդ տղան բանակ գնացել է 3 լեզվի իմացությամբ, նա բանակում ունեցել է կոնկրետ առաջադրանք, ու մինչեւ բանակ գնալը ԱՄՆ-ում է լրջորեն վերապատրաստվել որպես գիտությամբ զբաղվող մարդ: Եվ հետո Իսրայելում համակարգն ավելի կայացած է ու կոռուպցիոն ռիսկեր չկան»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Ֆեյսբուքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք