Ուզբեկները Հայաստանի քաղաքացու մեքենան աճուրդով վաճառել են փետրվարին, իսկ օգոստոսին դատարանով որոշել այն վերադարձնելու մասին

Ուզբեկները Հայաստանի քաղաքացու մեքենան աճուրդով վաճառել են փետրվարին, իսկ օգոստոսին դատարանով որոշել այն վերադարձնելու մասին

Հայաստանի քաղաքացին կդիմի ՄԻԵԴ՝ Ուզբեկստանի դեմ

«1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից հետո ես հաճախ էի գնում մայրիկիս աշխատավայր՝ բուժհիմնարկ: Տեսնելով այնտեղ վիրավոր աղետյալներին՝ դեպրեսիա տարա»,-մեր զրույցը այսպես սկսեց մասնագիտությամբ աշխարհագետ-էկոնոմիստ Կարեն Գեւորգյանը:
Կարենը պատմում է, որ դեպրեսիան այնքան է խորացել, որ իրեն բժիշկները վերցնում են հսկողության տակ, ճանաչում են առաջին կարգի հաշմանդամ, իսկ «Արթմեդ» բուժհիմնարկը նշանակում է «Լորազեպամ» դեղամիջոցը՝ նյարդերը հանգստացնելու համար: Այս դեղամիջոցը Հայաստանում տրվում է միայն դեղատոմսով: Այն, որ Կարենը դա օգտագործել է օրենքով սահմանված կարգով, հաստատվում է լուսանկարում պատկերված «Արթմեդի» գրությամբ, որը Հայաստանի ԱԳՆ-ի միջոցով տրամադրվել էր Ուզբեկստանի արդարադատության մարմիններին: Կարենը նախազգուշության համար մոտը պահում էր դեղահաբերից:

Դեղամիջոցի օգտագործումը Կարենը երկու տարի անց դադարեցնում է, նա հրաժարվում է հաշմանդամության առաջին կարգից, գնում է մեքենա եւ հաճախ էր մարդկանց փոխադրում Ռոստով, Մոսկվա, Բելառուս: Սամարղանդ Կարենը մեքենայով գնում էր առաջին անգամ՝ ընկերոջ հրավերով:

2013թ. հոկտեմբերի 19-ին Ուզբեկստանի «Դաուտ-Ատա» անցակետում ուզբեկ մաքսավորները զննում են «Մերսեդես Բենց» մեքենան ու հայտնաբերում «Լորազեպամ» դեղամիջոցը:

Սկզբում Հայաստանի քաղաքացուն ասում են, թե կենթարկվի վարչական տույժի, իսկ ապա կանչելով դատարան, նրան դատապարտում են 5 տարի 1 ամիս ազատազրկման, հաստատելով, թե նա իրավամբ կատարել է Ուզբեկստանի քրեական օրենսգրքի 246 հոդվածի 1-ին մասը՝ կանխամտածված կերպով թմրամիջոց է տեղափոխել Ուզբեկստանի տարածքով:

Կարենը մեկ ամիս անցկացնում է Նուկուսի բանտում, ապա Ուզբեկստանի Սահմանադրության տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ ազատ արձակվում:

Նուկուսի բանտում 50-ամյա Կարենը նստածների մեջ ոչ միայն առաջին քրիստոնյան էր, այլեւ առաջին հայը:

«Ձեր Ժիրինովսկին ասում է ուզբեկները չուրբան են, ոնց ես տակից դուրս գալու». առաջինը նրան դիմավորղը «զոն նայողն» էր: Կարենը, որին կալանավորվածները կասկածում էին ոչ թե թմրամիջոց անցկացնելու համար, այլ «շպիոն» լինելու, գրագիտությունն էր պատճառը, պատասխանում է. «Նախ, Ժիրինովսկին մերը չի, դրա համար էլ չուրբան ես» ու այդ խոսքից հետո փոխվում է Կարենի նկատմամբ վերաբերմունքը: Խցում տասներկուսն էին, ազերի էլ կար, որը զենքի կասկածանքով էր ազատազրկվել, բայց բերել էին Կարենի մոտ:
Կարենի դիտարկմամբ, ամեն բան արվում էր, որպեսզի ինքը բերդից դուրս չգա:
«Առավոտի» տրամադրության տակ է 2013թ. նոյեմբերի 22-ին «Հանուն Ուզբեկստանի Հանրապետության» երեք մեքենագիր էջից բաղկացած դատավճիռը: Ժողդատավորներն են եղել Բ. Շախանովը, Ա. Կենժեմուրատը, Լ.Կերուենբաեւը: Ուշադրության արժանի է այն, որ մեղադրողը եղել է դատախազի օգնականի կարգավիճակով Ա. Բախտիյարովը: Մեր քաղաքացու պաշտպանությունն իրականացրել է «YURIKON» փաստաբանական գրասենյակի փաստաբան, ազգությամբ ռուս Ն. Բեզոուչենկոյը:


Դատավճռի ինքնությունը հատվածում ճշտել էին՝ Կարեն Գեւորգյանը «դեպուտատ չէ», կուսակցության անդամ չէ:

Կարենը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել. նրա նկատմամբ փոխվել էր խափանման միջոցը. կալանքի էին վերցրել նիստերի դահլիճից:
Դատարանը հանցագործության գործիք էր համարել Կարենի մեքենան, եւ այն պետությունը վերցրել էր: 36 225 000 դրամի մեքենան դատարանով աճուրդի էր հանվել եւ 2014թ. փետրվարի 27-ին վաճառվել է ոմն Ուլուքբեկ Օսպանովի՝ 2 484 000 դրամով: Կարենը տասնօրյա ժամկետում բողոքարկում է իր նկատմամբ կայացրած ապօրինի դատավճիռը:

Դատարանը օգոստոսի 26-ին որոշում է կայացնում Կարեն Գեւորգյանի մեքենայի «կարգավիճակը» փոխելու եւ վերադարձնելու մասին:

Այս տարվա հոկտեմբերի 27-ին Հայաստանի քաղաքացին ստանում է Ուզբեկստանի դատախազությունից՝ Կարակալպաստանի դատախազի տեղակալ Բ. Նաուրիզբաեւի գրությունը, որով հայտնվում է, թե մեքենան գտնվում է Նուկուսի բյուրոյում, եւ որ Կարենը կարող է իր նյութական եւ բարոյական վնասի հատուցման համար դիմել տեղի քաղգործերով դատարան:

Կարենն իր վնասը 2013թ. հոկտեմբերի 29-ից մինչեւ 2017թ. օգոստոսի 29-ը գնահատել է տասը հազար դոլար՝ բանտում մնալու եւ երեք ամիս էլ բանտից դուրս հյուրանոցում մնալու համար, քանի որ սպասում էր Հայաստանից իր վերաբերյալ փաստաթղթերին, իսկ իրեն աշխատանքից զրկելու, մեքենան վերցնելու, մինչ օրս չտալու համար՝ 95 000 դոլար:
Կարենը դիմել է Ուզբեկստանի գլխավոր դատախազին՝ պահանջելով, որպեսզի իրեն արդարացնեն:

Եթե արտերկիրը չուղղի ապօրինի դատավճիռը, անպարտ չճանաչի մեր քաղաքացուն, Կարեն Գեւորգյանը մտադիր է դիմել միջազգային կառույցներին, ՄԻԵԴ՝ ընդդեմ Ուզբեկստանի Հանրապետության:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարները՝ հեղինակի

Հ.Գ. Գեւորգյանը դիմել է Թուրքմենստանում ՀՀ դեսպանատուն, Հայաստանի ԱԳ նախարարություն: Նա միայնակ է դուրս եկել այլ պետության իրավապահ, արդարադատական մարմինների դեմ՝ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատվի եւ արժանապատվության:

«Առավոտ»

06.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք