Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը Ժոզե Մոուրինյուի հետ հարաբերությունների առումով կրկնո՞ւմ է Իկեր Կասիլյասի ճակատագիրը

Դեկտեմբեր 07,2017 09:30

Այս տարվա հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ՖԻՖԱ-ի 2017 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, լավագույն խաղացող` պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Նաեւ հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը եւ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես քվեարկել են Ռոնալդուի ու Զիդանի օգտին:

Գուցե թե ժամանակային առումով համընկավ, բայց ուշագրավ է, որ այս քվեարկությունից հետո անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն սկսեց բացասական գնահատականներ հնչեցնել Մխիթարյանի հասցեին, մասնավորապես, թե նա լավ էր մեկնարկել, սակայն հետո իջեցրել է ելույթների մակարդակը:

«Ինձ դուր չեկան Մխիթարյանի ելույթները վերջին խաղերում: Խոսքը 2-3 հանդիպման մասին չէ, այլ 3, 4, 5: Նա լավ սկսեց մրցաշրջանը, սակայն հետո սկսեց աստիճանաբար անհետանալ: Նրա ելույթի մակարդակը նվազեց գոլերի, գոլային փոխանցումների, պրեսինգի, գնդակը խլելու տեսանկյունից, որը պետք է կատարի փլեյմեյքերը: Դա բավարար էր, որպեսզի շանս տամ ուրիշներին»,- ասել էր Մոուրինյուն: Վերջին երկու խաղերում Մխիթարյանը բացակայում էր:

Հիմքեր կան ենթադրելու, թե կրկնվում է այն պատմությունը, որ տարիներ առաջ տեղի էր ունեցել Իկեր Կասիլյասի եւ Ժոզե Մոուրինյոյի միջեւ, երբ վերջինս Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչն էր: 2011-ին Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը չէր քվեարկել իր մարզիչի օգտին Fifa Ballon d’Or մրցանակաբաշխության ժամանակ: Նա մասնավորապես քվեարկել էր Կրիշտիանու Ռոնալդուի, Մեսութ Օզիլի եւ Լեոնել Մեսսի օգտին՝ որպես ֆուտբոլիստների: Այդ տարի տարվա մարզիչ ճանաչվեց Բարսելոնայի հավաքականի մարզիչը՝ Պեպ Գվարդիոլան:

Դարպասապահի եւ մարզիչի միջեւ սկիզբ առավ հակամարտություն, որի ընթացքում մամուլին հայտնի էին դառնում մանրամասներ, թե Ժոզե Մոուրինյոն շուրջ 1 ամիս չի խոսում թիմի ավագ Իկեր Կասիլյասի հետ: Կամ՝ որ մարզիչը Կասիլյասի լրագրող ընկերուհուն՝ Սառա Կարբոներոյին է համարում արտահոսքերի աղբյուր: Հրապարակավ Ժոզե Մոուրինյոյից պահանջվում էր Կասիլյասի հանդեպ ավելի մեծ հարգանք դրսեւորել: Դարպասապահը սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել պահեստայինների նստարանին:

Իսպանական ԶԼՄ-ները տեղեկացնում էին, որ «Ռեալի» գլխավոր մարզիչն այլևս չի ցանկանում թիմում տեսնել Ռամոսին եւ Կասիլյասին, ու մի շարք պայմաններ էր ներկայացրել Արքայական ակումբի ղեկավարությանը: Մոուրինյոն պահանջել էր վաճառել թիմի ավագ Կասիլյասին:

Կասիլյասը 27 տարեկան էր, երբ խաղերով գերազանցեց Մադրիդի պատմության լավագույն դարպասապահին, նրանով հետաքրքրվում էին Անգլիական Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ եւ առաջարկում ռեկորդային գումարներ, իսկ նա մերժում էր բոլորին եւ ասում, որ ինչ էլ լինի՝ կմնա Մադրիդում: Սակայն ի վերջո՝ երկարատեւ հակամարտությունն ավարտվեց նրանով, որ 2014/2015 մրցաշրջանին Կասիլյասը թողեց թիմը, որին մաս էր կազմել 11 տարի:

Աշոտ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մարդամեկ says:

    Չեմ կարծում որ դա է հիմնական պատճառը. Ավելի շուտ , թվում է որ թիմը բաժանվել է խմբերի որոնք նախընտրում են միմիանց մեջ խաղալ , միմիանց փոխանցում տալ. Այսինքն թիմային խաղը դարցել է խմբային սույն թիմի մեջ.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031