Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իրեն գնահատական տալիս Դոն Կիխոտ էի ասում՝ լավ իմաստով իհարկե» (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 07,2017 13:48

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում դեկտեմբերի 7-8-ին անցկացվում է ականավոր հայագետ-բյուզանդագետ Կարեն Յուզբաշյանի ծննդյան 90-ամյակին նվիրված «Հայաստանը և արևելաքրիստոնեական քաղաքականությունը» միջազգային գիտաժողովը։

Առաջին օրը՝ դեկտեմբերի 7-ին, բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը և Ռուբեն Սաֆրաստյանը։ «Ես՝ ի տարբերություն այստեղ ներկա գտնվողների, շատ շփում չեմ ունեցել Յուզբաշյանի հետ, բայց այն սակավ շփումներն էլ ինձ վրա մեծ տպավորություն են թողել, որը առաջին հերթին պայմանավորված են նրա մարդկային հատկանիշներով։ Իմ կարծիքով՝ նա հայ մտավորականության լավագույն կերպարն է պատկերում, որը ստեղծագործելով Հայաստանից դուրս, իր ողջ գործունեությունը նվիրեց հայ ժողովրդին»,-իր ելույթում նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

ԵՊՀ պրոֆեսոր Լևոն Չուգասզյանը իր ընկերոջ մասին խոսելիս առանձնացրեց գիտնականի սերը և ուշադրությունը ոչ միայն Հայաստանի այլ նաև Պետերգբուրգում ուսանող հայագետ ուսանողների հանդեպ։ Նրա խոսքով՝ ուսանողները միշտ իր հովանավորությունը և ձեռքը զգացել են իրենց գլխին. «Ասում են՝ մարդիկ ապրում են այնքան ժամանակ, ինչքան նրանց հիշում են։ Այդ իմաստով Կարեն Յուզբաշյանին մոռանալ հնարավոր չէ»,- հավելեց գիտնականի ընկերը։

Գիտաժողովին խոսեց նաև հայագետի համադասարանցին՝ Քնարիկ Տեր-Դավթյանը, որը զեկուցողներից ամենաերկարն է շփվել Յուզբաշյանի հետ։ Նա հիշեց իրենց մանկությունը, դպրոցական տարիների հուշերը և հետաքրքիր դեպքեր, որին իր մասնակցությունն է ունեցել հայագետը. «Կարենը շատ հետաքրքիր անձնավորություն է եղել։ Ես իրեն գնահատական տալիս Դոն Կիխոտ էի ասում՝ լավ իմաստով իհարկե: Նա դեռ երիտասարդ տարիներից ունեցել է մեծ ծրագրեր և այդ ծրագրերին համապատասխան եղել են նաև իր գիտելիքները»,-ասաց տիկին Քնարիկը։

Գիտաժողովի առաջին նիստը նախագահողներից Հակոբ Սիմոնյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց 4 կարևոր խնդիր , որոնք փորձում է լուծել գիտաժողովը. «Արդեն երրորդ անգամ ենք նման գիտաժողովներ կազմակերպում։ Մենք պետք է շարունակենք սա անել, մի քանի պատճառներով՝ նախ որպեսզի հայագիտությունը դուրս չմնա համաշխարհային պատմագիտությունից, նման գիտաժողովներին պատրաստվելը և զեկույցներով ներկայանալը նպաստի սերունդների շարունակականությանը՝ մեծերը իրենց փորձով կիսվեն երիտասարդների հետ։ Մյուս խնդիրը պատմագիտական աշխատանքն է՝պետք է ոչ միայն պատմությունը ներկայացնել, այլ նաև խորանալ և նոր բացահայտումներ անել՝ ինչպես մյուս բնագավառներում։ Եվ վերջին խնդիրը պատմաբանների կատարած աշխատանքը հանրությանը ներկայացնելն է, քանի որ հումանիտար գիտությունն ունի հասարակական խնդիրներ՝ հասարակության վրա ազդելու և ավելի ինտերակտիվ ու կապերի պահպանման հետ կապված»։

Գիտաժողովին ներկա էր և զեկույցով հանդես եկավ նաև Կարեն Յուզբաշյանի դուստրը՝ Ելենա Յուզբաշյանը, որը խոսեց հոր հետ ունեցած հիշողություններից և մանկական հուշերից։ «Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ գիտաժողովն է , առաջինը Պետերբուրգում էր, երկրորդը՝ այստեղ:Ես շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր կազմակերպել են սա, ուղղակի հենց փաստի համար։ Այս գիտաժողովը մեր ընտանիքի կյանքում մեծ դեր է խաղացել, թույլ է տվել վերհիշել ամեն ինչ՝ և այցը երևան, և հանդիպումը ծանոթ մարդկանց հետ իսկապես կարևոր իրադարձություն էր ՝ ո՛չ գիտական, ո՛չ հումանիտար այլ մարդկային տեսանկյունից »,- Aravot-ի հետ զրույցում նշեց Ելենա Յուզբաշյանը;

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031