29 տարի անց մարդիկ սպասում են բնակարան ստանալու իրենց հերթին

29 տարի անց մարդիկ սպասում են բնակարան ստանալու իրենց հերթին

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից 29 տարի է անցել, սակայն աղետի գոտի հասկացությունը դեռեւս գոյություն ունի: Շատ ընտանիքներ մինչ օրս սպասում են բնակարան ստանալու իրենց հերթին. «Ցավոք սրտի, 29 տարի անց մենք չկարողացանք երկրաշարժի հետեւանքներն ամբողջությամբ վերացնել, եւ դեռ ունենք ընտանիքներ, որոնք երկրաշարժի հետեւանքով մնացել են անօթեւան, եւ սպասում են բնակարան ստանալու իրենց հերթին»,- ասում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

 

Մարզի ղեկավարի խոսքով՝ քաղաքային համայնքներում երկրաշարժից անօթեւան մնացած եւ շահառու դարձած ընտանիքներն ապահովվել են բնակարաններով, խնդիրը կապված է սեփական սեկտորի հետ: Սեփական բնակարաններ կորցրած ընտանիքների հարցը դեռեւս լուծում չի ստացել:

Բնակարան ստանալու իրենց հերթին են սպասում նաեւ մարզի գյուղական համայնքների 296 ընտանիքներ. «Կառավարությունն իր առջեւ խնդիր է դրել, որ առաջիկա 2-3 տարիներին պետք է ամբողջությամբ այդ 296 ընտանիքի խնդիրը կարգավորվի: 2018 թվականի բյուջեով նախատեսված հստակ գումար կա, մենք պետք է անդրադառնանք եւ աստիճանաբար խնդիրը վերջնականապես լուծենք», վստահեցրեց Արթուր Նալբանդյանը:

Իսկ մինչ այդ, յուրաքանչյուր տարի, մարդիկ շարունակում են այս օրն այցելել եկեղեցիներ ու մոմ են վառում իրենց հարազատների հոգու հանգստության համար: Այսօր էլ Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի՝ հարգանքի տուրք մատուցվեց, կատարվեց հոգեհանգստի կարգ: Ներկաները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին նրանց հիշատակը հավերժացնող խաչքարին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք