Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում հնարավոր է նվագախումբ «ղեկավարել»

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում հնարավոր է նվագախումբ «ղեկավարել»

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը դեկտեմբերի 14-ին միանգամից երկու շնորհանդես ունի` «Իմ նվագախումբը» վիրտուալ խաղի եւ թանգարանի 50-ամյակի առիթով ստեղծված 50 հուշանվերների շարքի: Երկուսն էլ թանգարանի 50-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում են:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը. «Իմ նվագախումբը» կգրավի հատկապես նորագույն տեխնոլոգիաներով հետաքրքրվածներին: Դա թանգարանում գոյություն ունեցող «Ես դիրիժոր եմ» ինտերակտիվ խաղի տրամաբանական շարունակությունն է: Այցելուն ինտերակտիվ ձեւով ստեղծում է իր նվագախումբը, փորձելով ստուգել` արդյոք գիտի՞, թե ինչպես է կազմված սիմֆոնիկ նվագախումբը: Նա նաեւ հնարավորություն է ունենում ընտրելու մի դասական գործ իր նախընտրությամբ: Շատ ուսուցողական խաղ է, որը հնարավորություն է տալիս ոչ տեղյակ կամ նման համերգներին ոչ հաճախ այցելած մեծահասակներին եւ երեխաներին սովորել, թե ինչպիսին է նվագախումբը, ինչ դասավորություն ունի եւ այլն»:

Ներկայացնելով «50 հուշանվեր` 50-ամյա թանգարանից» ծրագիրը, մեր զրուցակիցը նշեց, որ խոսքը բոլորովին վերջերս ստեղծված հուշանվերների մասին է, որոնք սահմանափակ քանակությամբ են եւ հեղինակային աշխատանքներ: Թանգարանի այցելուն այսուհետեւ հնարավորություն կունենա իր մտերիմներին որեւէ գեղեցիկ հուշանվեր տանել` սպենդիարյանական ստեղծագործությունների թեմաներով: Երկու ծրագրերն էլ իրականացվել են մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մարինե Օթարյանը վստահեցրեց, որ նման ծրագրերի ներմուծումը հնարավորություն է տալիս ավելացնել իրենց այցելուների թիվը:

«Օրինակ, «Ինտերակտիվ դիրիժորը» ծրագիրը, որը մենք դեռեւս 2012թ.-ին էինք ներմուծել մշտական ցուցադրության մեջ, ցույց տվեց, որ այս ծրագիրը թանգարան է բերում հատկապես նորագույն տեխնոլոգիաներով հետաքրքրվածներին, թանգարանում ժամանց անցկացնելու տրամադրվածություն ունեցողներին: Նման ծրագրերը երիտասարդներին թանգարանի հետ կապելու հրաշալի միջոց են: Ընդ որում, եթե 90-ական թվականներին մի քանի հարյուր էր մեր այցելուների թիվը, այսօր տարեկան ավելի քան 2000, խոսքն էլ վճարովիի մասին է, քանի որ ընդհանրապես տարվա մեջ 5000 այցելու ենք ունենում»,-հավելեց նա:

Մարինե Օթարյանի խոսքերով, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի այցելուները սիրում են հատկապես իրենց Սպենդիարյանաֆոնը, որը բացառիկ գործիք է, աշխարհում միակը, որ ստեղծվել է Սպենդիարյանի մտահղացմամբ:

«Այցելուները շատ սիրում են կանգնել այդ ցուցանմուշի մոտ: Ստեղծել ենք նաեւ դրա փոքր տարբերակը, որպեսզի այցելուն նվագի եւ հասկանա, թե Սպենդիարյանաֆոնն իրենից ինչ է ներկայացնում»,- ասաց թանգարանի տնօրենը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` Ֆեյսբուքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք