Վարչապետ. արտահանվող եւ ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգը պետք է հստակեցվի

Վարչապետ. արտահանվող եւ ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգը պետք է հստակեցվի

Արտահանվող եւ ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգը պետք է հստակեցվի: Այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով. «Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող վարչարարության շահառուների մեծ զանգվածը գործարար միջավայրի ներկայացուցիչներն են:

Այս տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրությունը, փորձաքննության ներկայացվող պահանջները եւ կարգը լինեն հստակ եւ կանխատեսելի: Ներկայումս գործող կառավարության մի շարք որոշումներով սահմանված սննդամթերքի փորձաքննության անցկացման կարգերը, չնայած կատարված աշխատանքներին, դեռեւս ամբողջությամբ չեն տեղայնացրել միջազգային նորմերը»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Դրա հետեւանքով, ըստ նրա, գործարարների մոտ օբյեկտիվորեն կարող են առաջանալ տարընկալումներ սննդամթերքի ներմուծման եւ արտահանման վարչարարության դեպքերով:

Նա իրավասու մարմիններին հանձնարարեց մինչեւ տարեվերջ համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել սննդամթերքի արտահանման եւ ներմուծման դեպքերով պահանջվող փաստաթղթերի փորձաքննության կարգի հստակեցման, միջազգային նորմերի տեղայնացման կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ:

«Նամանավանդ, որ վերջերս մամուլում տեղ են գտել հավի մսի ներմուծման հետ կապված պրոբլեմներ»,- ասաց վարչապետը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք