Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթությունից մինչեւ աշխատանք՝ լաբիրինթոսում

Դեկտեմբեր 08,2017 15:00

Համալսարանից մուտքը աշխատաշուկա
շատ ուսանողների համար անանցանելի է թվում

Բազմիցս նշվել է, որ մեր երկրում կրթական համակարգը եւ աշխատաշուկայի պահանջները չեն համապատասխանում։ Այս խնդրի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել։ Պարզ երեւում է, որ գործատուն այլ ակնկալիքներ եւ պահանջներ ունի, իսկ բուհը տալիս է այն գիտելիքը, որ հաճախ այդ ժամանակաշրջանում հնացած է աշխատաշուկայում։

Այս խնդրի մասին խոսում են ոչ միայն մասնագետները, այլեւ ուսանողները։
«Կոնկրետ իմ մասնագիտության համար կազմված ուսձեռնարկը բավականին հեռու է գործնական մասնագիտությունից։ Քանի որ հիմա իմ մասնագիտությամբ եմ աշխատում՝ համատեղ նաեւ սովորում, տարբերությունն ակնառու է։ Երբ երկու ժամ լեկցիոն դաս ես լսում, օրինակ՝ օպերատորությունից՝ թե ինչպես է ճիշտ դնել գեղարվեստական լույսը, ու լսածդ չես կիրառում, գոնե նվազագույնը լույսերը չես տարբերում մեկը մյուսից, միեւնույն է՝ այն չես կարող կիրառել հետագայում։ Կամ պատկերացրեք դերասանի վարպետության լեկցիոն դաս, կապ չունի, որ Ստանիսլավսկին ու Վախթանգովը հատորներով սիստեմ են գրել: Մինչեւ բեմ չբարձրանաս, դերասան չես դառնա»,- ասում է ՀՊՄՀ ուսանող, ապագա ռեժիսոր Արթուր Հովհաննիսյանը։

Ուսանողները պնդում են, որ երբ տեսական գիտելիքը նույն պահին չի կիրառվում գործնականում, կարելի է ասել՝ սովորելն անիմաստ է դառնում։ Միայն կիրառելով կարելի է այն դարձնել մարդու սեփականությունը։ Սակայն ակնառու է, որ Հայաստանում համալսարանների մեծ մասը չունեն համապատասխան պայմաններ տեղում պրակտիկ դաս անցկացնելու համար։

Կա նաեւ հակառակ տեսակետը։ Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Անգլերեն լեզու եւ հաղորդակցություն» բաժնի ուսանող Անուշ Պետրոսյանը փաստում է, որ իրենց համալսարանում դասապրոցեսը ամբողջությամբ իրականացվում է պրակտիկ ձեւով. «Կարծում եմ, որ մեր համալսարանի դեպքում կրթությունը համապատասխանում է աշխատաշուկային, քանի որ մենք ստանում ենք ընդհանուր կրթություն, այսինքն` սպեցիֆիկ ուղղվածություն չկա։ Մենք չենք սովորում՝ ինչ, այլ սովորում ենք՝ ինչպես, որովհետեւ հիմա ու 10 տարի հետո ամեն ինչ տարբեր է լինելու, իսկ ինչպեսը ամեն ժամանակաշրջանում էլ մեզ ուղղորդելու է»:

Հարց է ծագում՝ արդյո՞ք համալսարանները պատրաստում են փոփոխվող աշխատաշուկայի համար մրցունակ կադր։ Մյուս համալսարանների մեծ մասում բակալավրիատի 4 տարի տեւող կրթական պրոցեսի հիմքում տեսական նյութի յուրացումն է, ինչի հետեւանքով տուժում է կիրառական կողմը։ Իսկ մագիստրոսական աստիճան ստանալու համար պետք է եւս երկու տարի անցկացնել համալսարանական նստարանին՝ լսելով 4 տարվա խտացրած նյութի ամփոփ կրկնությունը։

«Մագիստրոսի աստիճանը գիտելիքի առումով ոչինչ չի տալիս, միայն դիպլոմ ունենալու համար շատերը սովորում են»,- հավաստիացնում է Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհին։

Մյուս կարեւոր հարցը պրակտիկաների կազմակերպումն է։ Այն, որպես կանոն, ոչ բավարար չափով է իրականացվում, որովհետեւ պրակտիկաները հիմնականում լինում են պասիվ բնույթի՝ երրորդ կամ չորրորդ կուրսում։ Սա լուրջ խնդիր է, քանի որ արդեն համալսարանը ավարտող ուսանողը դեռեւս պատկերացում չունի իր մասնագիտության կիրառական դաշտի մասին։ Ինչպես փաստում են տվյալները, մեր երկրի երիտասարդության 28 տոկոս զբաղվածության պայմաններում միայն 1/3-ն է աշխատում իր մասնագիտությամբ, ինչը մասնագիտական կողմնորոշման եւ աշխատաշուկայի պահանջների անհամապատասխանության հետեւանք է։

Բուհական համակարգի ներսում առկա խնդիրներին զուգահեռ կան նաեւ խնդիրներ գործատուների հետ։ Շատ կարեւոր է, որպեսզի կրթական հաստատությունները համագործակցեն աշխատաշուկայի հետ՝ հաշվի նստեն նրանց պահանջմունքների եւ նախընտրությունների հետ։ Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) ինստիտուցիոնալ հավաստագրման փորձագետ Միշա Թադեւոսյանի խոսքով՝ «Երբ մենք խոսում ենք բուհի եւ աշխատաշուկայի փոխհարաբերությունների մասին, պետք է հասկանալ՝ կա՞ արդյոք դիսկուրսի հարթակ աշխատաշուկայի եւ համալսարանի` ուսանողի միջեւ, հարթակ, որը հնարավորություն կստեղծի աշխատաշուկային մասնակցություն ունենալ ապագա մասնագետի, այս պարագայում՝ ուսանողի հետ փոխհարաբերություններում, որպես մասնագետ ձեւավորման գործընթացում»։
Փորձագետների համոզմամբ՝ շատ կարեւոր է, որ գործատուն մասնակից լինի ուսանողի մասնագիտական ճանապարհը կառուցելու գործին, այսինքն՝ մասնագիտական կրթական ծրագիր կազմելու պրոցեսին, հաշվի առնելով գործատուի պահանջը։ Իսկ ինչպե՞ս լուծել այս խնդիրը եւ ավելի մատչելի դարձնել ուսանողի մուտքը դեպի աշխատաշուկա։ Ուսանողներից մեկը պատասխանում է, որ փոփոխությունը պետք է լինի ներբուհական համակարգում. «Վերջին մեկ կամ երկու տարին լեկցիա լսելու փոխարեն պետք է ուսանողին գործուղել իր մասնագիտությանը համապատասխան հաստատություն, որտեղ նա կաշխատի, ոչ թե պրակտիկա կանցնի, քանի որ դա էլ անօգուտ է, պրակտիկան նման է էքսկուրսիայի»։

Առաջնային է ստեղծել մի հարթակ, որտեղ բուհը եւ աշխատաշուկան կարողանան համագործակցել։ Պարզել գործատուների պահանջները, ակնկալիքները երիտասարդներից, այսինքն՝ երիտասարդների մասնագիտական եւ անձնային որակների համապատասխանությունը գործատուների ակնկալիքներին, պահանջներին։ Եվ ըստ այդմ՝ փոփոխություններ կատարել կրթական համակարգում՝ պատրաստելով ավելի մրցունակ եւ լավ կադրեր։

ԱՆԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ

ՀՊՄՀ, հեռուստալրագրություն,
4-րդ կուրս

«Առավոտ»

07.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031