Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ՀՀ համաձայնագրի ստորագրումը պետք չէ կապել Մեղրիում ազատ տնտեսական գոտու հիմնման հետ»

Դեկտեմբեր 08,2017 16:30

Ըստ ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Գրիգոր Առաքելյանի՝ իրանական ներդրողների համար լրացուցիչ խթան է ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմը:

ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Գրիգոր Առաքելյանի վստահեցմամբ՝ ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը պետք չէ կապել Մեղրիում ազատ տնտեսական գոտու հիմնման հետ, քանզի դրանք իրարից անկախ գործընթացներ են։

«Առավոտը» պարոն Առաքելյանին հիշեցրեց փորձագետների մեծամասնության այն դիտարկումը, թե ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո նոր հեռանկարներ են բացվել հայ-իրանական հարաբերությունների համար, եւ վերջապես հնարավոր է իրականություն դառնա Մեղրիում ազատ առեւտրի գոտի հիմնելու գործընթացը, որն արդեն ձգձգվում է 2 տարի: Գրիգոր Առաքելյանն արձագանքեց. «Այստեղ խոսքը ոչ թե ձգձգման, այլ համապատասխան փուլերի մասին է, որը պետք է անցնի Մեղրիի ազատ տնտեսական գոտին»:

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո հայ-իրանական հարաբերությունների լայն հնարավորությունների մասին են խոսում ոչ միայն փորձագիտական շրջանակներում, այլեւ պաշտոնական: Օրինակ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստան այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե բավականին լավ հնարավորություններ են ընձեռված ՀՀ-ին եւ Իրանին տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար, սակայն պետք են նաեւ Հայաստանի կողմից ազդակներ:
Պարոն Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է անում ՀՀ ԱԳՆ-ն այդ ազդակները տեսանելի դարձնելու համար, քանի որ հայ հասարակության եւ փորձագետների շրջանում կա այն մտահոգությունը, որ Իրանի հետ հարաբերություններում ՀՀ-ն օգտագործում է ոչ բոլոր հնարավորությունները: Պարոն Առաքելյանը պատասխանեց. «Նախ նշեմ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Հայաստան այցի ընթացքում անդրադառնալով երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար ընձեռված հնարավորություններին, որպես այդպիսին Հայաստանից ակնկալվող ազդակների մասին չի խոսել: Սակայն, անկախ ամեն ինչից, հարեւան Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը գտնվում է Հայաստանի բարձրագույն ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում, որի մասին են վկայում բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցերն ու համատեղ իրականացվող եւ նախանշվող ծրագրերը։ Իսկ նոյեմբերի 29-ին Երեւանում տեղի ունեցած Հայաստան-Իրան գործարար համաժողովը նպատակ էր հետապնդում երկու երկրների միջեւ ընդլայնել գոյություն ունեցող կապերը»։ ԱԳՆ պաշտոնյան հայտնեց, որ իրանցի գործարարներին ներկայացվել են Հայաստանում գործունեություն ծավալելու բոլոր հնարավորությունները:

Մեր այն դիտարկմանը՝ փորձագետների պնդմամբ՝ ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ համաձայնագրի ստորագրումից հետո Իրանի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցելությունը պատահական չէր, քանի որ Իրանին խիստ հետաքրքրում է, թե ինչ հնարավորություններ են բացվում Հայաստանի առաջ, որից ինքը կարող է օգտվել: Ի՞նչ հնարավորությունների մասին է խոսքը, եւ ինչպե՞ս է Հայաստանն ինքը պատրաստվում օգտվել այդ հնարավորություններից Իրանի հետ հարաբերությունների ավելի սերտացման համար, պարոն Առաքելյանը պատասխանեց. «Իրանի ԱԳ նախարարի այցը Երեւան նախապես ծրագրված էր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, եւ պետք չէ այն կապել որեւէ այլ իրադարձության հետ: Հայաստանի ու Իրանի արտաքին գործերի նախարարները պարբերաբար հանդիպումներ են ունենում թե՛ երկու երկրների մայրաքաղաքներում, թե՛ միջազգային հարթակներում»:
Անդրադառնալով Իրան-Հայաստան-Եվրամիություն եռակողմ համագործակցությանը՝ պարոն Առաքելյանը նշեց. «Հայաստանը Եվրոպան Իրանի հետ կապող ամենակարճ եւ անվտանգ ցամաքային ճանապարհն է։ Մենք ԵՄ-ի հետ ունենք GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմ, որի շրջանակներում մի քանի հազար անուն հայկական ապրանքներ զրոյական մաքսատուրքով կարող են արտահանվել ԵՄ: Այդ հանգամանքը եւս կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ իրանական ներդրողների համար՝ ՀՀ-ում գործունեություն ծավալելու առումով»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

07.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031