Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ իր ասելու ձեւն ունի

Դեկտեմբեր 08,2017 10:10

Դարձյալ ուզում եմ անդրադառնալ իմ սիրած եւ, ինձ թվում է, կարեւոր թեմայի՝ կարեւոր է ոչ միայն այն, թե ի՛նչ է ասվում, նույնքան կամ գուցե ավելի կարեւոր է «ինչպես»-ը: Երեկ դարձյալ նման դեպքի ականատեսը դարձանք: Գյումրիում վարչապետ Կարեն Կարապետյանին լրագրողը հարցնում է՝ ե՞րբ են աղետի գոտում աշխատատեղեր բացվելու: Իրականում, իմ տպավորությամբ, դա հարց չէ՝ քննադատություն է, կշտամբանք, բողոք՝ առ այն, որ գործազրկությունն աղետի գոտում չափազանց բարձր է, որ մարդիկ առանց գործի չեն կարողանում իրենց ընտանիքները պահել, մարդիկ իրենց ընկճված եւ անլիարժեք են զգում, եւ այդ ամենը նրանց դրդում է գնալ դեպի «ռուսաստաններ», որտեղ կյանքն առանձնապես հեքիաթային չէ, բայց հնարավոր է աշխատանք գտնել:

Որպես բողոք այդ ամենը միանգամայն արդարացի է, բայց քանի որ դա ներկայացվում է որպես լրագրողի հարց, այստեղ ես, ճիշտն ասած, խնդիր եմ տեսնում: Նախ՝ շուկայական հարաբերությունների պարագայում կառավարությունն աշխատատեղեր չի բացում, դա անում են գործատուները, սեփականատերերը: Կառավարության առաքելությունն է, որքան հասկանում եմ, այնպես անել, որ լինեն որքան հնարավոր է՝ շատ սեփականատերեր եւ նրանք գործեն հնարավորինս ազատ (դա արվում է, թե չի արվում՝ այլ հարց է):

Այնուհետեւ՝ «երբ» հարաբերական դերանունը այստեղ այնքան էլ տեղին չէ: Գուցե՝ «ի՞նչ է կառավարությունն անում աշխատատեղերի բացմանը նպաստելու համար»: Հնչած հարցը, մի խոսքով, ճշգրիտ չէր:

Բայց վարչապետն ի պատասխան այդ հարցի, իր սովորության համաձայն, դարձյալ փրփրեց, ափերից դուրս եկավ, եւ ստացվեց, որ կրկին չկարողացավ շփվել լրագրողների, իսկ մեծ հաշվով՝ հասարակության հետ:

Այնինչ այն ամենը, ինչ ես այստեղ գրեցի, կարելի էր ասել հանգիստ, խաղաղ, անվրդով: Բնականաբար, տնտեսագիտության թեկնածուն այդ նրբություններն ավելի լավ կբացատրեր, քան ես:

Ընդհանրապես ես կողմ եմ «ասիմետրիկ» պատասխանների: Օրինակ՝ «Զվեզդայի», «Առաջին ալիքի», HTB-ի՝ մեր հասցեին ասված անպարկեշտ արտահայտություններին պետք չէ ֆեյսբուքում տասը հարկանի հայհոյանքներով պատասխանել: Եթե ուզում ես, որ քո խոսքը տեղ հասնի, պետք է այդ խոսքն ասվի մեկ աստիճան ավելի բարձր մակարդակով, քան քո ընդդիմախոսինը: Հակառակ պարագայում ստացվում է լեզվակռիվ, իսկ լեզվակռվի մեջ դու չես կարող հանրությանը ճշգրտորեն հասցնել քո ասածի իմաստը:

Լավ տարբերակ է նաեւ չպատասխանելը: Բայց պաշտոնյաների պարագայում այդ տարբերակը չի գործում՝ նրանք պարտավոր են պատասխանել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են՝առանց հարցական նշանի: Սա սահմանում է: Հոդվածի տեքստում սխալ է գրված, քանի որ լրագրողի հարցադրումը մեջբերված է ՞երբ՞-ի վրա հարցական նշանով: Ուրեմն գործ ունենք հարցական, այլ ոչ թե հարաբերական դերանվան հետ: Հիմա սա ձևի՞ թե բովանդակության սխալ է: Նորից ռուսական կրթությունը խանգարեց: Այ քեզ բան…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031