Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենք ես ուզում, բայց ինքդ օրինազանց ես…

Դեկտեմբեր 09,2017 13:00

Տնավարությունը մեզ խանգարում է պետություն կառուցելիս

 Հարցազրույց Ալվարդ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ

 -Բրյուսելում նոյեմբերի 24-ին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը, այս կերպ փաստելով, որ քաղաքականության մեջ անգամ իմպերատիվ կամ-կամ-ին կարելի է, հնարավոր է փոխարինել և-և-ով: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը, և ըստ Ձեզ, ի՞նչ կտա այս պայմանագիրը Հայաստանին։ Ի դեպ, գնահատելով կատարվածը կարելի է փաստել, որ տարիներ ու տասնամյակներ շարունակ Ռուսիա թե՞ Թուրքիա, Ռուսիա թե՞ Ամերիկա, Եվրոպա և մնացյալ դիլեմաներին հակահարված տրվեց:

-Ես կասեի՝ դարեր շարունակ մենք այդպիսի երկընտրանքի առաջ ենք կանգնած եղել. Պարսկաստան կամ՝ Հռոմ, Բյուզանդիա կամ՝ Պարսկաստան, անվերջ Ռուսաստան թե Թուրքիա, այսինքն, պատմականորեն անընդհատ ստիպված ենք եղել ընտրել մեկին կամ՝ մյուսին ու այս և-և-ը հեքիաթի պես բան էր: Սա ես համարում եմ մեր արտաքին դիվանագիտության հաղթանակը և գտնում եմ, որ երբ մենք ստրկամտորեն չենք մտածում, այլ մտածում ենք, թե մենք էլ ենք աշխարհի կենտրոններից մեկը՝ Արարատյան քաղաքակրթության ստեղծողն ու ներկայացուցիչը, այդ ժամանակ հաջողում ենք: Եվ-և-ը հաջողվեց: Իհարկե, սա շատ լուրջ բան է և սրա տակից դուրս գալ է պետք: Տանջալի, երկարատև աշխատանք է սպասվում մեզ:

-Բնականաբար, կատարված փաստին հետևելու էր վերլուծությունների և համեմատությունների ալիքը: Եվ ահա այսօր տարբեր գնահատականներ են տրվում այս համատեքստում, որոնք մի դեպքում միտված են հաջողությունը նվազեցնելուն, մյուս դեպքում՝ ուռճացնելուն: Բայց ինչպես միշտ՝ նման դեպքերում ճշմարիտ գնահատականը, իրատեսությունը պակասում է: Մինչդեռ իրատեսի հայացքով պիտի նայել կատարված-կատարվող գործընթացներին: Բնականաբար, նաև՝ դրական միտումներն ու մոտիվացիաներն արժևորելով, բացասական երևույթների ուղղությամբ աշխատանք տանելով:

-Ծիծաղելի է, երբ փորձ է արվում չգնահատել հաջողությունը: Տեսեք, Ռուսաստանն իրեն համարում է լրիվ Եվրոպա, բայց կորցրեց մի ահռելի դաշտ՝ հետխորհրդայինի քրիստոնեական հատվածը: Այն, ինչ որ հիմա Վրաստանում է կատարվում, իմ մեջ տագնապ է առաջացնում ոչ միայն որպես քրիստոնյա մարդ, որն ափսոսում է իր հարևանի համար, այլ՝ որպես Հայաստանի քաղաքացի, որովհետև Վրաստանում կատարվող թուրքացումը շատ վտանգավոր է նաև մեզ համար:

-Ի դեպ, մեր շատ գործիչներ և մասնագետներ դեռ տարիներ առաջ կանխատեսում էին այդ ամենը:

-Այո, և տագնապի զանգ էին հնչեցնում, բայց… Աստված իրենց հետ, հիմա դարեր առաջվա վիճակը չի, երբ միշտ վահանի դեր ենք խաղացել, ալիքները եկել են խփել Հայաստանին, հետո թուլացած գնացել են, և Վրաստանը միշտ ինչ-որ ձևով պլստալով դուրս է եկել: Հիմա ուրիշ ժամանակներ են և միայն հույս դնել ծովի վրա խելացի չէ, որովհետև ծով հասնելու վրացական ճանապարհները Հայաստանով են անցնում: Բայց տեսեք, վերջերս Կիևում, ՍՏԾՀ խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ նրանք էլ աղտոտ պահվածք դրսևորեցին. Վրաստանը՝ «սուրբ երրորդությունից» միայն իրենց շահեկան տարածքային ամբողջականության մասին շեշտեց, պարզ է, Ուկրաինան էլ պիտի իր կորուստները շեշտեր, Ղրիմը նշելով և ոչ միայն… Այս համատեքստում հիշեցի դեռ 80-ականներին Ադրբեջանի և Վրաստանի մասին Սախարովի ասած մի միտքը, ասաց ՝չար, փոքրիկ կայսրություններ են: Ի վերջո, ազգային ինքնորոշման իրավունք գոյություն ունի և այդ հարվածները մեզ էլ են հասնում՝ Արցախի համատեքստում, որի կարգավիճակը միջազգային հարթակներում էլ արդեն առանձնահատուկ են համարում:

Ի դեպ, մինչ մենք բոլորս կենտրոնացած էինք Հայաստան-Եվրամիություն ստորագրված համաձայնագրին, մի հետաքրքիր, կարևոր ու լուրջ հավաք տեղի ունեցավ աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկում: Հռոմում անցկացվեց անհատների հոգևոր-իրավական պահվածքի մարտահրավերների և դրանց հաղթահարման թեմայով միջազգային կոնֆերանս, որին մասնակցում էր նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Բարձրագույն հոգևոր դասն էր, իրավագետներ, սահմանադրագետներ, որոնք ահազանգ հնչեցրին՝ քրիստոնեական քաղաքակրթությունը վտանգված է: Փաստը մեր առջև է՝ Մերձավոր Արևելքում քրիստոնեական տարրը ոչնչացվեց, ինչը շատ վտանգավոր է: Մինչդեռ, քրիստոնեությունը հենց արևելքից է ծագել:

– Եվրոպական ենք, քրիստոնյա ենք, ընդ որում, նաև՝ կենսաբանորեն: Ըստ Ձեզ, բնական չէ՞ր լինի աշխարհում ընթացող գլոբալ պրոցեսների համատեքստում Հայաստանն իբրև առաջին քրիստոնյա երկիր իր խոսքն ուղղեր եվրոպական երկրներին՝ համաքրիստոնեական դաշինք ձևավորելու անհրաժեշտության վերաբերյալ:

-Շատ ողբերգական փաստ տեղի ունեցավ և դեռ շարունակվելու է արևելքի քրիստոնյաների ոչնչացումը: Ու նորից մենք վահանի նման քրիստոնյա քաղաքակրթության համար վահանի դեր ենք կատարելու: Այս առումով, կարևորում եմ ՝ Չինաստանի պես գերհսկայի, որն ունի պանթուրքիզմի հետ կապված վտանգներ, քնքուշ վերաբերմունքը առ Հայաստան, որն, ըստ իս, պայմանավորված է հենց քրիստոնյա Հայաստանի գործոնով: Որովհետև մենք պանթուրանական ծրագրի մեջ սեպ ենք խրված: Այսինքն, մենք նորից դառնում ենք շատ վտանգավոր, բայց և՝շատ հետաքրքիր գործոն այս աշխարհում: Ի դեպ, մեր նշանակությունը միշտ է կարևոր եղել, բայց գրագետ չեն նայել այս աշխարհի հզորները. տռպտկած /այս բառը, որ փոխառություն է Սերո Խանզադյանից, շատ եմ սիրում/ իրենց հզորությունից, հարստությունից, կարծում են՝ դրանով է պայմանավորված իրենց ճակատագիրը, բայց դա այդպես չի:

Հրաբուխը, ինչպես գիտենք, փոքրիկ բլուր է ընդամենը, բայց այդ մի փոքրիկ բլուրի ժայթքումը կարող է սարսափելի աղետ դառնալ: Նույն կերպ էլ՝ փոքր ժողովուրդների ժայթքումները կարող են շատ վտանգավոր լինել:

Երկու կարևոր փաստ ևս՝ սուպերմայրաքաղաք Լոնդոնն այսօր ղեկավարում է պակիստանցի մուսուլմանը, բան չունեմ իսլամի դեմ, բայց երբ հսկա քաղաքը ղեկավարում է մուսուլմանը, այլևս անգլիացին ապահով չի քայլում փողոցում: Եվ կամ՝ Քյոլնում հիշում եք՝ ինչպես արիական ցեղի թագուհիներին մուսուլմանները բռնաբարեցին: Դա կատարվեց իրենց արիական արյունն ապահովելու համար միլիոնավոր անմեղ մարդկանց ոչնչացնող Գերմանիայում, Եվրոպայում, փաստորեն: Այս երևույթներին ես որպես մշակույթի ներկայացուցիչ եմ նայում, վերլուծաբար, համադրելով ու հակադրելով…Այն, ինչ հիմա իսլամի անունով արվում է, բոլորովին կապ չունի դասական իսլամի հետ: Իսկ այն, ինչ Հռոմում եղավ, տագնապ էր, ահազանգ՝ թե քրիստոնյաներ, նայեք՝ ինչ է կատարվում:

Հաճախ ենք արձանագրել, որ մեր քաղաքական գործիչները, կուսակցությունները ներքին խնդիրների վրա կենտրոնանալով, արտաքին վտանգները խորապես չեն գնահատել և այս համատեքստում անհրաժեշտ աշխատանքներ չեն իրականացվել: Արդ, վառվող աշխարհի մարտահրավերները այսօր հայերս որքանո՞վ ենք գիտակցում:

-Պատկերացրեք, ես այդ տեսակետին չեմ, թե մենք մշտապես ներքին պրոցեսների վրա ենք կենտրոնացել: Հենց միայն ընտրությունները դիտարկելու դեպքում ակնհայտ է դառնում՝ միշտ էլ երրորդ՝ թելադրող ուժը դրսից է եղել՝ նպատակային փսորելով ներքին պրոբլեմները լուծելու մեր մղումները: Հանկարծ մի մասը հասկացել է, որ իրեն որպես գործիք օգտագործում են՝ չի ուզել օգտագործվել և փսորվել է, մի մասը այլևս հետաքրքիր չի եղել 3-րդ ուժի համար, քանզի հստակ է դարձել, որ ոչինչ չի ներկայացրել իրենից: Հիշենք Րաֆֆի Հովհաննիսյանի փլուզվելու օրինակը. 500000 մարդ գնում էր, չէ՞ նրա հետևից, բայց մեկ էլ հանկարծ՝ չկային: Նույն կերպ՝ «Օրինաց երկրի» պարագայում էր: Կարծում եմ՝ հարկավոր է մեկ -մեկ այդ քաղաքական առաջնորդներին ասել՝ ժողովրդի ինքնապահպանական բնազդները հեղափոխական ձևով՝ արագ չեն ոչնչանում, հազարամյակներով հղկված ինքնապահպանական բնազդ կա մարդկանց մեջ, և երբ ժողովուրդը հանկարծ հասկանում է, որ վտանգավոր եզրի է հասել ու պիտի կանգ առնի, կանգ է առնում: Գիտեք, այս երևույթը իր բացատրությունն ունի և արմատները դրա տանում են դեպի 88-ի համազգային շարժում, երբ մարդիկ իշխանության եկան հենց փողոցից, ժողովրդի միջից: Այսինքն, այն ժամանակ երրորդ մասի գործարանի բանվորուհու համար խնդիր չէր հետագա իր առաջնորդի հետ շփվելը. հիշում եք՝ ինչ բաժանումներ կային՝ մատյան գունդ, Վանոյի հրասայլեր, և այլն և այդ մտերմությունը, մարդկային շփումները տարօրինակ ձևով խեղեցին իշխանություն-ժողովուրդ սահմանները:

Այսինքն, ես ճի՞շտ եմ հասկանում, որ պայքարի սահմանադրական եղանակներից մեկին՝ փողոցային, միտինգային եղանակին դեմ եք:

-Եթե մենք ուզում ենք պետություն կառուցել, մեր երկիրը դարձնել, հզոր, ուժեղ, թեկուզ փոքր, ադամանդն էլ է փոքր, պիտի անպայման ուժեղ և ոչ դյուրամարս իշխանություն ունենանք: Իշխանություն, որը տնավարի չի կարող պետություն ստեղծել: Իշխանություն, որը բոլոր տեսակի երթերի, միտինգների առաջ չպիտի կոմպրոմիսի գնա, որը կարող է երբեմն դաժան, բայց՝ ստիպված քայլեր անել, որովհետև օրենքն է դա պահանջում: Զգացականությունը ժողովուրդ-իշխանություն հարաբերությունների մեջ՝ չափազանց 88-ական է: Հիշում եմ՝ ահագին պատմություններ եղան նաև մարտիմեկյան դեպքերի ժամանակ: Հանրապետության նախագահը, որն ինքնին բարի մարդ է, պիտի վճիռ կայացներ գետափի մյուս կողմում կանգնած մարդու նկատմամբ, որը լինելով նրա մարտական ընկերը, ոչ լավ ակտիվություն էր դրսևորել: Բայց կառավարելուց պիտի այդ զգացական պահերը մի կողմ դնել:

Նույն բանը ես կարող եմ մեր օրերի մասին ասել՝ տեղի է ունենում դատավարություն, և Սամվել Բաբայանը դատապարտվում է 6 տարի ազատազրկման: Ես ինչ-որ անհայտ- անորոշ մարդու մասին չեմ խոսում, սակայն օրենքի առաջ բոլորը հավասար են: Տնավարության, ախպերության, ընկերության վիճակները շատ է խանգարում մեզ պետություն կառուցելիս, պետք է հաղթահարենք այդ զգացականությունը: Եթե կարողանանք հաղթահարել, շատ հարցեր էլ կհաղթահարենք, թե չէ՝ փոքր երկիրը խնամի, հարս, փեսայապետության ենք վերածել՝ ու դարձել ենք այդ իմաստով շատ վտանգավոր՝ քրդական աշիրեթի կամ շոտլանդական կլանի հանգույն… Դինաստիական ամուսնություններ են տեղի ունենում, որի մեջ էլ մի շատ վատ բան կա, տեղի է ունենում նաև հարստությունների բևեռացում, այսինքն, կաստաներ են ստեղծվում՝ մարդկային տեսակների բևեռացումով:

Ամբողջ եթերը լեցուն է անճաշակ, գռեհիկ, սերիալներով և հանգիստ կարելի է տիպաբանական բաժանումներով ասել՝ այ սա այս մարդու մասին է, սա մյուսի և այնքան տխուր ու տգեղ պատմություններ են, բայց հնարովի չեն: Համարձակորեն եթերում ծաղրում են ոստիկանությանը, վերջինիս համարելով վերջնականապես կաշառված, ծաղրում են դատական, առողջապահական համակարգը, ցուցադրաբար իրենց հարազատներին անպայման բուժման համար դուրս տանելով: Այս կերպ մենք քանդում ենք մեր հիմքերը, մեր ինստիտուտները, առանց հասկանալու՝ ամբողջ օրը հայկական հեռուստատեսությամբ հակահայկական քարոզչություն իրականացնելով:

Ձեզ հետ էլի խոսել ենք մեր շուրջը, մեր իրականության մեջ տեղի ունեցող լավ ու դրական երևույթները երևութականացնելու անհրաժեշտության մասին: Վատը խտացնում ենք, հաճախ նույնիսկ վնասակարության և վտանգավորության աստիճան, բայց չգիտես ինչու՝ չափազանց ժլատ ենք՝ լավին լավ ասելու, լավը տեսնելու

– Համամիտ եմ Ձեզ հետ և այդ համատեքստում կոնկրետ թեմայի պիտի անդրադառնամ՝ Առաջին Տիկնոջ ինստիտուտին: Այն մեզ մոտ կայացել է արդեն, Լևոն Տեր-Պետրոսյանի տիկնոջից սկսած՝ աստիճանաբար այդ ինստիտուտը կայացավ, հետո՝ ունեցանք տիկին Բելլա Քոչարյան, հիմա ՝մեր առաջին տիկինը Ռիտա Սարգսյան է:

Իմ սերերի և հակակրանքների մասին բարձրաձայն մտածողներից եմ, չեմ թաքցրում, ես համակրում եմ, սիրում եմ այդ տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Ի դեպ, ինչո՞ւ՝ կասեր իմ լուսահոգի ուսուցիչ Լևոն Ներսիսյանը: Երբ ասացի՝ ես Հեսիոդոսին չեմ սիրում, ասաց՝ պատճառաբանիր: Պատճառաբանեցի, թե ինչու չեմ սիրում նրա «Աշխատանք և օրեր» պոեմը և 5 ստացա: Իրականում՝ Առաջին տիկնոջը սիրելը դժվար բան է. շատ մարդիկ գիտեմ, որ իրեն սիրում են, բայց՝ բարձրաձայն չեն ասում: Եվ այդ մարդիկ օգտվում են տիկնոջ բարությունից, մեծահոգությունից, բայց երբ պահը գա, որ բարձրաձայն ասեն, գերադասում են լռել:

Ես սիրում եմ և պատճառաբանում եմ: Որովհետև՝ անհավատալի բարի է և այդ բարությունը սոսկ բառ չի, ոսկուց ծանր արժեք է, գործունեություն, կոնկրետ աշխատանք է: Եվ այնքան անազնիվ մարդիկ չեն գտնվի, որ մտածեն՝ հիմա հատուկ լոբբինգ ենք անում նրա համար: Հակառակը, ով հասնում է, ով պարապ չի, ով ուզում է խրոխտ աքլորի պես հերոսական դիրք գրավել, փորձում է տիկնոջը կպնել: Կպնում է նրա ծրագրերին, որոնք բացարձակ հումանիստական են:

-Ի դեպ, արժե գուցե հիշել, որ տարիներ են անցել, բայց ամերիկացիները բարձրաձայնում ու հպարտորեն հիշում են, որ ասենք, Սպիտակ տունը վերանորոգել է Ժակլին Քենեդին: Եվ կամ՝ այս օրերին մամուլը չի դադարում գրել ու գրել, որ Մելանի Թրամփը Սուրբ Ծննդյան տոների առթիվ զարդարել է Սպիտակ տունը, Վիսկոնսից բերված եղևնին: Ընդամենը:

-Ինչ խոսք, մեր տիկնոջ ծրագրերը՝ «Նվիրիր կյանքը», «Արագիլը» մանկապարտեզների և մյուս-մյուս ծրագրերը մեծ երկրների տիկինները անգամ ռիսկ չէին անի իրագործել: Փոխանակ ոգևորեն, որ նա իր հնարավորություններն ավելի օգտագործի, որովհետև ինչ նա կարող է անել, ոչ դու կարող ես անել, ոչ էլ՝ ես: Նա ուղղորդում է իր հնարավորությունները, իր մարդկային հմայքը, օգնում է պարզ, դրա կարիքն ունեցող մարդկանց: Տեսեք, մանկապարտեզները քաղաքի որ հատվածում են բացվում՝ Շենգավիթ, Վարդաշեն, Մալաթիա-Սեբաստիա: Սա թեմա է, որի մասին պիտի միայն սիրով խոսվի, պիտի որքան հնարավոր է՝ ոգևորենք նրան, մանավանդ, նա երեխայի պես ոգևորվող է և ավելի լավ գործեր, ծրագրեր կիրագործի: Ի դեպ, երբեք բյուջեից չի վերցնում այդ գումարները:

Երկար տարիներ եղել եմ բարեսիրական կազմակերպության ղեկավար և լավ գիտեմ՝ ինչ է նշանակում ծրագիր իրագործելու համար դրամ հայթայթելը: Պետք չէ այդ բոլորն արժեզրկել, նրան էլ՝ հիասթափեցնել, դառնացնել:

Նման քայլերը նույնպես պետական մտածողության պակասի հետևանք են:

Ահավասիկ, ևս մի օրինակ՝ ինչ- որ մի նախկին նախարարի նախկին տիկին կա, նախկին չի, տիկին է, որը հիվանդագին ակտիվության դրսևորումներ է պարբերաբար ունենում: Որոշել է, թե ինքն էլ է ինչ-որ մի բան՝ ոսկե ձկնիկի պառավի նման:

Այդ նախկին նախարարի կնոջը ո՞նց չասես՝ հանգստացիր, աղջիկ ջան, դու արդեն մի լավ գործ այս երկրի համար արել ես՝ այն, որ ցույց տվեցիր, թե որքան թուլակամ է քո ամուսինը: Դրանից ավելի լավ բան այդ կինը չէր կարող անել: Պաշտպանության նախարարը այնքան թույլ լինի, որ մի վայրկյանում դառնա ընդդիմություն…

Բոլորն ուզում են, որ համ՝ Եվրոպան մեզ սիրի, համ՝ Ռուսաստանը: Նախ՝ ուժեղներին են սիրում, թույլերին ոչ էլ տեսնում են. տրորում, անցնում են: Եթե ուզում ենք մեզ հարգեն ու սիրեն, ինքներս մեր մեջ պիտի պետականության փոքրիկ տարրեր ունենանք: Թե չէ՝ օրենք ես ուզում, ինքդ օրինազանց ես…

Չեմ ուզում այս ջղային նոտայով ավարտել, կարող է իմ պատկերացումն է, բայց ԵՏՄ հավաքին մեր նախագահը շատ հպարտ մտավ, ես նայում էի այնտեղ որոշ նախագահների՝ Լուկաշենկոյից սկսած՝ այնքան ակնածանքով դիմավորեցին Սերժ Սարգսյանին: Նազարբաևը, մյուսները, աչքի տակով նայում էին, իսկ մեր նախագահը հաղթանակած և համեստ՝ ոչ մեկին չէր նայում: Ինքը երբեք իր հաղթանակները չի ճչում, շախմատ է խաղում: Հանգիստ հպարտ, արժանապատիվ եկավ նստեց՝ էս դուք եք, էս էլ ես եմ՝ փոքրիկ Հայաստանի նախագահը և հաղթած …

Զրուցեց՝ ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ»

08.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031