Արցախն այսօր առավել ժողովրդավարական պետություն է, քան իրեն բռնակցել փորձող Ադրբեջանը. Մանվել Գրիգորյան

Արցախն այսօր առավել ժողովրդավարական պետություն է, քան իրեն բռնակցել փորձող Ադրբեջանը. Մանվել Գրիգորյան

Շնորհավորանք Արցախի Անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա կապակցությամբ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ Արցախի Անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Ջերմ շնորհավորանքներս Արցախի հերոսական ժողովրդին եւ իշխանություններին, անձամբ նախագահ Բակո Սահակյանին, պաշտպանության բանակին` շարքայինից նախարար: Շնորհավորում եմ իմ բոլոր մարտական ընկերներին, քաջարի արցախցիներին: Ես հպարտանում եմ ձեզանով, հարգարժա´ն արցախցիներ: Շնորհավորում եմ աշխարհի տարբեր անկյուններում ապրող բոլոր արցախցիներին եւ առհասարակ` աշխարհասփյուռ հայ ազգին:

Հատուկ շնորհավորանքներս մեր նահատակ ընկերներին եւ հերոսներ ծնող հայոց հերոս մայրերին: Արցախի ժողովուրդը բախտորոշ համաժողովրդական քվեարկությունները երկու անգամ կազմակերպել է հենց դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: 1991-ի այս օրը, ռումբերի պայթյունների ներքո, Արցախի ժողովուրդը վճռականորեն «Այո´» ասաց անկախությանը: 2006-ի այս օրն էլ հայկական Արցախ պետությունը հանրաքվեով Սահմանադրություն ընդունեց:

Արցախցին հետեւողականորեն ապացուցել է աշխարհին, մարդկությանը, որ կարող է օրինակելի պետություն ստեղծել: Այսօր Արցախն ունի պետական բոլոր խորհրդանիշերը, ունի պետականությունը փաստող բոլոր կառույցներն ու ինստիտուտները: Արցախն այսօր առավել ժողովրդավարական պետություն է, քան իրեն բռնակցել փորձող Ադրբեջանը: Արցախում այսօր առավել պաշտպանված ու հարգված են մարդու հիմնական իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Արցախն, այսինքն, փաստարկված կերպով, ապացուցել է, որ ինքը չի կարող լինել հետամնաց, բռնատիրական Ադրբեջանի կազմում:

Շնորհավորելով Արցախի պետությանն ու ժողովրդին` հավաստիացնում եմ Արցախյան պատերազմի մասնակից բոլոր երկրապահ կամավորական ազատամարտիկների անունից, երեք սերունդների երկրապահների անունից, որ անհրաժեշտության պահին միասնաբար պատրաստ ենք կանգնել պատերազմական առաջնագծում, ցանկացած իրավիճակում պատրաստ ենք պաշտպանել Արցախի ժողովրդին եւ հայկական Արցախ պետությունը:

Երկրապահն Արցախում էր ոչ միայն 1989-94 թվականներին, ոչ միայն ապրիլյան պատերազմի օրերին, այլեւ՝ ընդմիշտ: Մենք միշտ դիրքապահ հայ զինվորի կողքին ենք, սահմանապահ բնակչության կողքին: Զուգահեռաբար շնորհավորելով բոլորին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ` մաղթում եմ, որ բոլորս հարգենք մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները: Հիշենք, որ մեր իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են այլոց իրավունքները: Համայն մարդկությունը պետք է համախմբվի, որպեսզի միասնաբար պայքարի ահաբեկչության դրսեւորումների դեմ, ինչպիսին է նաեւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան:

ԵԿՄ վարչության նախագահԱրցախի հերոս 

Զորավար Մանվել Գրիգորյան   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք