Ծրագրավորման լեզուն՝ շփման հարթակ. JavaScript-ի գիտակները Երեւանում են (Տեսանյութ)

Ծրագրավորման լեզուն՝ շփման հարթակ. JavaScript-ի գիտակները Երեւանում են (Տեսանյութ)

Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ իրադարձություններից մեկը՝ JavaScript Conference Armenia 2017-ը, համախմբել էր ոլորտի փորձառու եւ հավակնոտ ներկայացուցիչներին: JavaScript ծրագրավորման լեզվին նվիրված համաժողովը փորձի փոխանակման հարթակ է, որը նոր գիտելիքներ է հաղորդում ոլորտի նորեկներին:

«Մասնագիտական առումով այն շատ արժեքավոր է. համաժողովը նաեւ հայտնի է դարձնում JavaScript ծրագրավորման լեզուն Հայաստանում: Ի դեպ, այն աշխարհի ամենահայտնի ծրագրավորման լեզուն է»,-ասում է համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Ադամյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում JavaScript ծրագրավորման լեզուն արդեն իսկ բավականին տարածված է. «Մենք լուրջ մասնագետներ ունենք, ինչն արդեն իսկ հաջողություն է: JavaScript-ն արագ զարգանում է ողջ աշխարհում: Կարեւոր է, որ նույնը գրանցվի նաեւ Հայաստանում, որտեղ ՏՏ-ն կարեւոր ոլորտ է»:

Ավետիս  Տեր-Գրիգորյանը սկսնակ JavaScript ծրագրավորող է. համաժողովի միջոցով ոլորտի նոր հնարավորություններին եւ հետաքրքիր տեխնոլոգիաներին է ծանոթանում: «Հիմա «դրսի» հետ եմ աշխատում, պատվերներ վերցնում: Այդպես ավելի հեշտ է եւ ձեռնտու»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է նա: Ավետիսի կարծիքով՝ JavaScript ծրագրավորման լեզուն Հայաստանում զարգացման մեծ հնարավորություններ ունի. «Խնդիրը ներքին շուկայում է՝ պահանջարկը դեռ այնքան չէ, որքան առաջարկը»:

Ալեքսանդր Վանյանն էլ սովորում է JavaScript ծրագրավորման լեզուն: «Կարծում եմ՝ Հայաստանում էլ մեզ համար մեծ հնարավորություններ կան: Ես ինքս մասնագիտական զարգացում եմ ապրում այս համաժողովի շնորհիվ»,-մեզ հետ զրույցում նշում է նա: Ալեքսանդրն էլ համոզված է, որ ծրագրավորման այս ոլորտը եկամտաբեր է, միայն թե Հայաստանում այդքան վճարունակ մարդ չկա: Փոխարենը՝ «դրսից» պատվիրողները ֆինանսական տեսանկյունից առավել շատ են գնահատում JavaScript ծրագրավորողներին:

Հավելենք, որ համաժողովը միավորել է մոտ 700 մասնագետների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայաստանյան եւ արտասահմանյան կազմակերպությունների:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք