Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը՝ արդեն համաշխարհային ազգ

Դեկտեմբեր 10,2017 12:00

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական դրամահավաքը, որին, ինչպես միշտ, ակտիվորեն մասնակցեցին շատերը Սփյուռքից ու Հայաստանից. մեծահարուստներ և սովորական քաղաքացիներ՝ յուրաքանչյուրն իր հնարավորության չափով:

Քանի որ այս տարվա դրամահավաքը նույնպես նպատակ ուներ ծառայել Արցախի խնդիրներին, այս ամենամյա դրամահավաքը հերթական ու լավագույն պատասխանն էր այն հոռետեսներին, ովքեր ժամանակ առ ժամանակ տրտնջում ու նվնվում են, թե՝ «շուտ թե ուշ Ղարաբաղը տալու են», «Ղարաբաղը ծախել են» և այլն: Մանկապարտեզի երեխայի համար անգամ պիտի պարզ ու հասկանալի լինի, որ Ղարաբաղը տալու նույնիսկ ամենահեռավոր նպատակ ունեցողը Ղարաբաղում այսպիսի խոշորամասշտաբ ներդրումներ ու ծախսեր չէր անի: Իսկ մենք անում ենք: Ընդ որում՝ ամեն տարի: Ընդ որում՝ էս պահին միայն «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաքներն ենք մատնանշում: Մյուս ներդրումների մասին չենք խոսում: Ինչ վերաբերում է «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաքներին, դրանց արդյունքները մշտապես հուսադրող են, և եթե հեռուստացույցով հետևում ենք դրամահավաքի ընթացքին, մի ավելորդ անգամ համոզվում ենք, որ Սփյուռքի հայության հայրենասիրությունը ոչ միայն խոսք է, այլև գործ: Ընդ որում՝ չափազանց լուրջ ու մեծ գործ:

Դրամահավաքի ընթացքում ևս մի անգամ համոզվում ենք, որ ունենք միասնական հայություն, որի միասնական ջանքերով են ի կատար ածվում հայության երազանքները, և սրանք ոչ թե ամպագոռգոռ բառեր են, այլ մաքուր ու բացարձակ իրականություն:
Դրամահավաքի ընթացքին հետևելիս անհնարին է չզարմանալ: Ինչպե՞ս չզարմանաս, երբ դրամահավաքին 2500 դոլար է նվիրաբերում կանադահայ մի մանկավարժուհի, որն իր խոսքում ասում է, որ երբևէ Հայաստանում չի եղել: Կամ՝ ինչպես չզարմանաս, երբ մեկը 2,5 միլիոն դոլար է նվիրաբերում էդ դրամահաքին, բայց իր անունը չի հրապարակում և նախընտրում է անհայտ մնալ:

Չնայած Հայաստանն ու հայաստանցիներն էլ էին դրամահավաքին ակտիվորեն մասնակցում, այդուհանդերձ, ինչպես միշտ, Սփյուռքի մասնակցությունն առավել զգալի էր: Ընդ որում՝ ամբողջ Սփյուռքի. Իրանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և մյուս բոլոր գաղթօջախների:

Մենք շատ հաճախ ողբերգականորեն ենք անդրադառնում արտագաղթ երևույթին և չափազանց ենք կարևորում ներգաղթը: Ընդ որում, ոչ միայն Հրանուշ Հակոբյանը՝ իր «Արի տուն» ծրագրով: Այլև շատերս: Կարելի է ասել՝ բոլորս: Ձեր խոնարհ ծառան նույնպես մշտապես կարծել է, թե Հայաստանն ու Արցախը պահողներն առաջին հերթին ու հիմնականում Հայաստանում ու Արցախում մնացողներն ու ապրողներն են, և մշտապես քննադատաբար եմ վերաբերվել Հայաստանը լքողներին ու Հայաստանից հեռացողներին, բայց հիմա, նաև «Հայաստան» հիմնադրամի ամենամյա այս դրամահավաքներին հետևելով՝ գալիս եմ միանգամայն այլ եզրակացության, այն է՝ Հայաստանը լքածներից ու Հայաստանից հեռացածներից շատերը, Հայաստանից հեռանալով և, փաստորեն, սփյուռքահայ դառնալով, Հայաստանի ու Արցախի համար շատ ավելին են անում, քան կանեին Հայաստանում մնալով, ապրելով ու աշխատելով: Նրանցից ոմանք, հնարավոր է, Հայաստանում մնալով կարող է նորմալ աշխատանք էլ չունենային: Ինձ սխալ հասկացողներն ու ինձ հակադրվողներից ոմանք կարող են էս ասածներս արտագաղթի կոչ կամ արտագաղթի խրախուսանք համարել, բայց ինձ ճիշտ հասկացողները կհամաձայնեն, որ արդի Սփյուռքը ներկայացնում են նաև նրանք, ովքեր վերջին տասնամյակներին են հեռացել Հայաստանից և Հայաստանից հեռանալով՝ ոչ միայն չեն կորցրել իրենց ազգային դեմքն ու ինքնությունը, այլև, ընդհակառակը, ավելի են հայացել ու ազգային գաղափարներով տոգորվել: Էդպիսի արտագաղթածների շատերս ենք ճանաչում: Այնպես որ, կարծում ենք, արտագաղթի թեմայով շատերի լացուկոծը ոչ միշտ է տեղին ու արդարացված: Եթե հայաստանցի տաղանդավոր ջութակահարը կամ դաշնակահարը դրսերից հրավերներ են ստանում և հրավերներն ընդունելով՝ համաշխարհային մասշտաբի ու նշանակության նվագախմբերում են ինքնադրսևորվում, դա միայն ողջունելի է: Նույնը վերաբերում է երգիչներին, գեղանկարիչներին և ոչ միայն արվեստի գործիչներին: Բոլոր նրանց, ովքեր իրենց ստեղծագործական պոտենցիալը Հայաստանում սպառելու խնդիր ունեն:

Հայերս, շատ հաճախ, առիթով ու անառիթ, հրեաների օրինակն ենք բերում՝ նրանց ամենախելոք ու ամենատաղանդավոր ազգը համարելով: Հրեաներն աշխարհի գրեթե բոլոր երկրներում որոշակի հաջողությունների հասնելով՝ երբեք չեն մոռանում իրենց հրեա լինելը և միասնական ջանքերով ամեն ինչ անում են՝ հանուն իրենց հայրենիքի: Նրանցից շատերն իրենց հայրենիքում երբևէ չեն էլ եղել, բայց ապրում ու աշխատում են հանուն իրենց հայրենիքի: Այդպես կայացել ու զորացել է իրենց Իսրայելը , իսկ իրենք դարձել են համաշխարհային ազգ:

Մենք էլ ենք համաշխարհային ազգ դառնում: Եթե անցյալ դարում օտար երկրներում հայերի ձուլման վտանգը որոշակիորեն առկա էր ու կար, հիմա այդ նույն երկրներում գնալով ավելի ու ավելի է զորանում մերոնց ազգային ինքնագիտակցությունը: Անկախությունն ու Ղարաբաղյան շարժումը նաև Սփյուռքում իրենց որոշակի ու շրջադարձային անդրադարձն ունեցան:

Քիչ առաջ Հայաստանն ու հայերին համեմատեցի Իսրայելի ու հրեաների հետ, բայց հիմա մտածում եմ, որ Իսրայելի ու հրեաների հետ կարող էի համեմատել նաև Ղարաբաղն ու ղարաբաղցիներին: Հիմա նաև մտածում եմ, որ համեմատելն է սխալ: Որովհետև մենք անհամեմատելի ենք: Եվ հենց դրանով ենք բացառիկ ու համաշխարհային:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Գյուղացի չկա՝ գյուղ չկա:
    Քաղաքացի չկա՝ քաղաք չկա:
    Ձեր «համաշխարհային ազգ» կոչվածը վաղը կկոչեք տիեզերական (գալակտիկական) ազգ:
    ՀԱՅԵՐՈԻՍ ԹՈԻՔԸ

    Դուն խելոք, հաշվով վաճառական ես,
    Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես. –
    Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,
    Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։

    Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծավոր,
    Անուն հաղթողի ունես փառավոր.
    Բայց թե թըրեդ շահ չունի Հայաստան,
    Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան։

    Ի վերուստ քանքար քեզի տված է,
    Հեղինակ անունըդ աշխարհ փըռված է.
    Բայց թե գըրչեդ շահ չունի Հայաստան,
    Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վըրան։

    Հեռատես մըտքով դուն զարդարեցար,
    Հըզոր իշխանի սիրելին դարձար.
    Բայց թե մրտքեդ շահ չունի Հայաստան,
    Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան։

    Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր,
    Շատ կըհորինես թանկագին բաներ.
    Բայց թե ձեռքեդ շահ չունի Հայաստան,
    Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան։

    Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար,
    Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար.
    Բայց թե լեզվեդ շահ չունի Հայաստան,
    Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վըրան:

    Մեծ ուսում առիր, եղար գիտնական,
    Գովքովըդ լըցված է մարդոց բերան.
    Թե ուսումեդ շահ չունի Հայաստան,
    Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան:

    Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու հարգ,
    Ու կըդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ,
    Երբ օրորանեդ մինչի գերեզման
    Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան։

    Ռափայել Պատկանյան

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031