Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե փորձում են մեզ համեմատել Ադրբեջանի, Ուզբեկստանի, Հյուսիսային Կորեայի հետ, նշանակում է վիճակն այնքա՜ն վատ է». Վարդան Հարությունյան

Դեկտեմբեր 10,2017 17:55

«Վիճակն ավելի է վատացել, որեւէ դրական բան ասելու առիթ չունենք»,- Aravot.am-ի հետ զրուցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ խոսելով ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության մասին:

Մեր հարցին՝ ի՞նչ առումով է վիճակը վատացել, ՀՀԿ-ականներն ասում են՝ համեմատեք Ադրբեջանի հետ ու կտեսնեք, թե մենք ինչքան առաջ ենք՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Եթե մենք համեմատենք Հյուսիսային Կորեայի հետ, մենք շատ ավելի առաջ ենք: Բայց ես կցանկանայի, որ մենք մեր երկիրը համեմատեինք Ֆրանսիայի հետ, Գերմանիայի հետ, Նորվեգիայի, Ավստրալիայի հետ: Իսկ Ադրբեջանի հետ համեմատության կարիք չկա: Եթե փորձում են մեզ համեմատել Ադրբեջանի, Ուզբեկստանի, Հյուսիսային Կորեայի հետ, նշանակում է վիճակն այնքան վատ է, որ փորձում են այս կերպ ինչ-որ արգումենտներ գտնել: Հենց դա խոսում է վիճակի վատ լինելու մասին»:

Թե որ ոլորտներում է մարդն առավել անպաշտպան Հայաստանում՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Երբ որ մարդը բախվում է պետության հետ՝ դա կլինի թաղապետարաններից, քաղաքապետարաններից, սոցիալական ծառայությունից սկսած, վերջացրած դատարաններ: Բոլոր այդ ոլորտներում, երբ որ մարդը բախվում է պետական ջարդող, փշրող մեքենային, քաղաքացին պարտվում է, չի կարողանում հաղթել պետական մեքենային: Նաեւ նախապես արդեն չի հավատում, որ ինքը կկարողանա պաշտպանել իր իրավունքները: Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ նույնպես շատ անպաշտպան են ՀՀ-ում, հայտվում են բանտերում, կալանավայրերում, խոչընդոտվում է նրանց քաղաքական գործունեությունը»:

Վարդան Հարությունյանը պնդում է, որ ՀՀ-ում տարիներ շարունակ եղել են եւ կան քաղբանտարկյալներ եւ դա մեր մեծագույն ամոթն է: Իշխանությունները հաճախ խոսում են մարդակենտրոն քաղաքականության մասին, ծրագրերի մասին, հայտարարում, որ մարդը ՀՀ-ում բարձրագույն արժեք է, որն ամրագրված է Սահմանադրությամբ: Ըստ Վարդան Հարությունյանի, ինչքան երկիրը այդ առումով վատ վիճակում է, այնքան բարձրագոչ հայտարարությունները այդ մասին շատ են, այդ թվում՝ նույն Ադրբեջանում ու Հյուսիսային Կորեայում. «Նորմալ երկրներում, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված են, երկիրը սոցիալական է, այդ երկրներում նման հայտարարությունների կարիքը չկա: Դրանք հերթապահ զեկույցներ են, դրանց վրա լուրջ ուշադրություն դարձնելու կարիք չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031