Վագոն-տնակում ապրող կնոջ 8-րդ երեխայի ծնունդը Ճամբարակի հիվանդանոցում չեն ընդունել

Վագոն-տնակում ապրող կնոջ 8-րդ երեխայի ծնունդը Ճամբարակի հիվանդանոցում չեն ընդունել

Դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի 36-ամյա բնակչուհի Ալինա Կիրակոսյանը Իջեւանի բժշկական կենտրոնում ծննդաբերել է: Նրա աղջիկը` Անժելան, ծնվել է 3 կիլոգրամ, 700 գրամ քաշով: Ալինան հայտնեց, որ իրեն Ճամբարակի հիվանդանոցում չեն ընդունել, ինքն այդ պատճառով Իջեւանի բժշկական կենտրոն է գնացել: Նա ասաց, որ ինքը 8 երեխա է ունեցել, 2 երեխան փոքր հասակում հիվանդություններից մահացել են:

Ալինայի ամուսինը վատառողջ է, կաթված է ստացել, սակայն հաշմանդամի կարգավիճակ չունի: Բազմանդամ ընտանիքը Դպրաբակում տուն չունի, բնակվում է երկու սենյականոց վագոն-տնակում: Բազմազավակ ամուսիները չեն աշխատում, ընտանիքը գոյատևում է ընտանեկան նպաստով:

Հայկական Կարմիր  խաչի ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղը բարի ավանդույթ է դարձրել, որ ամեն ամիս Իջեւանի ԲԿ-ում ծնված սոցիալապես անապահով մեկ երեխայի  նվիրում է նորածնի պարագաների փաթեթ:

Դեկտեմբերի 10-ին Կարմիր խաչի Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Վաչիկ Սարիբեկյանը, մարզային մասնաճյուղի խորհրդի անդամ, «Պրոգրես» ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանը, մասնաճյուղի կամավորներն այցելել են Իջեւանի ԲԿ, ԲԿ-ի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանի եւ ծննդատան աշխատակիցների ներկայությամբ շնորհավորել են Ալինա Կիրակոսյանին, նրան հանձնելով ծաղիկներ եւ նորածնի պարագաների փաթեթ:

Ալինա Կիրակոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեկտեմբերի 11-ին իրենց Իջեւանի ԲԿ-ի դուրս են գրելու: Նա հայտնեց, որ իրենց ընտանիքը բնակարանի կարիք ունի, սոցիալապես վատ վիճակում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք