Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Պետրոսյան. «Հայաստանը պետք է Ադրբեջանին հասկացնի, որ մեզ քսի են տալիս» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2017 16:04

Դեկտեմբերի 11-ին «Տեսակետ» ակումբում հյուրընկալված հնագետ Համլետ Պետրոսյանը նշեց, որ հաճախ մշակույթի նախարարությունը մարտադաշտի է վերածում մեր մշակութային ժառանգությունը, մինչդեռ, նրա խոսքերով, մեր քաղաքակրթությունն ու մշակութային ժառանգությունն ունեցող ժողովրդին սազական չէ մշակութային ժառանգությամբ կրկեսի դերասան դառնալը:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակագրերի իմաստը հանգում է աշխարհում մշակութային բազմազանության պահպանմանը, այսինքն` ինչքան աշխարհի տարբեր մշակույթները բազմազան մնան, այնքան մարդկության արարման հնարավորությունները մեծ կլինեն… ՅՈՒՆԵՍԿՕ-ն ասում է, եթե երկու, երեք, չորս հարեւան ժողովուրդ ունեն նույն մշակույթը, ինքը չի կարող այդ ժառանգությունը համարել միայն մեկինը: Օրինակ, տոլման ադրբեջանցիները ընդգրկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, լավաշը` պարսիկները…Այսինքն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակագրի գաղափարաբանությունը, որ հայն ու ադրբեջանցին տոլմա են ուտում, նշանակում է, որ նրանց ինչ-որ բան կապում է իրար հետ, եթե երկուսը նույն երաժշտությունն են լսում, ուրեմն այստեղ հիմնականը մարդկայինն է, որ այդ երկու ժողովուրդներն իրար հետ երկխոսեն ընդհանրությունների շուրջ, այլ ոչ թե մեկն այդ ընդհանրությունը դարձնի իր սեփականը, ասի էն մեկին, թե տոլման քոնը չէ, միայն իմն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբողջ գաղափարաբանությունը ինքը ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերօրյա քաղաքական պայմաններից ելնելով հաճախ խախտում է:

Անցյալ տարի Նախիջեւանում մշակույթների հանդուրժողականության մեծ փառատոն էր, որին մասնակցում էր նաեւ Ֆրանսիայի մշակույթի նախարարը: Այսինքն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գումարներ ստանալով, իր իրավիճակը բարելավելու համար շատ հաճախ է ստիպված լինում զիջել քաղաքական ճնշումներին, իսկ Հայաստանը, մեր իշխանությունները մշակույթի մեր ներկայացուցիչները հաճախ տեղի են տալիս: Նրանք եղածը կամ ներկայացնում են որպես ազգային հաղթանակ, իսկ նրանք, որոնք այդքան էլ լավ չեն նայում մեր մշակույթի նախարարությանը, ներկայացնում են որպես ցավալի պատմություն»,-ասում է Համլետ Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նրա ձեւակերպմամբ, «Մեր մշակութային ժառանգությունը նետ ու աղեղ չէ, «Սմերչ» չէ, որ տանենք, դրանով սպանենք որեւէ մեկին, դա նախ եւ առաջ մեր գոյության հիմքն է: Մեր քաղաքակրթությունն ու մշակութային ժառանգությունն ունեցող ժողովրդին սազական չէ մշակութային ժառանգությամբ կրկեսի դերասան դառնալը: Հայաստանում մշակութային քաղաքականությունն ընդգծված պետական քաղաքականություն է: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է նախաձեռնի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին հասկացնի, Ադրբեջանի մշակույթի գործիչներին էլ հասկացնի, որ մեզ քսի են տալիս, մենք լակոտներ չենք, որ աշխարհի հզորները մեզ մեր մշակույթով խաղացնեն: Սա վատ հեռանկար է, որեւէ մեկին որեւէ լավ բանի չի բերի: Ի դեպ, ես հատուկ նայեցի Ադրբեջանի պատրաստած ֆիլմը տոլմայի մասին, որտեղ ոչ միայն ներկայացնում էին, որ տոլման ադրբեջանական է, այլեւ ֆիլմում հնչում էր «Սարի աղջիկը» որպես իրենց երաժշտություն, չնայած մի շարք թուրք գործիչներ ասել էին, որ այն հայկական է»

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031