Լրահոս
Օրվա լրահոսը

«Եզրափակիչ փուլ անցած 12 մասնակիցներից 10-ը ներկայացնում են Արցախի շրջանների դպրոցները». ԱՀ մարդու իրավունքների պաշտպան

Դեկտեմբեր 11,2017 16:21

Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտում ամփոփվել են 20-րդ դարասկզբի ականավոր իրավապաշտպան, գրող և հրապարակախոս Զաբել Եսայանի ժառանգությանը նվիրված և «Ինչու են մարդու իրավունքները կարևոր» խորագիրը կրող աշակերտական շարադրությունների երկրորդ մրցույթի արդյունքները:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, մրցութային հանձնաժողովի նախագահ Արման Թաթոյանը, ԱՀ կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը, մրցութային հանձնաժողովի անդամներ, հատուկ մրցանակներ սահմանած կառույցների ներկայացուցիչներ և այլոք: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ և ԱՀ մարդու իրավունքների պաշտպանները, Զաբել Եսայանի թոռը՝ ԵՊՀ դոցենտ Ալեքսանդր Եսայանը: Տեսաուղերձով ներկաներին ողջունեցին մրցույթի համակազմակերպիչ Ջուդիթ Սարյանը և մրցութային հանձնաժողովի անդամ, ԱՄՆ Հայ իրավաբանական միության խորհրդի անդամ Կարո Ղազարյանը:

Մրցույթի արդյունքներով առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մարատ Հայրապետյանը, երկրորդ մրցանակային տեղը` Շուշիի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լինա Միրզոյանը, իսկ երրորդ մրցանակային տեղը՝ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Սիրուն Գաբրիելյանը: Առաջին մրցանակային տեղը զբաղեցրած մասնակիցը պարգևատրվել է iPod պլանշետով, երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրած մասնակիցը՝ iPod պլանշետով, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը՝ TSD ընկերության տրամադրած ArmPhone բջջայինով:

Եզրափակչի մյուս 9 մասնակիցների համար հատուկ մրցանակներ են սահմանել Հայաստանի և Արցախի օմբուդսմանները, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, Արցախի առաջին մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը, Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը, «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամը, Հայկական հետազոտությունների ասոցիացիան (ԱՄՆ): Եզրափակչի մասնակիցները ստացել են նաև գրքեր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի, ԵՊՀ ռեկտորի, ինչպես նաև «Անտարես» հոլդինգի կողմից:

Մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են Թումո ստեղծարար կենտրոնի հայտարարած մրցույթում հաղթող դիզայնով շապիկներ, ինչպես նաև հուշանվերներ՝  Զ. Եսայանի ընտանիքի կողմից:

Հարկ է ընդգծել, որ այս տարի մրցույթի երկրորդ փուլ անցած 12 մասնակիցներից 10-ը Արցախի շրջանների դպրոցականներ են:

Միջոցառմանը ներկաները հնարավորություն ունեցան ունկնդրելու Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի սաների կատարումները:

Եզրափակիչ խոսքում Ռ.Մելիքյանը գոհունակությամբ ընդգծել է, որ մրցույթի աշխարհագրությունը մեծանում է, իսկ աշխատանքների որակը` բարձրանում: «Ուրախալի է, որ եզրափակիչ փուլ անցած 12 մասնակիցներից 10-ը ներկայացնում են Արցախի շրջանների դպրոցները», – նշել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը: Նա նաև խոստացել է, որ 2018թ. գարնանը մրցույթի եզրափակիչ փուլ անցած աշակերտների համար կազմակերպվելու է կարճատև ուսումնական այց Երևան:

 

ՄԻՊ աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031