Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի հայտարարությունները կարող են իրականանալ

Դեկտեմբեր 11,2017 16:49

«Մի խանգարեք տնտեսությանը, մի հովանավորեք տնտեսության առանձին ճյուղեր, որեւէ բարձրաստիճան պաշտոնյա իրավունք չունի տնտեսությամբ զբաղվելու, կտրեք դրանք, անկախացրեք, կտեսնեք, որ արդյունքը կարճ ժամանակի մեջ կեռապատկվի»,- սա «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հորդորն է նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին: Հորդորը նա առաջարկների տեսքով փոխանցել է վարչապետին:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով շաբաթ օրը նախագահի ունեցած ելույթին, որտեղ նա ասաց, թե մի քանի տարի հետո հասնելու ենք մեկ շնչին 10 հազար դոլարի չափով ՀՆԱ-ի, Սերգեյ Բագրատյանն ասաց, որ դա իրեն չի զարմացնում: Ինքը կարծում է, որ դա հնարավոր է, բայց`իր հորդորի կիրառման պարագայում միայն, քանի որ զարգացումը նա հնարավոր է համարում միայն ազատ տնտեսական մրցակցության պայմաններում: Ավելին, ինքը կարծում է, որ այդ դեպքում նաեւ բնակչության վերադարձ կարելի է ակնկալել. «Բոլորը կվերադառնան այդ ժամանակ: Հիմա նախադրյալներ չեմ տեսնում: Կառավարությունն ի վիճակի չէ ազատ տնտեսական մրցակցություն ապահովել, սա միանշանակ է: Երկրի բարձրագույն իշխանությունը նախագահի գլխավորությամբ պետք է որոշում կայացնի ու անցնի գործի՝ բացեն դաշտը, և երկիրը կկարգավորվի»:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, եթե իշխանությունը պատրաստ չէ «քաղաքականությունն ազատել», իսկ որ պատրաստ չէ, ինքը կասկած չունի, ապա գոնե տնտեսությունը պետք է ազատականացնի: Մինչդեռ, հիմա երկուսն էլ «կաշկանդված» են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031